ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆ ՈՒ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԸ
Տունը Պառավաքարում է, գյուղի միջնամասում: Կարմիր է, երկհարկանի, տուֆ քարով շարված: Օրը ամպամած է, բայց թվում է՝ տնից ջերմություն է տարածվում:
-Ուրախ տուն է,- ասում եմ Ռուբենին:
-Կարմիր գույնից է,- պատասխանում է տանտերը,- հայրս է կառուցել: Ես 6-7 տարեկան էի այդ ժամանակ ու տեսնում էի, թե ինչպես են տան պատերը օր օրի բարձրանում: Գրեթե ամբողջ կյանքս այս տանն եմ ապրել: Այստեղ իմ մանկությունն է, իմ պատանեկությունը…Այստեղ իմ տխուր ու ուրախ օրերն են, իմ բոլոր հույզերը: Այս տունն իմ ամենամոտ հարազատից էլ հարազատ է:
-Լավ տուն է կառուցել Ալադին ամին,- ասում եմ: Ալադին ամին Ռուբենի հայրն է: Անունը գյուղացիներից եմ իմացել, բայց այնպիսի տոնով եմ ասում, ասես՝ հազար տարի ճանաչում եմ:
Ռուբենը ժպտում է հոր անունը լսելիս:
-Հերս փափուկ մարդ է: Ե՛վ մանկության տարիներին, և՛ հիմա հորս բարձրաձայն խոսելիս չեմ տեսել: Հերս հազվադեպ էր քարոզ կարդում, նախատում կամ դիտողություն անում, բայց երբ սկսեր խոսել, պիտի լսեիր, ամեն բառը մեխում էր սրտիդ մեջ, որ չմոռանաս: Անհարկի խոսող չէր, դրա համար էլ՝ խոսքը հատու էր, ինքը՝ ազդեցիկ: Օրինավոր մարդ էր: Էդ մի բառի մեջ էնքան դրական հատկանիշներ կան, կարգուկանոն էր սիրում, տանել չէր կարող թափթփվածությունը, անգամ մանրուքների մեջ շեղում չէր հանդուրժում իր պատկերացրած ճշտից: Մարդիկ կան, ասում են՝ ես ու տղաս ընկերներ ենք, կամ ես իմ հոր հետ ընկերություն եմ անում: Բա ո՞ւր մնաց ավագության կարգը: Ես ո՞նց կարող եմ իմ հոր ընկերը լինել: Հերս ծառի բուն է, ես՝ նրա մի շիվը, հերս իմ սկիզբն է, իմ պարծանքը, իմ հեղինակությունը…Ես ո՞վ եմ, որ հորս ընկերը լինեմ: Ես էլ իմ տղաների ընկերը չեմ: Ավագ որդիս՝ Ալիկս, զինվոր է, մի ամսից կզորացրվի, 20 տարեկան է արդեն, նոր-նոր հետը մեծավարի զրույց եմ անում, կարծիք եմ հարցնում: Եթե կարողանամ հորս օրինավորությունն ու ճշտապահությունը փոխանցել զավակներիս, կմտածեմ, որ կատարել եմ իմ գործը`որպես հայր:
-Ալադին ամին տա՞նն է:
Ալադին ամիին տեսնելու մեծ ցանկություն ունեմ: Ո՞վ գիտի՝ ինչքան իմաստուն խոհեր կան գլխի մեջ: Կզրուցենք, կպատմի: Կլսեմ, կսովորեմ:
-Հերս խաղողի այգում է: Խաղողն ինքն է մշակում: Հետը ուտելիք է տարել, ուրեմն՝ երկար է մնալու այգում, գործ շատ կա: Որ աշնանը գաք, Ալադին ամիի խաղողից կուտեք, գինու համը կզգաք:
-Ես էլ հույս ունեի, որ բոլորիդ միասին կտեսնեմ նախաճաշին:
Ռուբենը չի քայլում, կանգնել, զարմացած նայում է դեմքիս:
-Ինչի ձեր Երևաններում ո՞ր ժամին եք նախաճաշում:
Ու առանց պատասխանի սպասելու շարունակում է:
-Մորիցս բացի տանը մարդ չկա: Հայրս խաղողի այգում է, կինս՝ մեր խանութում: Արենը՝ երևի ընկերների հետ, Ռոզան էլ մանկապատեզ է գնացել:
Շուրջբոլորը մրգատու ծառեր են՝ խնձորի, դեղձի, սալորի, տանձի, հոնի, սերկևիլի, նռան… Նույնիսկ արքայախնձոր կա այգում, որ, ի տարբերություն մյուս ծառերի, առատ պտղած է ու լավ բերք է խոստանում:
-Սիրուն, խնամված այգի ունեք, բա ինչո՞ւ ծառերի վրա պտուղ չկա, -հարցնում եմ ափսոսանքով, որովհետև իմ նախնիներն էլ են տավուշցի, ու պապիս այգում տարվա այս եղանակին ծառերը կքում էին պտուղների ծանրությունից:
-Առատ անձրևների պատճառով բերքը փչացավ,- ասում է Ռուբենն ու շոյում դատարկ ճյուղերը քամուն տված դեղձենու բունը: Այնպես գորովանքով է շոյում, ինչպես հիվանդին կշոյես:
-Էս տարի մառանը դատարկ է լինելու,- ասում է Ռուբենը:
Ես հիշում եմ իմ մանկությունը:
-Մեր գյուղի տների մառաններում ինչ ասես չկար ձմռան շեմին: Խաղողն ու տանձը կախված էին առաստաղից, մեկը՝ փայտի, մյուսը՝ թելի վրա շարված: Թղթի մեջ փաթաթված մրգերը կամ արկղերի մեջ էին, կամ նառերի վրա: Գինին տակառում էր, ղավուրման՝ պուլիկում, թթուն մեծ, էմալապատ կաթսայի մեջ: Պատերից տոպրակներով կախված էին չորացրած կանաչիները՝ ուրցը, երիցուկն ու դաղձը, կարմիր պղպեղը, լոբին ու սմբուկը:
