ԱՐՏԱՇԱՏՑԻ ԱՐՄԱՆԸ
Արևը, որ քիչ առաջ անխնա այրում էր, հանկարծ թաքնվում է լեռան թիկունքում, ու մուգ կապույտ ամպերը ծածկում են երկինքը:
-Անձրև է գալու,- ասում է Արմանը: Նա այս դիրքը պաշտպանող պայմանագրայիններից մեկն է: Արարատի մարզի Մխչյան գյուղից է եկել, հայրը, մայրը, կինն ու երկու երեխաները գյուղում են, ինքը՝ Տավուշում: Սահմանին: Դիրքի բարձունքից գյուղերը երևում են, ասես ափիդ մեջ: Ու որքան վերևում մութը խտանում է, ներքևում լույսերը շատանում են:
-Աննման տեսարան է,- ասում եմ Արմանին,- սիրուն-կոկիկ տներ, փարթամ այգիներ… Հոգիդ մի տեսակ խաղաղվում է:
-Խաղաղությունից լավ բան չկա: Ես փոքրուց կռիվ չեմ սիրել: Հիմա կասես՝ բա զենքն ինչի՞ համար է ձեռքիդ: Պատասխանեմ՝ կռվի ճամփան փակելու համար:
Արմանն ավտոմատը հանում է ուսից, հենում պատին:
-Երկու երեխա ունեմ, մեծս տղա է՝ Վազգենս, 10 տարեկան է, փոքրս աղջիկ է, անունն Անիչկա եմ դրել, տատիս անունն է: Շատ էի սիրում տատիս: Առանց մեծերի և՛ տանդ, և՛ սրտիդ մեջ ահագին դատարկ տեղ է մնում:
Սահմանապահի անկեղծությունը տրամադրում է:
-Ես էլ եմ արտաշատցի,- ասում եմ:
Արմանը ժպտում է լայնաշուրթ: Աչքիս առաջ հայացքը փափկում է, ասես մանկանում: Նստում է գետնին, մեջքով հենվում գետնատնակի դռանն ու հարցնում.
-Դե ասա՝ Արտաշատի ի՞նչն ես սիրում ամենից շատ:
Հարցը լսելուն պես մտապատկերիս մեջ արթնանում են մեր դաշտերը:
-Անծայրածիր խաղողի այգիներն եմ սիրում՝ արևի շողերը վրան, հազարավոր միջատների բզզոցով ու հազարավոր ծաղիկների բույրով լեցուն:
-Իսկ ես՝ մաքուր, սառը առուն, որտեղ լողանում էինք տղաներով, երբ արևը խանձում էր կեսօրին…
-Դպրոցի այգուց գողացված ցոգոլի տտիպ թթվաշությունը…
-Գողություն անել չի կարելի,- ասում է Արմանն ամենայն լրջությամբ, ու մենք ծիծաղում ենք:
-Հորս պես ասացի: Երբ փոքր էի, հայրս էդպես էր խրատում ինձ ու ավագ եղբորս՝ Արտակին: Կանանց ու անչափահասների գաղութում տեսուչ էր, ատում էր հանցանքն ու անօրինությունը: Ժամերով խոսում էր մեզ հետ, բացատրում էր կյանքի լավն ու վատը: Պիտի ազնիվ լինես՝ ասում էր: Պիտի հարգես մեծերին: Պիտի օգնես կարիքավորներին: Պիտի սիրես ընտանիքդ: Պիտի սիրես հայրենիքդ: Պիտիների երկար շարքում միայն հայրենիքը սիրելն էր անհասկանալի ինձ համար: Ի՞նչը պիտի սիրեմ, ո՞նց պիտի սիրեմ…
-Բա ե՞րբ հասկացար:
-Բանակում: Ես Արցախում եմ ծառայել: Հակառակորդը կանգնած էր մի քանի քայլ հեռու: Հրամանատարն ասում էր՝ էս հողը մեր կյանքից թանկ է: Երկար չէր ճառում, սիրուն բառեր չէր ասում, բայց մենք անմիջապես համաձայնում էինք:
