ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 17-18-ը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին։
Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նահանգային գործընկերության շրջանակներում Հայաստան-Կանզաս համագործակցության ներկա մակարդակը և զարգացման հեռանկարները, ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Նույն օրը տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հանդիպումը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Գիորգալասի և Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ։
Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։