Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳՈՒ ԵՐԳԸ



ՀՈԳՈՒ ԵՐԳԸԵրբ գնաս Ոսկեվան, քեզ առաջինը կդիմավորի «Տարածքը դիտարկվում է» ցուցանակը: Տագնապդ մեղմելու համար մոտեցիր փողոցում խաղացող երեխաների խմբին, կանգ առ, լսիր նրանց զրնգուն ձայները, անհոգ ծիծաղն ու հարցրու, թե ինչ են դառնալու, երբ մեծանան: Տղաները կասեն՝ զինվոր, աղջիկները կասեն՝ բժշկուհի, ու կավելացնեն՝ որ բուժեմ վիրավոր զինվորներին: Ու եթե այսքանից հետո սրտիդ մեջ թեկուզ մի կաթիլ վախ մնա, նայիր շուրջդ: Ու ինքդ քեզ խոստովանիր, որ դրախտը հենց էս պատկերն ունի:

Կանաչ, երկնամերձ բլուրների լանջին, ծառ ու ծաղկունքի մեջ փռված շենը իր ոլորանման փողոցներով քեզ կտանի դեպի սպիտակ եկեղեցին: Ու թե ինչ-որ մեկը ժպտալով ասի, որ այս բարձունքից աղոթքներն ավելի արագ են հասնում Տիրոջը, հավատա: Եկեղեցի մտնելիս բոլոր վախերդ, կասկածներդ, երկվություններդ թող դրսում, հավատա, որ Աստված այս քարակոփ հրաշքը ոչ թե որպես փորձություն, այլ որպես շնորհ է տվել քեզ:

Գյուղի ծայրին, անտառին կպած մի տուն կա: Եթե պատշգամբից նայես, գյուղի համայնապատկերը կբացվի աչքիդ առաջ իր ողջ գեղեցկությամբ՝ անտառներով, ամեհի ձորով ու մեծադիր Խաչով, որ երևում է գյուղի բոլոր կողմերից:

-Երբ ես փոքր էի, անտառը երգում էր գիշերը,- ասում եմ երիտասարդ կնոջը՝ Քնարիկին: Երկու օր առաջ նրա միակ որդուն՝ Արմանին, զորակոչել են, ու ես մտածում էի, որ կինը եթե ոչ տխուր, ապա առնվազն մռայլ է լինելու, իսկ նա ժպտում է պայծառ:

-Անտառը հիմա էլ է երգում,- ասում է,- Ոսկեվանն իմ ծննդավայրը չէ, բայց անտառի երգը իմ հոգուն էլ է հարազատ:

Երբ առաջին անգամ եկա Ոսկեվան, ես ու Ադամը նշանված էինք: Ադամենց ընտանիքը մեծ էր: Ադամի տատը՝ մեր բաբոն, ծնողները, քույրն ու եղբայրը, նրանց միացա նաև ես, դարձանք 7 հոգի, հետո ծնվեցին երեխաներս՝ աղջիկս՝ Ասպրամը, ու տղաս՝ Արմանը:

ՀՈԳՈՒ ԵՐԳԸԲաբոն մեր ընտանիքի հոգին էր: Մինչև վերջ շերեփը չզիջեց ոչ մեկին: Շատ համեղ էր պատրաստում: Ես ծաղկաձորցի եմ ու տավուշյան շատ ճաշատեսակներ առաջին անգամ բաբոյի ձեռքից եմ ճաշակել՝ կոնչոլը, ձվով եղինջը…Ամուսինս ասում է՝ բաբոյի մահից հետո համով ճաշ չեմ կերել: Ինչքան էլ ջանում ենք, չենք կարողանում բաբոյի պես համեղ պատրաստել: Բաբոյի պես պատրաստելու համար նրա անցած ճանապարհը պիտի անցնես, նրա սրտի մեծությունը պիտի ունենաս, իմաստնությունը, բարությունը: Բաբոն մեր ընտանիքի սիրո շաղախն էր: Առավոտյան բոլորս միասին նախաճաշում էինք, հետո ես, սկեսրայրս ու սկեսուրս գնում էինք դպրոց: Սկեսրայրս պատմություն էր դասավանդում, ես՝ հայոց լեզու, հայ գրականություն ու հայ եկեղեցու պատմություն, սկեսուրս դպրոցի գրադարանավարուհին էր:

…Անասուններ ունեինք՝ կովեր, ոչխարներ, խոզեր, հավեր… Մեծ այգի, որտեղ ինչ միրգ ասես չկար: Օրնիբուն աշխատում էինք ու չէինք հոգնում, որովհետև մեր ընտանիքում սեր կար, խաղաղություն, փոխըմբռնում, երազանքներ:

