Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԶԻՆՎՈՐԸ ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ»



«ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԶԻՆՎՈՐԸ ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ»Հովհաննեսը, Նարեկը, Պավելը, Մարտինը, Հրայրը… Տղաները տարբեր մասնագիտություններ ունեն, տարբեր հետաքրքրություններ, սակայն բոլորին մեկտեղել է հայրենիքի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամությունը։ Նրանք վարժական հավաքների մասնակիցներ են։ Բոլորն էլ զինվորական ծառայության փորձառություն ունեն, մեծ մասը մարտական գործողությունների մասնակիցներ են, սակայն ևս մեկ անգամ գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու ընձեռված հնարավորությունը բարձր են գնահատում։

Մարտինն այսօր էլ կարոտով է հիշում ժամկետային ծառայության տարիները, առաջին հերթին՝ ձեռք բերած ընկերների և այդ ընկերությունն ամրապնդող հիշողությունների շնորհիվ։ «Ծառայության տարիներին ձեռք բերածը ողջ կյանքի համար է՝ գիտելիք, փորձառություն, հմտություններ, մարդկանց հետ հարաբերվելու կարողություններ, սեփական արարքների համար պատասխանատվություն կրելու պատրաստակամություն… արժեքներ, որոնց կարևորությունը որևէ այլ միջավայրում այսչափ բարձր չես գնահատում»,- Մարտինն իր փորձառությամբ ու մտորումներով է կիսվում։

Նարեկը տարիներ առաջ է ծառայել բանակում, վարժական հավաքները կարևոր են գիտելիքները թարմացնելու տեսանկյունից: Եթե ժամկետային ծառայության տարիներին համազորային ստորաբաժանման կազմում էր ծառայել, հիմա արդեն ծանր զենքերի է տիրապետում, վարժական հավաքների ընթացքում է հասցրել նոր հմտություններ ձեռք բերել, կատարելագործել նախկին գիտելիքները։

Հովհաննեսը 2020-ին՝ պատերազմի լուրն առնելուն պես, առաջիններից մեկն է կամավորագրվել ու համապատասխան պատրաստություն անցնելուց հետո մասնակցել Մարտակերտի պաշտպանությանը։ Հիմա շատ է կարևորում վարժական հավաքները, չնայած սահմանային լարվածությանը՝ մեծ պատրաստակամությամբ է մեկնելու մարտական հերթապահության։ Դստերը՝ փոքրիկ Հասմիկին խոստացել է, որ տարեդարձին տանն է լինելու: Աղջիկը շուտով երկու տարեկան կդառնա։ Վստահեցնում է՝ եթե մեզնից յուրաքանչյուրը կարողանա իրեն այս հողին կապող որևէ թանկ արժեք գտնել, ամենայն գիտակցությամբ կվերաբերվի իր առջև ծառացած մարտահրավերներին։

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վարոսին իր աշակերտներն են սպասում։ Դաստիարակության լավագույն մեթոդ ընտրել է սեփական օրինակով իր աշակերտներին կրթելու ճանապարհը։ Վստահ է՝ առաջիկա մարտական հերթապահությունից հետո մարզադահլիճում բազմաթիվ հարցեր են հնչելու, իսկ ինքն այնքան պատմելու բան է ունենալու կամքի իսկական դրսևորումների ու նվիրումի լավագույն օրինակ իր ծառայակիցների մասին։ Վարժական հավաքներին մասնակցելը յուրաքանչյուր հայ մարդու կարևոր առաքելությունն է համարում, առաջին հերթին՝ ի հիշատակ այն տղաների զոհողության, ովքեր հերոսաբար նահատակվեցին լուսավոր գալիքի հանդեպ հավատով։