-Ձեր գյուղը ո՞րն է,- հարցնում է Ռուբենը ընդգծված հարգանքով:
-Ես արտաշատցի եմ,- պատասխանում եմ նույնքան ընդգծված հպարտությամբ, մերոնք աշխատասեր ու հնարամիտ ժողովուրդ են, շատ կազմակերպված ու ստեղծող:
-Մենք էդ ասածներիցդ մենակ ղավուրմա չենք ունենում: Ամեն տարի Ամանորին մի խոզ ենք մորթում, մինչև գարուն միսը հերիքում է:- Ռուբենը ճամփան թեքում է դեպի ծաղիկները: Չքնաղ պատկեր է: Պես-պես ծաղիկներից միայն վարդի անունը գիտեմ, բայց սիրո՜ւն է:
-Մայրս է մշակում,- մոր անունը տալիս Ռուբենի ձայնը փափկում է մի տեսակ, աչքերի բարությունը շատանում է:
Հանկարծ կիսաբաց դռան ճեղքից ես նկատում եմ կախիչից կախված զինվորական համազգեստը:
-Ալիկի՞նն է…
Ռուբենը ուսերն է թոթվում:
-Ալիկը զինվոր է. Ալիկի համազգեստը մեր տանն ի՞նչ գործ ունի: Իմ համազգեստն է. ես պայմանագրային եմ, 2005 թվականից սահման եմ պահում …Գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ քո տունը սահմանից է սկսվում: Որ էս մոլորակի վրա դու քո բաժին սահմանն ունես, ամեն հայ իր բաժին սահմանն ունի պահելու: Հեշտ ու դժվար չկա, էդ է, մի՛ քննարկիր, Աստված մեզ էս հողի վրա է ստեղծել, ու էս հողի համար պիտի կռիվ տանք: Ու պիտի կյանք տանք, թե պետք լինի:
Անձրևը վարարել է: Ասես՝ երկնքից դույլերով ջուր են թափում այգու վրա: Ռուբենը աթոռը քաշում է ծածկի տակ ու նստում:
-Կարոտում եմ,- ասում է հանկարծ,- անցած տարիներն եմ կարոտում: Պատանեկությունս: Մեր ժամանակ ամեն ինչ ուրիշ էր, սերն էլ էր ուրիշ, ընկերությունն էլ, երազանքներն էլ: Մինչև տղան իր սիրած աղջկան ժամադրում էր, հոգին դուրս էր գալիս: Արգելված պտուղ էր՝ ցանկալի, քաղցր…Հիմա ինտերնետով իրար գրում են, մեկ էլ հոպ՝ հանդիպեցին: Հիմա ասում են՝ ժամանակը ոսկի է…
-Էդ միշտ էլ ասել են:
-Բայց հիմա էդ ոսկին ուղիղ իմաստով են հասկանում: …Մեր ոսկին ուրիշ էր: Մեր ոսկին մտերմություն էր, սեր էր, բարեկամություն էր, հավատարմություն էր…
Ալիկը շուտով կզորացրվի, մեկ ամիս էլ կծառայի ու տուն կգա: Բանակը շատ փոխեց տղայիս: Ասում է՝ պիտի մի մասնագիտություն սովորեմ, որ լավ աշխատանք գտնեմ: Անընդհատ աշխատելու մասին է խոսում: Իսկ բանակից առաջ ոչ մի նպատակ չուներ, ինչ առաջարկում էինք, դուրը չէր գալիս: Ճիշտը որ ասեմ՝ սկզբնական շրջանում ծառայությանն էլ չէր հարմարվում: Հետո հունի մեջ ընկավ, փոխվեց, լրջացավ: Տղայիս հրամանատարները շատ խիստ են, զինվորները մի վայրկյան պարապ չեն մնում, ու ճիշտն էդ է. բոլոր վատ մտքերը, վատ գործերը պարապությունից են ծնվում: 7 որդով չէ, բայց 7 հոգով էինք սեղան նստում ամեն երեկո ընթրելիս, երբ Ալիկը տանն էր: Շուտով կզորացրվի, ու ընտանիքս կամբողջանա: Հետո տղայիս կամուսնացնեմ, տանը երեխաներ կվազվզեն…Հայրս կնստի սեղանի գլխին, ես հորս մոտ կնստեմ՝ ինչպես կարգն է: Մյուսները, ըստ հարգի, կտեղավորվեն՝ մեծից փոքր: Ընտանիքը քո վաստակն է, քո պատիվը:
-Ռոզան ե՞րբ կգա մանկապարտեզից,- երեխա բառը լսելիս հիշում եմ, որ Ռուբենը փոքրիկ աղջիկ ունի:
-Իմ ուրախությունն է, ժամը 5-6-ի կողմերը տանը կլինի: Սևուկ է, սիրունիկ, հյուսերին՝ գույնզգույն ժապավեններ…
-Նկարը տեսա, Ձեզ է նման:
Ռուբենը փայլում է:
-Հա, ինձ է նման: …Հենց Ալիկի մասին խոսես, կասի՝ երգելու եմ, երբ Ալիկը բանակից գա:
-Թող Ալիկը զորացրվի, մի օր կգամ, սեղան կնստենք ձեր յոթ հոգանոց ընտանիքի հետ՝ կարգով ու հարգով: Ռոզան էլ կերգի,- խոստանում եմ ես հրաժեշտից առաջ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #24 (1489) 21.06.2023 - 27.06.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում