Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱԳԱՍՏԻՑ ԿԱՐՎԱԾ ՏԱԲԱՏԸ



Լյոբ Ստրաուսը ծնվել է 1829թ. փետրվարի 26-ին, Բուտենհայմում (Բավարիա)` հրեաների ընտանիքում: 1845թ. նրա հայրը մահացավ թոքախտից: 1847թ. Լյոբը, մոր և երկու քույրերի հետ արտագաղթեց ԱՄՆ: Այստեղ նա փոխեց իր անունը` ընտրելով «ավելի ամերիկյան» տարբերակը` Լևի (Levi) (հաճախ նաև արտասանվում է Լիվայ): Նրա երկու ավագ եղբայրները տեղափոխվել էին ԱՄՆ մի քանի տարի առաջ և արդեն Նյու-Յորքում կտորեղեն էին վաճառում:

Լևի Ստրաուսը սկսեց ուսումնասիրել առևտրային բիզնեսը, և 1848թ. ուղևորվեց Կենտուկի: Այստեղ նա սկսում է զբաղվել գործիքների և արդուզարդի պարագաների վաճառքով`որպես շրջիկ գործակալ:

1849թ. երբ Կալիֆորնիայում հայտնաբերեցին ոսկու հանքավայրեր, սկսվեց ոսկու տենդը: Հազարավոր մարդիկ թողնում էին իրենց հիմնական աշխատանքը և գնում ոսկի փնտրելու: 1853թ. Լևի Ստրաուսը նավով գալանտերեային ապրանքներ է տանում Սան-Ֆրանցիսկո: Ապրանքը ամբողջությամբ գնեցին հանքագործները` մինչ նավը նավակայան կմտներ: Մնացել էին միայն առագաստները: Լևի Ստրաուսը այդ կտորից տաբատներ պատվիրեց դերձակի մոտ: Տաբատները ակնթարթորեն գնվեցին: Լևի Ստրաուսը գնեց նավահանգստում կանգնած բոլոր 700 նավերի առագաստները, տաբատներ պատվիրեց և վաճառեց: Նույն տարում նա և իր եղբայրը` Դևիդը, բացեցին «Levi Strauss & Co.» արդուզարդի պարագաների խանութը:

Ստրաուսը կարում էր տաբատներ Սան-Ֆրանցիսկոյի հանքագործների, նավաստիների և կովբոյների համար: Տաբատները սիրվեցին իրենց պրակտիկ լինելու և հարմարավետության շնորհիվ: Կտորը, որից կարվում էին տաբատները, նույն դարչնագույն կտորն էր, որից էլ կարվում էին արդյունաբերական կազմակերպությունների վրաններն ու տաղավարները: Այն Ամերիկա էր հասել Իտալիայի Ճենովա նավակայանից: Ապրանքների խմբաքանակի վրա «Genes» նավակայանի կնիքն էր: Իսկ ամերիկացիները, չգիտես ինչու, կնիքի վրայի մակագրությունը սկսեցին կարդալ իրենց ձևով` «Ջինս», որտեղից էլ առաջացավ տաբատի անվանումը:

Հենց որ Կալիֆորնիայում սպառվեց դարչնագույն կտորի պաշարը, Ստրաուսը Ֆրանսիայից ձեռք բերեց կապույտ ամուր կտորի մի մեծ խմբաքանակ: Առագաստային կտորի փոխարեն տաբատները սկսեցին կարել ավելի փափուկ ֆրանսիական կտորից, որի գլանափաթեթի վրա գրված էր «Serge de Nime»: Այն ուղղակի անվանում էին «Դենիմ», որն այնքան լավն էր, որ տաբատներ կարելու համար օգտագործվում էր մինչ 19-րդ դարի ավարտը, իսկ կապույտը մնաց որպես դրա «այցեքարտ» նաև 20-րդ դարում:

1872թ. լատվիացի վտարանդի, դերձակ Ջեկոբ Դևիսը` Ռինո քաղաքից (Նևադա), որ Ստրաուսից գնում էր տարբեր թելեր, ասեղներ, կոճակներ, մկրատ, հելուն և այլն, իր հաճախորդի տաբատի գրպաններն ամրացրեց մետաղական դուրգամներով, քանի որ հոգնել էր գրպաններն անընդհատ նորոգելուց, քանի որ հաճախ էին պատռվում տարբեր գործիքներ կրելուց: Դուրգամներով տաբատը հաճախորդին դուր եկավ, և Դևիսը որոշեց արտոնագրել այդ գաղափարը:

Չկարողանալով հավաքել արտոնագրի համար անհրաժեշտ 68 դոլարը, նա նամակ գրեց Լևի Ստրաուսին` առաջարկելով համագործակցել: 1873թ. մայիսի 20-ին Լևի Ստրաուսը և Ջեկ Դևիսը ստացան հագուստի վրա մետաղական դուրգամների օգտագործման արտոնագիր: Առաջին տարում Լևի Ստրաուսը վաճառեց մետաղական դուրգամներով 21.000 զույգ տաբատ և բաճկոն: Հետևի գրպանների դուրգամներն ավելի ուշ ստիպված էին փոխել ավելի ամուր կարերով, քանի որ դրանք քերծում էին թամբը և վնասում կահույքը: Ջինսերի գրպանների դուրգամների հետ գրեթե միաժամանակ առաջացավ նարնջագույն, կամարաձև երկտակ դերձակարը` այսօր ամբողջ աշխարհում այդ դերձակարը հայտնի է որպես «Levi’s» ապրանքանիշ, և այն տարբերում է իսկական ջինսը կեղծից:

1886թ. Լևի Ստրաուսի ջինսերի վրա հայտնվեց տաբատը ապարդյուն պատռել փորձող երկու ձիերի պատկերով հայտնի կաշվե լեյբլը: Այդ ֆիրմային նշանի առաջացման պատմությունը սա է. մի գնացքավար ամերիկյան թերթերից մեկին պատմում է, որ մի անգամ ստիպված է եղել վագոնները կցել ոչ թե շղթայով, այլ Ստրաուսի տաբատներով և այդ վիճակով հասնել մինչև կայարան:

1890թ. առաջին անգամ ջինսերի վրա նշվեց մոդելի համարը` 501: Այսպես ծնվեցին աշխարհում ամենահայտնի «Levis 501» ջինսերը: Հետագայում համարները գրվում էին Levis տաբատների յուրաքանչյուր նոր մոդելի վրա:

Լևի Ստրաուսը մահացավ 1902թ. սեպտեմբերի 26-ին: «Levi Strauss & Co.» կազմակերպությունը անցավ նրա եղբորորդիներին:

♦♦♦

Ջինսերի համբավի աճին նպաստեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: «Ամերիկայի պարծանքն» այդ ժամանակ վաճառում էին միայն նրանց, ովքեր մասնակցում էին ռազմական գործողությունների: «Levi’s» ջինսը ամերիկյան բանակի պաշտոնական համազգեստն էր Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: «Levi Strauss & Co.»-ն դարձավ համաշխարհային համբավ ունեցող կազմակերպություն: Հենց կազմակերպության ներկայացրած տվյալներով, Levi Strauss-ի տարեկան հասույթը կազմում է 4.4 մլրդ դոլար:

Պատրաստեց ԺԱՆՆԱ ՖՈՒՐՏՈՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Պատմության էջերից


01/02/2012