ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՐԺԱՆԻ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԶՈՀՈՂՈՒԹՅԱՆ
Լուսանկարում զինվոր Արծրուն Հակոբյանն է: Նախքան ծառայության գնալը ծնողներին ասել էր, որ ինչ էլ լինի, ինքը պետք է Արցախում ծառայի։ Այդպես էլ եղավ: Պատերազմից վերադարձած ընկերները Արծրունի ծնողներին պատմել են, թե որքան քաջ էր նա։ Պայքարում էր անմնացորդ նվիրումով ու ամեն գնով կատարում առաջադրված մարտական խնդիրը։
Արծրունը պատերազմի առաջին օրվանից ռազմաճակատում էր։ Աննահանջ կռվել է ամենաթեժ ուղղություններում, մինչդեռ պարբերաբար զանգել էր ծնողներին և հանգստացրել, թե հեռու է մարտերի էպիկենտրոնից։ Վերջին զանգը նոյեմբերի 6-ին էր։
…Հոր հետ երկար խոսեց: Հետո անսպասելի ասաց.
-Պա՛պ, մամային ու քույրիկին լավ կնայես: Ես շրջափակման մեջ եմ: Ինձ այս տարածքում կփնտրես: Գերի չեմ ընկնելու: Գերիների մեջ չփնտրես:
Պատմելիս հոր ձայնը կերկերում է ցավից, բայց չես կարող չնկատել նաև հպարտության թրթիռները: Որովհետև Հայրենիքը պաշտպանելը Արծրունի համար պարզապես զինվորական պարտականություն չէր, այլ առաքելություն, որին նա հավատարիմ մնաց մինչև վերջ՝ իր բաժին կռիվը մղելով 42 օր։ Ռազմաճակատում ցուցաբերած բացառիկ արիության, մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար Արծրուն Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Հակոբյանների նորածին որդին ավագ եղբոր անունն է կրում:
-Իմ մեջ ուժ գտա ու որոշեցի իմաստ տալ մեր կյանքին,- ասում է մայրը՝ Նելլին,- որոշեցի ուրախություն պարգևել ընտանիքիս ու ապրեցնել ամուսնուս…
Հայրը՝ Ատոմը, պատմում է, որ նախքան կնոջ հղիությունը, մի քանի անգամ որդին երազում եկել է ու հայտնել, որ շուտով վերադառնալու է։
-Ես տեսա Արծրունիս վերածնունդը,- ասում է Ատոմը,- ու փոքրիկից եմ առնում հերոս որդուս կարոտը: Մենք այսպես՝ ցավին հաղթելով պիտի ապրենք: Ես ու նորածին որդիս շարունակելու ենք մեր հերոսի՝ Արծրուն Հակոբյանի գործը՝ Հայրենիքը պաշտպանելու ենք մինչև մեր վերջին շունչը:
Հակոբյանների ընտանիքում այսօր վշտի ու ցավի հետ արդեն նշմարվում են նաև ուրախության արցունքներ ու ապրելու ցանկություն։ Օրեր առաջ ծնված փոքրիկը՝ կրտսեր Արծրունը, իր ծնունդով ընտանիքին նոր հույս ու լույս է բերել։ Հակոբյանները վստահ են՝ միայն մանկան նոր ճիչով, ապրելով ու արարելով կարող ենք ոտքի կանգնել և ուժեղանալ։ Ու հայրենիքը պաշտպանելիս զոհված հերոսների կիսատ թողածը պետք է շարունակեն նոր սերունդները, նաև փոքրիկ Արծրունը: Նրան էլ դաստիարակելու և մեծացնելու են նույն հայրենասիրական ոգով, հայրենիքը սիրելու ու պաշտպանելու գաղափարով։
-Մենք ամենաթանկն ենք տվել Հայրենիքին: Բայց Հայրենիքն արժանի է ցանկացած զոհողության, որովհետև հայրենիքը յուրաքանչյուրիս ուժն ու զորությունն է: Առանց Հայրենիքի անհնար է ապրել,- ասում է քաջաբար զոհված զինվորի մայրը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #33 (1498) 23.08.2023 - 29.08.2023, Ճակատագրեր