Ով մեկ անգամ մտել է մեր տուն, հաստատ տեսել է ամուսնուս եղբոր՝ Արմանի մեծադիր լուսանկարը: Նա զոհվել է 19 տարեկանում հայրենիքի սահմանը պաշտպանելիս: Սկեսուրս՝ Ջեմման, ժպտուն, լուսավոր կին է: Երբ նոր էինք ամուսնացել, զարմանքով տեսնում էի, որ սկեսուրս ամեն առավոտ իր բարձը դնում է արևի տակ: Մի օր էլ սիրտ արի ու հարցրի: Ասաց՝ ես իմ վիշտը միայն բարձին եմ պատմում: Ես ցնցվեցի. ինչքան մեծ սիրտ պիտի ունենաս, ինչքան պիտի սիրես հարազատներիդ, որ գիշերը բարձը թրջես արցունքներով, իսկ առավոտյան ժպտուն աչքերով բարի լույս ասես բոլորին:

Տղայիս զոհված հորեղբոր անունով կոչեցինք: Փոքր տղա էր, երբ առաջին անգամ հարցրեց հորեղբոր մասին: Ես պատմեցի: Առաջին անգամ տղաս լսեց Հայրենիք բառը: Հետո երկու Արմանների միջև սկսվեց մի արտասովոր «մտերմություն»: Տղաս փազլի պես «հավաքում էր» հորեղբոր կերպարը: Այդ կերպարով էլ դաստիարակվեց: Հորեղբոր նման զենք էր սիրում: Ինքն իրեն նախապատրաստում էր բանակին: «Ողջ մնալու արվեստը» խմբի ակտիվ անդամներից էր, դասակի հրամանատար էր դարձել:

Մի օր, երբ սովորականի պես կրակում էին, Արմանս՝ դպրոցական երեխա, պատշգամբում էր: Ձայնագրում էր կրակոցների ձայները, հետո պապը լսում էր ու ասում, թե ինչ զինատեսակից են կրակել: Հանկարծ տղաս վազելով ներս մտավ ու ուսը ցույց տալով՝ ասաց, որ ուժեղ հարված ու ցավ է զգացել: Արտաքուստ ոչինչ չէր երևում, բայց տղաս պահ առ պահ սփրթնում ու թուլանում էր: Արագ հասցրինք հիվանդանոց: Պարզվեց, որ դիպուկահարի գնդակը մխրճվել է ուսը, ծակել թոքն ու մնացել թիկունքի հատվածում: Բժիշկները փրկեցին տղայիս կյանքը: Այդ դեպքից հետո ես վախենում էի գյուղ վերադառնալ, բայց երբ տղայիս առաջարկեցի տեղափոխվել Երևան, ասաց՝ ոչ ոք, ոչ մի զենք, ոչ մի ուժ չի կարող ինձ զրկել սեփական գյուղում ապրելու իրավունքից: Ու տուն գնաց: Թվում էր՝ պիտի վախենար այդ դեպքից հետո, բայց ավելի համարձակ դարձավ, ավելի շատ սիրեց իր գյուղը:

Զինկոմիսարիատում բոլոր բժիշկներին հավատացրեց, որ ամուր առողջություն ունի: Եթե դուք տեսնեիք տղայիս, կհասկանայիք, թե ինչու իմ սրտում ոչ մի կաթիլ տագնապ չկա: Նրա խանդավառությունը, ուրախությունը, ոգևորությունը այնքան մեծ են, որ փոշիացնում են բոլոր վախերս: Արմանի բանակի քեֆին ես բոլորից շատ եմ պարել: Արդեն երկու օր է՝ զորամասում է: Եթե մեր հեռախոսային խոսակցությունը լսես, քեզ կթվա՝ հանգստյան տնից է զանգում: Ես իրավունք չունեմ տխրելու, երբ տղաս ուրախ է: Ինքս ինձ ասում եմ՝ դու զինվորի մայր ես, որ ձիգ մնամ:

Սահմանապահ Ոսկեվանի համայնապատկերը Օհանյանների տան պատշգամբից այնքան խաղաղ է ու գեղեցիկ, որ ոչ մի կերպ չես կարողանում հավատալ, որ երբևէ այս անդորրը խաթարվել է, և անգամ սեփական տան պատշգամբում նստելը եղել է վտանգավոր: Այս պատերի ներսում կյանքը հոսում է իր բնականոն հունով: Բաբոն արդեն չկա: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված Արման Օհանյանի մայրը հիմա ազգային բանակի զինվոր Արման Օհանյանի տատիկն է, ու երբ թոռը զանգում է զորամասից, հոգին լցվում է խինդով: Այստեղ օդի մեջ ինչ-որ անբացատրելի իիզախություն կա, որ համակում է քեզ: …Ու ակամա մոռանում ես գյուղաբերանի դեղին պաստառը, որը քեզ զգուշացրել էր՝ տարածքը դիտարկվում է: Դու անտառի երգն ես լսում այդ պահին: Դա ոսկեվանցու հոգու երգն է, որը ոչ մի ուրիշ տեղ չես գտնի:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #25 (1490) 28.06.2023 - 04.07.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


03/07/2023