Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱՏԱՐ ՄՆԱՑԻՆ ԲԱԶՈՒՄ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ



ԱՆԿԱՏԱՐ ՄՆԱՑԻՆ ԲԱԶՈՒՄ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ…Ասատրյանների տանն ամեն օր Հենրիկի կատարումներն են հնչում…թևածում են օդում, միաձուլվում կարոտին, թախիծին, հպարտությանն ու բարձրանում երկինք…

Հենրիկ Ասատրյանը ծնվել է 2001թ. ապրիլի 20-ին, Գյումրի քաղաքում: Սովորել է թիվ 41 միջնակարգ դպրոցում, ավարտել այն և ընդունվել Իմպրոռիթմ արվեստի ակադեմիայի վոկալի բաժինը: Հենրիկն ապրում էր երգով: Նրան մանուկ հասակից գրավել էր երգի, երաժշտության զարմանահրաշ աշխարհը: Նա իր գեղեցիկ ձայնով հուզում էր բոլորի սրտերը, տեղափոխում նրանց մի ուրիշ աշխարհ, որն ինքն էր ստեղծել: Անսահման սերը դեպի մայրն ու հայրենիքը հորդում էր Հենրիկի կատարումներում: Ավարտելով ակադեմիան՝ 2019 թ. ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալի բաժինը և ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվում է ՀՀ զինված ուժեր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ուսումնական զորամասում անցնելով ականանետորդի դասընթացներ՝ կրտսեր սերժանտի կոչումով Հենրիկը ծառայությունը շարունակում է Արցախ աշխարհի Թալիշ գյուղում՝ ստանձնելով դիրքի ավագի պարտականությունները: Այդ համեստ ու խելացի պատանին վայելել է ծառայակիցների սերն ու հարգանքը, ծառայել է բարձր պատասխանատվությամբ…

…2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան մարտական տագնապով արդեն հենակետում էին: Հենրիկն անձնվիրաբար մարտնչել է, ոչնչացրել թշնամու զինտեխնիկա՝ պատճառելով նաև մարդկային կորուստներ: Կռվել է երգելով, քաջալերելով զինակից ընկերներին: Կռիվներից մեկի ժամանակ էլ թշնամու դավադիր գնդակը խոցում է Հենրիկին՝ անկատար թողնելով նրա բազում երազանքները…

Ծնողները՝ Աշոտ և Անահիտ Ասատրյանները, կարոտն ու թախիծը հոգու մի անկյունում պահած, հպարտությամբ են պատմում որդու մասին: Հենրիկի անավարտ գործը քույրն է շարունակում՝ Մոնիկա Ասատրյանը: Նրա կատարումների ելևէջները լցված են Հենրիկով, ստեղծագործությունների մեջ եղբոր շունչն է, նրա լուսավոր կերպարը: Այդ կատարումները ապրեցնում են ծնողներին և վառ պահում Հենրիկ Ասատրյան հայորդու հիշատակը:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԻՆՅԱՆ

 

Խորագիր՝ #26 (1491) 05.07.2023 - 11.07.2023, Ճակատագրեր


10/07/2023