ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Ռազմական բուժանձնակազմների իրականացրած աշխատանքի որակն ու արագությունը ուղիղ համեմատական են մարտադաշտում վիրավորված զինծառայողների կյանքի պահպանությանն ու փրկությանը: Ուստի ապագա ռազմական բժիշկների գործնական հմտությունների մշակումը, զորավարժությունների արդյունքում արագ կողմնորոշվելու, դաշտային պայմաններում վիրավորներին տեսակավորելու և որակավորված բուժօգնություն տրամադրելու հմտությունների ձեռքբերման կարևորությունն անգնահատելի է:
Զորավարժության մեկնարկը տրված է։ Ռազմաբժշկական ֆակուլտետի ավարտական կուրսերի կուրսանտներն ու բժիշկ-ինտերններն անցնում են երկշաբաթյա ճամբարային հավաքի ավարտին անցկացվող զորավարժության պլանով առաջադրված խնդիրների իրականացմանը։
-Ճամբարային հավաքի հիմնական նպատակը ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների և ինտերնների դաշտային պայմաններում գործնական հմտություններ ձեռք բերելն է,- ասաց ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Վարդան Ծատուրյանը, որ տեղում ուշիուշով հետևում է զորավարժության ընթացքին:-Հիմնականում ուշադրություն ենք դարձրել մարտավարամասնագիտական դասընթացների խորացված ուսումնասիրությանը, դաշտային պայմաններում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուն, որոնք և կամրագրվեն այս զորավարժության միջոցով:
Ռազմաբժշկական ֆակուլտետի բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի պետ, փոխգնդապետ Գոռ Վարդանյանն էլ ավելացրեց.
-Զորամասի բուժկետի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ մենք բազմաթիվ գործնական դասընթացներ ենք անցկացնում լսարաններում, հարմարեցված պայմաններում, համալսարանի շրջանակում: Լսարանային պայմաններում ձեռք բերված գիտելիքները չնայած ամուր են, մնայուն, սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանց գործնական ամրապնդումը լավագույն արդյունք է ապահովում: Այդ իսկ պատճառով նման դաշտային զորավարժությունների կազմակերպումն ու անցկացումը չափազանց կարևոր են:
Պայմանական մարտի դաշտում գործողությունները զարգանում են կայծակնային արագությամբ: Պատերազմականին առավելագույնս մոտեցված պայմաններում ռազմական բժիշկները հղկում ու կատարելագործում են արագ կողմնորոշվելու, վիրավոր զինծառայողներին տարհանելու, առաջադրված խնդիրները օպերատիվ լուծելու ունակությունները։ Զորավարժության սցենարի համաձայն՝ մարտական գործողության ծավալման արդյունքում թե՛ պաշտպանության բնագծում և թե՛ մարտի դաշտում տարբեր աստիճանի և բնույթի վիրավորումներ են ստացել մի շարք զինծառայողներ։ Զորավարժության մասնակից կուրսանտներն ու ինտերնները նրանց դուրս են բերում այրվող զրահամեքենաներից, տեղափոխում ապահով տեղանք և առաջնային բուժօգնության ցուցաբերումից անմիջապես հետո կազմակերպում և իրականացնում են նրանց տարհանումն ու տեղափոխումը գնդի դաշտային բուժկետ. «Երկու ծանր, պատգարակային վիրավորների արդեն ուղարկել եմ, ունեմ ևս չորսը»,- ռադիոկապով հաղորդում է զորավարժության մասնակից ինտերններից մեկը՝ վիրավոր զինծառայողներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո: Վիրավորները նախ զրահամեքենաների միջոցով դուրս են բերվում մարտի դաշտից, այնուհետև սանիտարական մեքենաներով տեղափոխվում են դաշտային բուժկետեր։
-Նման դաշտային վարժանքները իրականում ստեղծում են այնպիսի պայմաններ, ինչպիսիք կարող են լինել իրական մարտի ժամանակ,- ասաց զորավարժության մասնակից, բժիշկ-ինտերն Վահան Սիմոնյանը:- Երբ արդեն իրականում հայտնվես նման պայմաններում, կարող ես գիտելիքներդ գործնականում վստահորեն կիրառել:
Գնդի դաշտային բուժկետում արդեն անհապաղ իրականացվում է վիրավորների տեսակավորումը, կազմակերպվում է բուժօգնության տրամադրումը, առանձին դեպքերում էլ, հենց դաշտային վիրահատարաններում, իրականացվում են անհրաժեշտ վիրահատությունները։
Ի դեպ, զորավարժության ընթացքում առաջին անգամ դաշտային պայմաններում կիրառվեցին ռազմաբժշկական վարչության ձեռք բերած բժշկական մարտավարական նոր պայուսակները։ Գնդապետ Ծատուրյանը նշում է, որ դրանք օգտագործվում են թե՛ բժշկի, թե՛ սանհրահանգչի, թե՛ բուժակի և թե՛ զինվորի կողմից:
-Թիրախային ընտրված պայուսակներ են,- մեզ հետ զրույցում պարզաբանում է փոխգնդապետ Գոռ Վարդանյանը,- տվյալ օղակի համար որևէ ավելորդ բան դրանում ընդգրկված չէ. մարտական փորձի հիման վրա կազմված և լրահամալրված պայուսակներ են, որոնք իրական մարտի դաշտում իրենց լիարժեք արդարացրել են:
Այսպիսով, երկշաբաթյա ճամբարային հավաքի և դրա ավարտին անցկացված զորավարժության առաջնահերթ խնդիրներն էին՝ գործնականում կատարելագործել ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների և մեկ ամիս անց զորամասային բուժծառայության օղակը համալրող ինտերնների դաշտային վարժվածությունն ու մարտադաշտում առաջնային բուժօգնություն ցուցաբերելու հմտությունները։ Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Վարդան Ծատուրյանը արտահայտեց իր դիտարկումները:
-Այն բոլոր տարրերը, որ ներառված էին այս զորավարժության մեջ, առանձին-առանձին քննարկվելու են, հայտնաբերվելու են թերությունները, որոնք իրենց հերթին մշակման ու շտկման են ենթարկվելու, քանի որ զորավարժությունների միջոցով մենք սովորում և կատարելագործում ենք մեր հմտությունները: Տեսնելով մասնակիցների ոգևորությունը և նրանց ցուցաբերած բուժօգնության որակն ու մակարդակը՝ բարձր եմ գնահատում մեր այսօրվա զորավարժության արդյունքները,- գոհունակությամբ եզրափակում է պարոն Ծատուրյանը:
Ընդհանուր առմամբ, ճամբարային հավաքն ու զորավարժությունը ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներին և ինտերններին առավել արդյունավետ գործելու, դաշտային վարժվածությունը բարձրացնելու հնարավորություն ընձեռեցին։ Բացի այդ, դրանք կարևոր միջոց դարձան զարգացնելու ռազմական բժիշկների փոխգործակցելու ունակությունն ու համատեղ գործելու արդյունավետությունը:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #29 (1494) 26.07.2023 - 01.08.2023, Ազգային բանակ