Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ…



Ագարակի քաղաքային գերեզմանոցում է հանգչում Ավետիս Ալբերտի Օհանյանը։ Ավետիսը ծնվել է 1963-ին, Ագարակում։ Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Գորիսի գյուղտեխնիկումում։ Ամուսնացել, հետո տեղափոխվել, բնակություն է հաստատել Ղրիմում, սակայն, երբ սկսվեց ազատագրական պայքարը, ընտանիքով վերադառնում է ծննդավայր։ Արդեն ծնվել էր ավագ որդին՝ Սիրակը, իսկ Ալբերտն ու Օնիկը ծնվեցին պատերազմական այն օրերին, երբ հայրն «Արեւիք» ջոկատի կազմում մարտնչում էր Զանգեզուր աշխարհի սահմանամերձ տարբեր հատվածներում` Կապանից մինչեւ Մեղրի ու Ծիրանաձոր։ Հետո շրջապատի, մտերիմ ընկերների համար տարօրինակ մի որոշում կայացրեց. մեկնեց Արցախ, Մարտակերտի շրջան, որտեղ դաժան ու անհավասար մարտեր էին։ Երբ կինը, ընկերները փորձեցին հետ պահել, պատճառաբանելով, որ Մեղրիի սահմանամերձ բնակավայրերն էլ է հարկավոր պաշտպանել, Ավետիսն ասաց. «Այնտեղ ավելի է զգացվում զինվորի կարիք, այնտեղ մեծ ուժերով է փորձում առաջ գալ թշնամին։ Եթե ամեն ոք միայն իր տան համար կռվի, արդյունքի չենք հասնի։ Գիտեմ, այստեղ էլ է դժվար, բայց Արցախում ավելի ծանր է։ Եվ թող տարօրինակ չթվա, եթե ասեմ, որ այստեղի ապահովությունն ու ամրությունն էլ կախված է այնտեղից»,- այսպես ասաց Ավետիսն ու գնաց։

Ավագ որդին արդեն 6 տարեկան էր։ Մեկնելու նախորդ օրը համբուրեց որդուն ու ասաց. «Գնա՛ մանկապարտեզ, էսօր երեկոյան ես եմ քեզ տուն բերելու»։ Հետո այնպես եղավ, որ նույն օրն էլ մեկնեցին, ու տարիների հեռվից արդեն հասուն, լրագրողի մասնագիտությունն ընտրած Սիրակը կարդում է իր հայրիկի մարտական ընկերոջ գրառումներից մի հատված. «Կեսօր էր. Ավոն ստուգում էր ականապատված վայրերը։ Հանկարծ ուժեղ պայթյուն լսվեց։ Շտապեցինք այնտեղ։ Վիրավոր ընկած էր Ավոն։ Վերքը ծանր էր։ Երբ փորձում էինք պարզել, թե արդյոք Ավոն մեզ լսում է՝ նրա շուրթերից լսվեց մի բառ՝ մանկապարտեզ։ Հետո նրա աչքերից արցունքի կաթիլներ հոսեցին, եւ կամաց-կամաց մարեց աչքերի լույսը»։ Ավարտելով ընթերցումը` Սիրակն ավելացնում է. «Ես եւ իմ եղբայրները հպարտ ենք, որ ունեցել ենք հերոս հայր, որովհետեւ հայրիկիս, նրա մարտական ընկերների շնորհիվ է, որ Արցախն այսօր անկախ է, ազատ, եւ որ ամենուրեք` մանկապարտեզ լինի, թե դպրոց, լսվում են մանկան քաղցր ճիչեր, որ մենք աներեր կանգնած ենք մեր սուրբ հողին։ Փա՛ռք հայրիկիս, մեր զոհված հայորդիներին»։

-1993 թվականի մայիսի 9-ն էր` ամուսնուս ծննդյան օրը,- վերհիշում է կինը՝ ենթասպա Գայանե Գեւորգյանը,- ամուսինս զանգեց Ղարաբաղից, բոլորս՝ Լուսիկ մայրը, Ալբերտ հայրը, ես, շնորհավորեցինք նրան։ Հետո հարցրի` երբ կգա, ախր, դժվար է երեք տղա երեխա պահելը, պատասխանեց. «Կգա՛մ, անպայման կգամ… Ու այս խոսքերից հետո երկար լռեց ու նորից խոսեց. -Այստեղ չես պատկերացնի, ինչ դժվար է բնակիչների, երեխաների վիճակը, բա նրանց ո՞վ պահի, նրանց անվտանգությունը ո՞վ ապահովի…»։ Դա մեր վերջին խոսակցությունն էր։ Զոհվեց մայիսի 25-ին, Մարտակերտի Կուսապատ գյուղում։ Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

«Երբ ամուսինս զոհվեց, ես 25 տարեկան էի։ Իմ հետագա ամբողջ կյանքը նվիրաբերել եմ մեր երեք տղաներին։ Աշխատել եմ, որ լինեն կիրթ, հայրենասեր, գործին նվիրված՝ այդպես էր նրանց ուզում տեսնել իրենց հայրը։ Դժվարություններ շատ են եղել, սակայն մեր հարազատները, ամուսնուս մարտական ընկերները միշտ աջակցել են։ Անչափ շնորհակալ եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, ով ընդառաջեց իմ խնդրանքին, եւ որդիներս ծառայեցին նույն զորամասում։ Շնորհակալ եմ զորամասի հրամանատարությունից, ովքեր ամեն կերպ ձեռք են մեկնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Իմ ծառայության ընթացքում ես օր օրի տեսել-զգացել եմ մեր բանակի զարգացումը, ամրապնդումը, առաջընթացը։ Եվ թող զարմանալի չթվա, որ ես այդ ամենը զգում, տեսնում եմ ամուսնուս` Ավետիսի աչքերով»։

Հայրենյաց համար հերոսաբար զոհված Ավետիս Օհանյանի եւ ենթասպա Գայանե Գեւորգյանի կրտսեր որդին` Օնիկը, վերջերս ավարտեց իր զինվորական ծառայությունը։ Ծառայության ընթացքում պարգեւատրվել է «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ» կրծքանշաններով, ժամացույցով։

-Բնավորությամբ ճիշտ հայրն է՝ հայրենասեր, սկզբունքային։ Ուզում է ծառայությունը շարունակել, զինվորական դառնալ,- ասում է մայրը, որ ծառայում է փոխգնդապետ Ռ.Բեգլարյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ -Հայրական քնքշանք չճաշակած իմ զավակները գիտակցում են, թե ինչի համար է իրենց հայրը զոհել ամենաթանկը՝ կյանքը։ Ահա թե ինչ է գրել որդիս՝ Սիրակը, երբ դեռ 12 տարեկան էր.

Կարոտով լցված իմ մոր աչքերում

Ես սպասումի արցունք եմ տեսնում,

Մի՛ տխրիր, մայրի՛կ, մենք երեք քաջ ենք

Երեք քաջ զինվոր,

Երդում ենք տվել մեր հոր շիրիմին`

Դառնալ Արաբո, Ավո ու Աբո։

Փա՛ռք քեզ, հերոս հայր,

Դու ընկար կռվում,

Սուրբ հողի համար տվիր կյանքը քո,

Դու անմահացար, քո սիրտն է այրվում,

Ինչպես անթառամ հրեղեն կոկոն։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


01/02/2012