Ոգևորիչ է նաև զորամասի մթնոլորտը։ Սպայակազմի մեծ մասը՝ հրամանատարից սկսած, մարտական գործողությունների մասնակիցներ են՝ հարուստ զինվորական փորձով ու մարտավարական փորձառությամբ։ Ստորաբաժանման հրամանատար, գնդապետ Սամվել Հարոյանը հավաքների մասնակիցներից շատերին արդեն իսկ անձնապես է ճանաչում՝ ծանոթ է նրանց զինվորական կենսագրությանը, անցած մարտական ուղուն։ Նա մշտապես ուսումնական կետերում է, անձամբ է հետևում դրանց կահավորվածությանը, կենցաղային պայմաններին ու հանգստի, սննդի ապահովմանը։

-Պահեստազորի անձնակազմը պետք է գիտակցի, որ մեր շարքերում իրենց ներկայությունը կարևոր է և գնահատելի. հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս հոգսը պետք է լինի։ Այս գիտակցումն այսօր մեր զորամասում մթնոլորտ է ձևավորել, միմյանց միջև փոխըմբռնում, տրամադրություններ, որ տղաների առաջիկա մարտական հերթապահության հաջող ելքի ամենակարևոր գրավականն են լինելու,- համոզմունք է հայտնում հրամանատարը։

Նարեկը տարիներ շարունակ արտագնա աշխատանքով է հոգացել ընտանիքի կարիքները, վերջերս է վերադարձել։ Շուտով մարտական հերթապահության կմեկնի, հետո նորից կանցնի իր բնականոն կյանքին։

Պավելը զինվորական մասնագիտությամբ կապավոր է, չնայած, որ երկու տարի մարտական հերթապահություն է իրականացրել, այսօր բոլորովին այլ տրամադրվածությամբ է մասնակցում վարժական հավաքներին։ Բուհերից մեկում է աշխատում։ Ինչ խոսք, այս ուսումնական տարվա մեկնարկին շատ էր սպասել. երիտասարդ մասնագետի համար կարիերայի սկիզբը կյանքի ամենասպասված շրջափուլերից մեկն է, այնուամենայնիվ, երկրի պաշտպանությունն առավել կարեւոր է համարում: Վստահ է՝ իր ուսանողները կհասկանան և կսպասեն առաջնագծից վերադարձող իրենց դասախոսին, մարտական հերթապահությունից հետո է՛լ ավելի կիմաստավորվի սերունդ կրթելու իր առաքելությունը։

Հրայրը պատերազմական գործողությունների մասնակից է, սեփական փորձով գիտի՝ պատրաստված ու մարտունակ զինվորը շատ բան կարող է փոխել մարտի դաշտում։

Մարտինը հեռուստատեսային օպերատոր է, նաև դասավանդում է հանրապետության բուհերից մեկում, սակայն նա էլ է մարտական պատրաստությունն առաջնային համարում:

-Վարժական հավաքների ընթացքում ձեռք բերված գիտելիքները կարևոր են այնքանով, որ առաջին հերթին հենց քո անվտանգության համար ես սովորում այն, ինչ հասցնում ես սովորել: Որքան շատ օգտակար բան սովորես, այնքան կմեծանա ապրելու հետ մեկտեղ հաղթելու հավանականությունը,- համոզված է Մարտինը։

Տանը նրան սպասում է որդին, շուտով լույս աշխարհ կգա նաև դուստրը: Կինը, վաղուց փայփայած երազանքը կրծքի տակ, կսպասի պետական սահմանի իրեն վստահված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ամուսնուն, Շիրակի պետական համալսարանի ուսանողներն՝ իրենց դասախոսին, ով օպերատորական աչքի սրությամբ տեսածն ու զգացածը անպայման կբերի լսարան ու գուցե կմատուցի ամենակարևոր դասախոսություններից մեկը՝ հայրենիքի պաշտպանության գործում սեփական ներդրումն ունենալու կարևորության, իր և իր նման տղաների կամքի ու նվիրումի մասին։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #36 (1501) 13.09.2023 - 19.09.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/09/2023