Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐՏԻ ԽՈՍՔ



Ես` զոհված ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մայրս, ու նաև երկու զինվորի տատիկս, ի սրտե շնորհավորում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և հանձին նրանց` մեր զինված ուժերի ամբողջ անձնակազմին` Ազգային բանակի 20-ամյա տարեդարձի առթիվ։ Շնորհավորում եմ բոլորին` գեներալից մինչև նորակոչիկ զինվոր: Մայրական օրհնանքս ձեզ, սիրելի՛ զինվորներ, աղաչանքս է Աստծուն, որ ձեզ օգնական լինի, որ ծառայեք խաղաղ երկնքի տակ ու պահպանեք ոչ միայն մեր հայրենիքը, այլև ձեզ` հայոց բանակը։ Պահպանեք, քանի որ մենք՝ մայրերս, թանկ ենք վճարել բանակի կայացման համար։

Շնորհավորում եմ նաեւ մեր ամբողջ ժողովրդին: Մեր բանակին մաղթում եմ ավելի մեծ ուժ, ավելի մեծ հզորություն, որպեսզի աշխարհում ոչ ոք չհանդգնի խաթարել հայ զինվորի անդորրը։

Փառք բոլոր նրանց, ովքեր ծառայում են մեր բանակում` զինվորից մինչև գեներալ: Փառք սպարապետ Վազգեն Սարգսյանին եւ բոլոր նրանց, ում կյանքի գնով ստեղծվեց հայոց բանակը։ Փառք Ձեզ, սիրելի՛ զավակներ: Սրբությամբ պահպանենք մեր բանակը։ Փառք ու պատիվ իմ հայ ազգին, ու թող բարությունը հաղթի ամենքին։

ԱՐԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Խմբ.կողմից- Հունվարի 28-ին լրանում է տիկին Արաքսյայի 80-ամյակը: Շնորհավորում ենք նրան և մաղթում առողջություն, երկար տարիների կյանք:

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Բանակ և հասարակություն


01/02/2012