Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՄԱՀԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ…



Փոխգնդապետ Գ. Գրիգորյանի Հակոբ պապն Անդրանիկի զինվորն է եղել եւ, ո՞վ իմանա, գուցե թաքուն իր մտքում միշտ երազել ու հավատացել է, որ թոռները մի օր հաստատ շուն թուրքի հախից կգան։ Ու երեւի պատահական չէր, որ 16-17-ամյա պատանին հասակակից տղաների հետ սկզբում զենք-զինամթերք էր հասցնում կռվողներին, ապա մասնակցում կռիվներին. Սրխավենդ, Դրմբոն, Մատաղիս, Կարմիրավան…

-Մեր Պռոշյանի ջոկատը ղեկավարում էր Պետոն, ի՜նչ հրաշալի անձնավորություն էր, մեր շունչն ու ոգին էր։ Ջոկատում ամեն ինչ չափից ավելի կանոնակարգված էր. մեկս մյուսի նկատմամբ չափազանց սրտացավ էինք, յուրաքանչյուրս դիմացինի կյանքն ավելի էր գնահատում, արժեւորում, քան սեփականը։ Չամուսնացածներս կռվի դաշտում աշխատում էինք առաջին շարքերում լինել՝ արդարանալով, որ մենք զավակ չունենք, իսկ ամուսնացածներն էլ ամեն կերպ ջանում էին իրենք առաջնամասում լինել, ասելով՝ «մենք էս աշխարհում գոնե ժառանգ ունենք»։ Ու երգով, հումորով գնում էինք… մահին ընդառաջ՝ մահին հաղթելու։ Ազատագրված ամեն միլիմետր հողի համար ուրախությունից ցնծում էինք, զոհված ամեն ընկերոջ համար` թեւաթափ հավքի պես սգում։ Պատերազմական ժամանակաշրջանից ամենատխուրը մանկությանս երկու ընկերների զոհվելու օրն էր։ Բառերն անզոր են ցավս նկարագրելու։ Լույս իջնի մեր բոլոր զոհված ազատամարտիկների գերեզմանին…

…Պատերազմն ավարտվեց, բայց մարտական թոհուբոհի մեջ թրծված մեր ազնիվ ու մաքուր ընկերությունը, փառք Աստծո, չավարտվեց։ Կարեւոր չէ, թե ով ինչ պաշտոնի հասավ կամ չհասավ, մնացինք պարզ ու անդավաճան ընկերներ, չէ՛, եղբայրնե՛ր։

♦♦♦

Արցախյան պատերազմից հետո Գ. Գրիգորյանը մնաց Ղարաբաղում ծառայելու, ստացավ լեյտենանտի կոչում։ Սկզբում դասակի հրամանատար էր, հետո ծառայեց տարբեր զորամասերում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Ներկայումս հրամանատարի տեղակալ է (հրամանատար` գնդապետ Ս.Գրիգորյան)։ Այստեղ ամեն քար ու թուփ, ամեն թիզ հող սուրբ են նրա համար, այստեղ իր մարտընկերների արյունն է, ապրած ուրախությունն ու կրած ցավը, այստեղ իր պատերազմական օրերի հիշողություններն են, որոնք ամեն րոպե, ամեն վայրկյան սթափեցնում-պատգամում ու հրամայում են՝ ոչ մի միլիմետր հող չհանձնել թշնամուն։

Գ. Գրիգորյանի զավակները՝ Արփինեն, Արմինեն եւ Արարատը, եղել են այն վայրերում, որտեղ իրենց հայրն ու նրա մարտընկերներն են կռվել։ Արարատ որդին ցանկանում է զինվորական դառնալ, ու տա Աստված, դառնա խաղաղ օրերի զինվոր ու պահապան։

♦♦♦

Փոխգնդապետի հետ զրուցում ենք զորամասի ընդհանուր վիճակից։

-Լայնածավալ ամրաշինական աշխատանքների շնորհիվ առաջնագծում ստեղծվել են համեմատաբար անվտանգ պայմաններ, մարտական հերթապահության կատարելագործմանն ուղղված շարունակական աշխատանք է ընթանում։ Բացի տեխնիկական անվտանգությունից, անչափ կարեւորում ենք զինվորի բարոյահոգեբանական, ֆիզիկական վիճակը։ Առաջին անգամ դիրքեր բարձրացող զինվորը գտնվում է ուշադրության կենտրոնում։ Հենակետի ավագն անընդմեջ նրա կողքին է։ Մենք անհատապես զրուցում ենք բոլոր զինվորների հետ, ծանոթացնում մարտական հերթապահության իրականացման բոլոր նրբություններին։ Մարտական հենակետերում քարոզչական պլակատներ կան, գրականություն, ներկայացված է տվյալ հենակետի անցած մարտական ուղին, ովքեր են աչքի ընկել, մարտական սխրանքներ գործել։ Զինվորը, ծանոթանալով իր հենակետի անցած ուղուն, հասկանում եւ գնահատում է իր դերը, պատասխանատվության զգացումն է՛լ ավելի է ամրապնդվում։ Մարտական հերթապահություն իրականացնող զինվորը լիարժեքորեն գիտի իր պարտականությունները, ֆիզիկապես եւ հոգեբանորեն պատրաստ է։ Արվում է հնարավորը, որ զինվորը մարտական հերթապահություն իրականացնելիս ոչ մի խնդիր չունենա։

Թշնամին տարբեր ժամերի տարբեր տրամաչափի զենքերից անընդմեջ կրակում է։ Սահմանին աչալուրջ եւ զգոն, պատասխանատվության մեծ զգացումով կանգնած է մեր զինվորը, թիկունքում իր հարազատներն են, իր հողը` ՀԱՅՐԵՆԻՔԸ։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Ազգային բանակ


01/02/2012