-Ինչո՞ւ:
-Պոստում կանգնած՝ ես անընդհատ մանկությունս էի հիշում, վաղուց մոռացված դեպքեր. որը՝ հետաքրքիր, որը՝ սովորական: Հարազատներիս էի հիշում, ընկերներիս… Ու ժպտում էի՝ ինձնից անկախ: Պոստում կանգնած՝ ժպտում էի: Ու չէի մրսում, ինչքան էլ ցուրտ լիներ:
…Երբ մտածում էի, որ կարող եմ կորցնել այդ ամենը, հասկանում էի, որ աշխարհում կյանքից թանկ բաներ էլ կան:
Իմ մանկության մեջ լիքը կիսատ-պռատություն կար: Շատ բան ցանկացել ու չեմ ունեցել, բայց երեխան մեծից տարբերվում է նրանով, որ երազում է՝ առանց հաշվի առնելու իր հնարավորությունները:
-Դու ի՞նչ էիր երազում:
-Մտածում էի, որ ատամնաբույժ կդառնամ ու դաշնամուր կնվագեմ: Ոչ մեկը իրականացավ, ոչ մյուսը: Ես հավատում եմ ճակատագրին. կյանքը քեզ տանում է իր ուզած ճանապարհով, ու քո խնդիրն էն է, որ ինչ փորձության էլ հանդիպես, ինչքան էլ դժվար լինի, մարդկային որակներդ չկորցնես՝ չխաբես, անտարբեր չդառնաս, ուրիշի բաժինը չխլես, ունեցածդ ինչքան էլ քիչ լինի, չունեցողի հետ կիսել կարողանաս: Մի խոսք կա, ասում են՝ հողից հաց քամել: Հողից ինչ ասես կարող ես քամել, մինչև անգամ՝ հարգանք ու պատիվ: Ես մինչև բանակ գալս հողագործ էի: Երբ հողի հետ ընկերացա, ինձ ապահով զգացի ու որոշեցի ընտանիք կազմել:
-Ե՞րբ ես ամուսնացել:
-11 տարի առաջ: …Կինը պիտի լռել կարողանա: Եթե կինը կարողացավ լռել, ընտանիքը չի քանդվի:
-Միայն լռելով կլինի՞…
-Համ էլ պիտի աշխատասեր լինի ու հարգի ամուսնու ծնողներին: Ես գտա էդպիսի աղջկա, ու հիմա խիղճս հանգիստ է. գիտեմ, որ ընտանիքս ապահով ձեռքերում է, տունս կանգուն կմնա, ինչ քամիներ էլ փչեն:
-Բա ո՞նց եղավ, որ եկար բանակ, պայմանագրային դարձար:
– Զինվոր ժամանակ ծառայությունը շատ եմ սիրել: Բանակի կարգուկանոնը, համազգեստը, զենքերը, սահման պահելն իմ սրտով էին, իմն էին: Բայց ամենակարևորն էդ չէր: Բանակում առաջին անգամ մի բան զգացի… էն, որ ես պետք եմ: Հասկանում ես, պետք եմ, կարևոր եմ: Էն էլ ո՞ւմ եմ պետք՝ հայրենիքին: Զորացրվելուց հետո էդ զգացողությունը չկրկնվեց: Ես էդ զգացողության հետևից եկա բանակ:
Մութը թանձրանալով իջնում է լեռն ի վար: Գետնատնակի պատուհանները լուսավորվել են: Սահմանապահ տղերքը ներսուդուրս են անում աշխույժ: Բոլորի դեմքին ժպիտ կա ու ինչ-որ բան, որ և՛ ինքնավստահություն է, և՛ ուժ, և՛ վճռականություն: Ձեռքով կանչում են Արմանին.
