ՊԱՊԸ, ՈՐԴԻՆ, ԹՈՌԸ
Ռնդամալցի-ջրառատցի Գագիկ Մարտիրոսյանը կամ ինչպես ծանոթներն են կոչում՝ Մարտկի Կիրակոսի Էդոն, բանակ է ճանապարհում իր անվանակից թոռանը։
Տանն արտակարգ եռուզեռ է, հայրենասիրական երգն ու պարն է թնդում:
-Պատրաստություն ենք տեսել, բայց հատուկ հրավերք չենք արել՝ ով ցանկանում է, թող գա, զինվոր թոռանս բարի ճանապարհ մաղթի,- ասում է պապը,- հպարտությունս անսահման է, որովհետեւ բախտավորություն է հայրենի եզերքը պաշտպանելը, սեփական երկրի զինվոր լինելը…
Ռնդամալ-Ջրառատում Մարտիրոսյաններին բոլորն են ճանաչում ու բարի խոսքերով բնութագրում՝ պատվախնդիր, աշխատասեր մարդիկ են, համեստ, օգնության հասնող, սրտաբաց, իսկ հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը չափ ու սահման չունի, բացառիկ նվիրյալներ են…:
Ավագ Գագիկ Մարտիրոսյանն Արցախյան ազատամարտի մասնակից է, երկրապահ-կամավորական: 1988 թ. ավերիչ երկրաշարժի ժամանակ փրկարարական աշխատանքներին է մասնակցել, բազմաթիվ կյանքեր փրկել: Նրա անձնուրաց գործողությունների մասին այն ժամանակ թերթերում գրվեց, այդ օրերին նույնիսկ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը անդրադարձավ:
Զինակոչիկի պապի շքանշաններին, մեդալներին, պատվոգրերին ու շնորհակալագրերին թիվ ու հաշիվ չկա՝ «Աշխատանքային փառքի» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետ, «Անձնական խիզախության համար»…. ու այլ բազմաթիվ պարգևներին հետագայում ավելացել են նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար՝ «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան», «Հայաստանի երկրապահ» մեդալները:
90-ականերին, երբ վտանգվեց հայոց հողի անդորրը, Գագիկ Մարտիրոսյանը հայրենյաց պաշտպանների առաջին շարքերում էր: Համագյուղացիների հետ կազմավորեցին Ջրառատ-Ռնդամալի «Կայծակ Անդրեաս» կամավորական ջոկատը: Կռվել է նաեւ «Ալաշկերտ» ջոկատի կազմում:
-Մի սրտի չափ մնացած հողի համար անընդհատ պատերազմ է, կռիվ, ու հայի ամեն սերունդ իր բաժին պատերազմն ունի, անգամ՝ պատերազմները,- ազատամարտիկը ներկայացնում է իր գերդաստանի ոդիսականը, ու ավելի ես համոզվում՝ ամեն ընտանիք իր ազգի խտացած պատմությունն է արտացոլում:
-Պապս Դիլմանի ճակատամարտի մասնակից է, Անդրանիկի զինվորն է եղել, արիաբար կռվել է ու «Գեորգիևյան խաչ» ստացել: Հայրս էլ Մեծ հայրենականի թոհուբոհով է անցել, մեծ զորավարի՝ Հովհաննես Բաղրամյանի գնդում է ծառայել, վիրավորվել է գլխից: Հիշում եմ՝ հայրս ինչ ակնածանքով էր խոսում մարշալի մասին, անհուն հուզմունքով, հպարտությամբ նկարագրում էր այն պահը, երբ մարշալն իր զինվորին անձամբ այցելել էր տեսակցելու ու գոտեպնդել, հուսադրել էր՝ ամեն ինչ լավ կլինի, նորից շարք կվերադառնաս… Մեր սերունդն էլ անմասն չմնաց պատերազմից,- շարունակում է ազատամարտիկը,- մասնակցեցի ինքնապաշտպանական ու ազատագրական տարբեր մարտերի՝ Երասխավան, Վարդենիս, Նոյեմբերյան, Այգեպար, Ոսկեպար, Պառավաքար, Շահումյան, Էրքեջ… Հետո, ավելի ուշ, որդիս՝ Հովիկը, հայտնվեց կռիվների կիզակետում:
Հորից, պապերից պակաս քաջ ու խիզախ չէ Հովիկը. չորս քրոջ միակ եղբայրը 2016 թվականի ապրիլին Ռուսաստանից վերադարձավ քառօրյա մարտական գործողություններին մասնակցելու: Հովիկը մարտնչել է թեժ հատվածներում՝ Թալիշ, Մատաղիս…
44-օրյա պատերազմին էլ է մասնակցել Հովիկը, կռվել է «Սև հովազ» ջոկատում՝ Ռուստամ Գասպարյանի հրամանատարությամբ:
– 44-օրյա պատերազմի օրերին, երբ զինկոմիսարիատից զանգեցին, տեղեկացրին, որ տղես գնում է ռազմաճակատ, ասացի՝ հայրենիքն է կանչում, ուրեմն՝ պիտի գնա:
Գագիկն ինքն էլ, անտեսելով տարիք, առողջություն, որոշել էր միանալ ճակատ մեկնողներին, բայց տղան ընդդիմացավ՝ քո կռիվը կռվել ես, հիմա իմ հերթն է:
-Երկու պատերազմի եմ մասնակցել ու տեսել եմ մեր զինվորների կռվելու վճռականությունը,- հպարտությամբ նշում է Հովիկը,- քաջերի պակաս չունենք, նորաթուխ զինվորները մարտի դաշտում կռվում էին մարտերում թրծվածի խիզախությամբ, իսկ ավագներիս ներկայությունից ավելի էին ոգևորվում, առյուծ կտրում…
-Ծնողներիս մեկն ասել էր՝ ինչի՞ է տղադ գնում պատերազմ՝ անուն հանելո՞ւ, փառքի համա՞ր,- մի փոքր նեղսրտած սիրտն է բացում Հովիկը:- Մեզ ո՛չ անուն է պետք, ո՛չ փառք, մեզ հայրենիք է պետք՝ հզոր, պաշտպանված ու մեզնից ամեն մեկը պիտի գիտակցի, հասկանա, որ մեր տեսակը, մեր ինքնությունը, մեր գոյը պահել-պահպանելու համար նախ պիտի ազգի նվիրյալ զինվորը լինել:
***
Հովիկի որդին՝ Գագիկն այսօր հայրենիքի զինվորը դարձավ: Կենտրոնական հավաքակայանում հանդիպում ենք նրան:
-Մեր տանը հաճախ են հավաքվում պապիս, հայրիկիս մարտական ընկերները, ու ես անհագ հետաքրքրությամբ միշտ լսում էի նրանց հերոսական պատմությունները ու երազում էի ես էլ իրենց նման մի օր կանգնեմ սահմանին…
Մարտկի Կիրակոսի Էդոյի անվանակից թոռը՝ կրտսեր Գագիկն արդեն զինվոր է, հիմա իր հերթն է գրելու հայրենյաց պաշտպանի սեփական կենսագրությունը…
Խրատ-խորհուրդներ ավագները չեն տվել, իրենց ապրած կյանքն ու արած գործն ինքնին արդեն դաստիարակիչ են, հազար խորհրդից զորեղ, բայց բանակ ճանապարհելիս պատվիրել-պատգամել են՝ հաղթանակով կգաս ու խաղաղություն կբերես…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ և ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԵՐԻ անձնական արխիվի
Խորագիր՝ #25 (1490) 28.06.2023 - 04.07.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում