ՋԱԽՋԱԽՎԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԱԹՍ-Ն
Իսրայելի ռազմաօդային ուժերի և «Տաասիյա Ավիրիտ» կոնցեռնի համատեղ զորախաղերի ժամանակ ջախջախվել է աշխարհում ամենամեծ «Էյթան» անունը կրող ռազմավարական հետախուզության անօդաչու թռչող սարքը: Թևերի 26 մետր բացվածք ունեցող հսկան, որի չափերը համադրելի են Boeing 737 մարդատար ինքնաթիռի հետ, նախատեսված էր մինչև 13 կիլոմետր բարձրությունում 36 ժամ շարունակ աշխատելու համար, և, համաձայն արևմտյան լրատվամիջոցների պնդումների, բացի դիտարկման ու հետախուզական աշխատանքներից, իրականացնում էր ցամաքային և օդային ուժերի գործողությունների ներդաշնակում, շրջափակում հակառակորդի կապը, և կարողանալով օդ բարձրացնել մինչև 1 տոննա բեռ` սպառազինությունում ուներ նաև ծանր հրթիռներ: Նրա գոյությունը գաղտնի էր պահվում, և սկզբնապես հաղորդվել էր, թե ռազմաբազայի մոտ գյուղատնտեսական նշանակության ինքնաթիռ է ջախջախվել: Ականատեսների վկայությամբ, թռիչքից կարճ ժամանակ անց ԱԹՍ-ն սկսել է կտրուկ իջնել, ապա նրանից պոկվել է աջ թևը, ինչից հետո «Էյթան»-ը բախվել է գետնին: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: «Էյթան»-ի բեկորները հայտնաբերվել են ռազմաօդային ուժերի Տել-Նոֆ բնակավայրի մոտ գտնվող ռազմաբազայի մերձակայքում:
Ստեղծվել է վթարի պատճառները քննող կառավարական հատուկ հանձնաժողով: Արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին թե, օդային աղետի պատճառը եղել է «մարդկային գործոնը»՝ ԱԹՍ-ի օպերատորի սխալ հրահանգը, ինչն Իսրայելի բանակին կարժենա մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական