Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱՆՈՒՄ ԵՄ



ՀԵՐՈՍԱՆՈՒՄ ԵՄ-Երբ մեծ ու նվիրական երազանք ունենաք, ուխտ արեք ու եկեք Անգեղակոթ: Հուլիսի երրորդ կիրակին Վարդան Զորավարի տոնն է, այդ օրը եկեք: Քարանձավի մեջ՝ մատուռում, որտեղ, ըստ ավանդության, Զորավարի գլուխն է թաղված, մոմ վառեք, հետո Սուրբ ծառից թաշկինակ կապեք ու հավատով սպասեք, որ երազանքն իրականանա,- ասում է Անժելան:

Նա 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած, հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Վահագն Հովակիմյանի մայրն է: Ես Անժելային խնդրել եմ պատմել Վահագնի մասին ու փորձում եմ պատկերացնել նրան: Իսկ մայրը պատմում է Վարդան Զորավարի տոնի ու երազանքներ կատարող ինչ-որ Սուրբ ծառի մասին: Ուզում եմ հարցնել, թե ի՞նչ կապ ունի Վահագնը այդ ամենի հետ, բայց չեմ հասցնում, որովհետև կինը շարունակում է.

-Իմ առաջնեկը, իմ միակ որդին Վարդան Զորավարի տոնին ծնվեց՝ հուլիսի 22-ին: Գուցե ոչ մի խորհուրդ էլ չկար, ուղղակի համընկել էր, բայց ես մտածում էի, որ տղաս պիտի կարևոր մարդ դառնա… որ նա մեծ գործերի համար է ծնվել:

-Միայն Վարդան Զորավարի տոնին ծնվելու պատճառո՞վ էիք այդպես մտածում, թե՞ Վահագնը տարբերվում էր հասակակիցներից մանկության տարիներին, արտասովոր երեխա էր:

-Իմ ու որդուս կապն էր արտասովոր: Ես աղջիկ ունեմ, բայց իմ հոգսերը, իմ ցավն ու ուրախությունը Վահագնին էի պատմում: Տղայիս մեջ ինչ-որ մեծ ու անբացատրելի ներշնչանք կար: …Նա ինչ-որ բան էր որոնում, ասես ինչ որ բանի էր սպասում: Իրեն պատեպատ էր տալիս, ամեն ինչ փորձում էր ու երբեք չէր գոհանում իր ձեռքբերումներով… Դպրոցում լավ էր սովորում, հաջողությամբ մասնակցում էր օլիմպիադաների, պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետն էր ընդունվել, բայց այդ ամենը քիչ էր նրա համար. ինչ-որ նշանակալի հաղթանակ էր ուզում…

-Ճի՞շտ եմ հասկանում. ուզում էր այնպիսի ձեռքբերում ունենալ, որ նկատեն իրեն, հպարտանան իրենով:

-Չէ՛, երբեք չի ցանկացել ուշադրության կենտրոնում լինել, խուսափել է գովեստներից: …Սարսափելի բան եմ ասում, բայց մարտադաշտում Վահագնս խաղաղվել էր, ասես վերջապես գտել էր իր տեղը: Այնտեղ նա ուրիշ մարդ էր՝ հզոր, քաջ, հայրենասեր, անձնուրաց… Ես վախենում էի այդ անակնկալ փոփոխությունից: Ասում էր՝ ոչ մի սանտիմետր հող չենք տալու թշնամուն, մեր պատմական Հայրենիքն է, չենք տալու ու վե՛րջ: Հեռախոսով հետս խոսում էր ու միաժամանակ կրակում: Մի անգամ ակնարկեցի, որ մի քանի օրով տուն գա, հանգստանա, ասաց՝ ես դասալիք չեմ ուզում դառնալ, այլ հերոս: Մեկ ուրիշ անգամ զանգեցի (դարձյալ կրակոցի ձայներ էին լսվում շատ մոտ տարածությունից), ասացի՝ տղա՛ս, ի՞նչ ես անում: Հանգիստ պատասխանեց՝ հերոսանում եմ, մա՛մ, հերոսանում եմ: Արտաքինով էլ էր փոխվել, ավելի բարձրահասակ էր դարձել, թիկնեղ, մկանուտ…

-Ես Վահագնի սխրանքի մասին լսել եմ ականատեսներից: Ու ապշել եմ, թե որտեղից 20 տարեկան տղայի հոգում այդքան ուժ և արիություն: Մի՞թե հնարավոր է, որ այդ հատկանիշները դրսևորված չլինեին նախկինում:

-Բանակից առաջ իմ տղան շատ նուրբ հոգի ուներ, զգայուն էր, նրբանկատ, խոցելի: Հուզմունքից աչքերն արցունքոտվում էին: Զորակոչվելուց առաջ Հաղարծինից մինչև Գանձասար՝ բոլոր եկեղեցիներում մոմ վառեց: Անսահման բարի էր, անչափ վեհանձն: Շատ ընկերներ ուներ: Բոլորի հոգսը իրենն էր, այնպիսի խանդավառությամբ էր օգնության շտապում, որ ես սիրտ չէի անում հետ պահել: Բայց երբ ինքն էր օգնության կարիք ունենում, ոչ մեկին չէր դիմում: Սիրում էր ինքնուրույն հաղթահարել իր խնդիրները: Միայնակ էլ գլուխ կհանեմ, մա՛մ՝ ասում էր: Սիրում էր մարդկանց հյուրասիրել: Ուրիշների առաջ սեղան բացելն ու ինքնամոռաց զվարճանալը նրա տարերքն էին: Քեզ կթվար՝ աշխարհի ամենաերջանիկ մարդն է: Իմ տղան կիրթ էր, մեղմ էր, ազնիվ էր…

-Ես նայել եմ Վահագնի բանակի քեֆի տեսանյութը: Էդ ինչ ցնծություն էր: Էդ ինչքան պարեցիք:

-Վահագնս կարողանում էր ամեն ինչից տոն սարքել: Տարեմուտի շեմին, երբ արձակուրդի ժամկետը լրացավ, տոնածառ, ուտելիք վերցրեց, գնաց զորամաս: Պատմում էր, թե ինչ ուրախ է անցել Նոր Տարին: Ցնծում էր ուղղակի:

Վահագնս հաճույքով էր ծառայում: Կրտսեր սերժանտի կոչում ստացավ, նշանակվեց դիրքի ավագ: Հրամանատարները ամենադժվար ու պատասխանատու գործերը Վահագնին էին վստահում, ասում էին՝ նա երբեք չի ձախողի: Հրանոթի նշանառու էր, բայց սովորում էր նաև հրանոթի հրամանատարի պարտականությունները, ասում էր՝ կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ փոխարինեմ հրամանատարին: Նրա զենքը հրանոթն էր, բայց սովորեց նաև ականանետորդի մասնագիտությունը, որ իրեն տանեն առաջնագիծ, ասում էր՝ ուզում եմ դեմ առ դեմ հանդիպել թշնամուն, ուզում եմ խրամատ տեսնել:

…Պատերազմի ժամանակ կապիտան Վահե Մամաջանյանը զինվորներից մեկին հանձնարարում է զինամթերք հասցնել հարևան դիրքին: Հետո տեսնելով, որ տարածքը թշնամու կրակի տակ է, որոշումը փոխում է: Քիչ անց պարզվում է՝ ինչ-որ մեկը զինամթերք է տարել հարևան դիրքի զինվորներին: Հրամանատարը բարկանում է Վահագնի վրա, հրամայում այլևս ինքնագործունեությամբ չզբաղվել: Վահագնը արդարանում է՝ որ հարցնեի, չէիք թողնելու, իսկ տղաները անպաշտպան էին մնացել: …Նա անկասելի տարերքի մեջ էր:

Ես զինվորի մարտական սխրանքի դրվագները ի մի եմ բերում նրա հրամանատարների՝ փոխգնդապետ Էդուարդ Եղիազարյանի, մայորներ՝ Գաբրիել Գաբրիելյանի, Արմեն Ոսկանյանի, կապիտան Վահե Մամաջանյանի ու մյուսների խոսքերից մի ամփոփ պատում հյուսելով:

…Վահագնի առաջին կռիվը 107 դիրքի համար էր: Նա մարտի մեջ է մտնում սահուն, անխուճապ՝ հմտորեն գործի դնելով ականանետը: 104 դիրքը պաշտպանելիս Վահագնը միայնակ ոչնչացնում է թշնամու գրոհող մարտական ուժի մի մասը՝ մյուսներին ստիպելով նահանջել:

Իսկ կռիվը լեգենդար 530 բարձունքի վրա կդառնա հայոց բանակի ամենահերոսական էջերից մեկը: Ադրբեջանցիները ուզում էին ճեղքել առաջնագիծն ու հասնել Մարտակերտ քաղաք: Թշնամու ուժերը բազմապատիկ գերազանցում էին հայկական ուժերին, բայց մեր զինվորներն ու սպաները անձնազոհաբար դիմակայում էին կատաղի գրոհներին:

…Երբ զինամթերքը գրեթե վերջացավ, նահանջելու հրաման տրվեց: Վահագն Հովակիմյանն ու Արսեն Նիկողոսյանը սեփական նախաձեռնությամբ մնացին դիրքում՝ ապահովելու զորքի նահանջը: Սա գիտակցված մահ էր: Երկու հայ զինվոր՝ ադրբեջանցիների մեծաթիվ զորքի, ռազմական տեխնիկայի դիմաց… երկու կյանք՝ կամավոր նվիրաբերված զինակից ընկերների կյանքի համար:

… Առաջինը զոհվեց Արսենը: Մենակ մնալով՝ Վահագնը չնահանջեց ու շարունակեց կրակել: Դիրքը չլքեց անգամ վիրավորվելուց հետո:

…Վահագնի զոհվելու վայրում յուրայինները գտան հերոսի զրահաբաճկոնը, հեռախոսն ու պայթած նռնակի օղակը, որով, ըստ ամենայնի, վերջ էր տվել կյանքին, որ գերի չընկնի: 85 օր անց հերոսի մարմինը հայկական կողմին հանձնող ադրբեջանցի զինվորականն ասաց՝ այս հերոսը կռվեց մինչև վերջին շունչն ու չնահանջեց:

Ես վստահ եմ, որ Վահագնի մայրը գիտի այս պատմությունը, բայց գրածս կարդում եմ նրա համար: Կարդում եմ ոտքի կանգնած, ձիգ ու անարցունք: Անժելան լսում է՝ աչքերում կարծր ցավ ու անսահման հպարտություն: Հեռո ականջիս է հասնում նրա մեղմ ձայնը.

-Մի անգամ Վահագնս ասաց՝ հրամանատարը Ռոբերտ Աբաջյանի մասին էր պատմում, սրտումս ինչ-որ բան կատարվեց: …Ամիսներ անց տղաս կրկնեց Ռոբերտ Աբաջյանի սխրանքը: Հրամանատարը պատմում էր, որ միայնակ 150 հոգու դեմ է կռվել:

ՀԵՐՈՍԱՆՈՒՄ ԵՄ-Դուրս էր գալիս խրամատից, որ ավելի դիպուկ խոցի, ինքնամոռաց կրակում էր ու գոռում՝ արի՛, տե՛ս՝ ինչ եմ անում, հրամանատա՛ր: Ու ժպտում էր՝ արկերի տարափի տակ:

-Առասպելական Վահագնը… Այս բնորոշումը ես լսել եմ մայոր Արմեն Ոսկանյանից, կարդացել եմ տարբեր հրապարակումներում:

-Հիմա ես մխիթարվում եմ նրանով, որ պատերազմի դաշտում որդիս վերջապես գտել էր իրեն՝ ականանետային հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վահագն Հովակիմյանին, որից գոհ էր վերջապես: Գտել էր Հայրենիքը՝ իր ամենասիրելիին, որին գիտակցաբար նվիրեց կյանքը: Գտել էր այն ճանապարհը, որի ավարտին նրան սպասում էր «Մարտական խաչը»:

Մեր վերջին հանդիպման ժամանակ հանկարծ շրջվեց ու գնաց: Առանց գրկախառնության, առանց բառերի: Ես ակամա սարսռացի: Որքան էլ չուզենայի խոստովանել, հասկացա, որ նա արդեն ուրիշ աշխարհից է: Ու շուտով կավարտի իր առաքելությունը:

-Վահագնը իր առաքելությունը չի ավարտել: Մենք պիտի լսենք նրա մասին, պիտի պատմենք: Ու նա մեզ պիտի վեր ձգի, պիտի ազատի փոքրությունից: Պիտի մեր սրտերում դաջի մեծ գործեր անելու տենչը:

Ես այս ամենը ասում եմ կանգնած ու բարձրաձայն: Իմ ներսում ինչ-որ անկասելի պոռթկում է հասունացել, որ չի տեղավորվում սրտիս մեջ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (1498) 23.08.2023 - 29.08.2023, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


28/08/2023