ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Իր ամբողջ գիտակցական կյանքը Հայոց բանակին, հայրենիքին ու իր զինվորներին նվիրած հրամանատարը՝ փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանը, այն նվիրյալներից էր, ում համար մեր երկիրն ու պատմությունը ճանաչելը սրբազան պարտք էր: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին կրկին պատերազմ սանձազերծեց Արցախի ու Հայաստանի դեմ, Արա Շահբազյանը կրկին առաջին գծում էր, ոչ թե զինվորների կողքին, ինչպես գրում են սովորաբար, այլ գնում էր առջևից, ինչպես իսկական հրամանատար: Նրա համար թանկ էր ամեն մի զինվորի կյանքը, և ինքն էլ մինչև կյանքի վերջին վայրկյանը կռվեց հերոսաբար:
Փոխգնդապետ Արա Շահբազյանի մասին դեռ պատմելու են, ավելի շատ բաներ ենք իմանալու հերոս հրամանատարի մասին: Բայց եղած փաստերն էլ բավական են, որ հերոսների հավերժության լուսամատյանում ընդմիշտ գրվի նրա անունը, ում համար զինվորականի պատիվն ու ազգի արժանապատվությունը վեր էր ամեն ինչից:
Ծնվել է 1982 թվականի հուլիսի 25-ին Վայքում:
Ուներ 22 տարվա զինվորական փորձ: Սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ծառայել է տարբեր զորամասերում՝ զբաղեցնելով դասակի, վաշտի հրամանատարի պաշտոնները:
2011-2018 թթ. ընտանիքի հետ ապրել և ծառայել է Ջրականում՝ զբաղեցնելով գումարտակի շտաբի պետի, զորամասի օպերատիվ բաժանմունքի պետի պաշտոնները: Մասնակցել է 2016-ի ապրիլյան մարտական գործողություններին:
2019 թ. մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայում՝ Ժուկովի անվան ակադեմիայում: Երբ սկսվեց պատերազմը, առանց վարանելու մեկնեց Ջրական:
44-օրյա պատերազմի ժամանակ հրամանատարը դարձյալ առաջին շարքերում էր: Կռվելով ամենաթեժ մարտերում՝ իր անմահության ուղին բռնեց հոկտեմբերի 12-ին:
Արա Շահբազյանին ճանաչողները գիտեն, որ նա հերոս էր ոչ միայն պատերազմի դաշտում, այլեւ կյանքում էլ՝ որպես զինվորական, ապրում էր մեր ազգային-ազատագրական շարժումների մարտիկների ու զորավարների թողած գաղափարներով: Ուզում էր, որ առաջին հերթին ի՛ր երեխաները մեծանան ազգային, հերոսական գաղափարներով: Նրա համար գոյություն ունեին գերագույն արժեքներ՝ Հայոց բանակ, Հայրենիք ու Ընտանիք:
Մենք ապրեցնելու ենք մեր հերոսներին, որ ապրի ազգը:
Մեր բոլոր ժամանակների պատերազմներում անմահացած հերոսների շարքում սերունդներին ենք փոխանցելու նաև հրամանատար Արա Շահբազյանի անունն ու սխրանքը…
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #25 (1490) 28.06.2023 - 04.07.2023, Ճակատագրեր