-Սուրճը սառեց:
-Ամսվա կեսն էս ընտանիքիս հետ եմ, կեսը՝ մյուս: Դիրքում իմ տունն եմ կարոտում, տանը՝ իմ դիրքը:
-Արմա՛ն, դու երջանի՞կ մարդ ես,- հարցն անսպասելի է ծնվում: Կամ գուցե այն մեր զրույցի տրամաբանական շարունակությունն է: Ու ես հենց այս հարցի պատասխանն էի որոնում:
-Հա՛,- անմիջապես պատասխանում է Արմանը:
-Ինչո՞ւ:
– Որքան էլ ընկերներս կանչել են, մեծ-մեծ խոստումներ են տվել, օտար երկիր չեմ գնացել, փողի հետևից չեմ վազել, իմ Հայաստանում, իմ հայրենակիցների կողքին անցնում եմ բոլոր դժվարությունների միջով, որ երեխաներս չպոկվեն իրենց հողից, որ ծննդավայրի հետ կապը չկտրվի:
Պատմելու հետ ծալում է ձախ ձեռքի ճկույթը. ինչ-որ բան է հաշվում:
– Կամավոր եկել եմ սահման, զենքով պաշտպանում եմ Հայրենիքս: Հպարտանալու տեղ ունե՞մ, թե՞ չէ:
-Ունես,- ասում եմ:
-Էս էլ քեզ՝ երկու հպարտություն: …Երբ տուն եմ գնում, տղաս ու աղջիկս իրարից խլում են զինվորական գլխարկս, որ դնեն իրենց գլխին: Մենակ տեսնես, թե տղաս ինչ հիացմունքով է նայում համազգեստիս: Էս էլ քեզ՝ երեք հպարտություն:
Արմանը, մատները ծալելով, հասել է ցուցամատին:
-Կուզե՞ս՝ տղադ հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը ընտրի, երբ մեծանա:
-Հայրենիքի պաշտպանությունը մասնագիտություն չէ, պարտք է,- բանաձևում է դիրքապահը,- տղայիս ասել եմ՝ ուզում ես ֆուտբոլիստ դառնաս, շատ լավ, դարձիր… բայց որ պահին Հայրենիքը կանչեց, գնդակդ կթողնես ու կվազես սահման:
Ես ուզում եմ հիշեցնել, որ հպարտությունների շարքը կիսատ մնաց, բայց Արմանն անսպասելի հարցնում է.
-Մարդն ինչի՞ համար է ապրում…
Ես թոթվում եմ ուսերս.
-Դու գիտե՞ս…
-Մեր կողմերում ասում են՝ մարդուց անունն է մնում: Ես արտաշատցի Արմանն եմ ու չեմ ուզում, որ իմ անվան վրա բիծ լինի: Իմ անունը հաստատ ինձնից երկար է ապրելու. հիշելու են, խոսելու են… Ուզում եմ՝ անունս պատվով ապրի:
Ես, այնուամենայնիվ, որոշում եմ շարունակել կիսատ մնացած զրույցը.
-Հպարտություններիդ մասին էիր պատմում:
-Հավատարիմ կին ունեմ, ամենակարևորը՝ ծնողներիս հարգն իմացող: Էս էլ քեզ՝ չորս հպարտություն: Եթե տղամարդը հպարտանալու բան ունի, ու եթե նրանով հպարտանում են, ուրեմն՝ երջանիկ է:
-Ես էլ եմ հպարտանում քեզնով,- ասում եմ ի սրտե:
-Մի՛ ճոխացրու:
-Էնքան ուրախ եմ, որ արտաշատցի ես, որ երկուսս էլ նույն հող ու ջրից ենք:
Արմանն անսպասելի ոտքի է կանգնում ու ավտոմատը գցում ուսը:
-Անձրևն ուժեղացավ: Համ էլ տղերքը սպասում են, պիտի գնամ,- ասում է:
Մտածում եմ՝ իմ գովեստից է խուսափում: Բայց շուրթերի անկյուններում զսպված ժպիտ կա, աչքերի մեջ՝ փայլող ուրախություն:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #26 (1491) 05.07.2023 - 11.07.2023, Բանակ և հասարակություն