ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ՝ ՈՒԺԵՐԸ ՓՈՐՁԵԼՈՒ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Զինված ուժերում շարունակվում է բարեփոխումների և բանակի մարտունակությունն ամրապնդելու համատեքստում մեկնարկած ատեստավորման գործընթացը: Քննություններին կամավոր մասնակցելու դիմումների քանակը գնալով ավելանում է. զինվորականների ոգևորությունը մեծ է: Առօրյա պարապմունքների ընթացքում յուրաքանչյուրը ձգտում է ամեն ինչ անել պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, իր հաստիքային պարտականություններին առավել լավ տիրապետելու համար։ Մասնակիցները կարևորում են ատեստավորման սոցիալական բաղադրիչը, ինչն անմիջական ազդեցություն ունի թե՛ զինծառայության արդյունավետ իրականացման, թե՛ քաղաքացիներին զինծառայությանը ներգրավելու հարցում: Սահմանված հավելավճարի չափը էական է, անհրաժեշտ միավորներ հավաքած զինծառայողը կրկնակի, նույնիսկ ավելի շատ աշխատավարձ կստանա:
Օրերս զորամասերից մեկում քննություն հանձնեց ատեստավորմանը մասնակցելու ցանկություն հայտնած հերթական խումբը: Ստուգվեցին նրանց մասնագիտական, տեսական գիտելիքները և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստության աստիճանը։
Քննական վարժությունների մեկնարկը տրված է: Մասնակիցները կրակային պատրաստության քննություն են հանձնում։ Մենահատ հրաձգությամբ, ապա կրակահերթով նրանք խոցում են շարժվող և անշարժ թիրախները։ Տվյալ վարժությանը առանձնակի ուշադրություն են դարձնում, շատերի գնահատմամբ՝ եթե չես տիրապետում զենքը հմուտ կիրառելու նրբություններին, մյուս բոլոր վարժություններն արդեն էական չեն:
Իհարկե, պակաս կարևոր չէ նաև մյուս քննական վարժաձևերին լիարժեք տիրապետելը: Շարահրապարակում շարային պատրաստության ստուգատես է: Քննական հանձնաժողովի սպաները շարային քայլքի, անցումների, զենքով և առանց զենքի իրականացվող վարժությունների ընթացքում գնահատում են զինծառայողի շարային կեցվածքը, հրամանների հստակ և ճիշտ կատարումը։
Քննությունների շրջանակում ստուգվում է նաև անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։ Ձգումներ պտտաձողի վրա, վազք 100 մ, 1 կամ 3 կիլոմետր վազքուղիներում յուրաքանչյուր տարիքային խումբ իր նորմացույցն ունի։ Գնահատականը որոշվում է երեք վարժաձևերի հանրագումարով: Այսինքն՝ մասնակիցը կարող է մեկ վարժաձևից ցածր արդյունք ունենալ, սակայն միավորների ընդհանուր քանակը լրացնել մյուսների բարձր արդյունքներով:
Ատեստավորման պարտադիր մաս է նաև զինծառայողների տեսական գիտելիքների ստուգումը։ Թեստային առաջադրանքների միջոցով ստուգվում են նրանց մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։
Բոլոր քննությունների արդյունքների հանրագումարով ստուգող հանձնաժողովը գնահատեց զինծառայողների ընդհանուր պատրաստվածության մակարդակը։ Քննական հանձնաժողովի անդամները մասնակիցներին հորդորեցին չբավարարվել ունեցած արդյունքներով և առաջիկա ամիսներին նորից դիմել ու ձգտել գերազանց գնահատականի:
Քննությունների ընթացքին հետևելիս նկատելի էր թե՛ սպայական, թե՛ պայմանագրային կազմի դրական տրամադրվածությունը. բոլորն անխտիր ձգտում էին բարձր ցուցանիշներ գրանցել։
Քննությունների ավարտին զրուցեցինք մասնակիցների հետ: Բոլորն էլ համակարծիք են՝ զինծառայողների ատեստավորման համակարգը չափազանց կարևոր և հաջողված է:
Փոխգնդապետ Գեորգի Ցականյանը զորամասի շտաբի պետ է, արդեն 27 տարի է ծառայության մեջ է:
-Ծրագիրը սեփական կարողությունների վրա աշխատելու, ուժերը փորձելու լավ հնարավորություն է: Ինչու չէ, նաև երիտասարդների հետ եմ մրցակցում,- ժպտում է փորձառու սպան, ապա հավելում,- ձգտել եմ անել առավելագույնը՝ ատեստավորմանը լավագույնս ներկայանալու համար։ Առօրյա ծառայության ժամանակ մշտապես զբաղվել եմ ինքնակատարելագործմամբ, մարտական և ֆիզիկական պատրաստության առումով փորձել եմ օրինակ դառնալ ենթակաների, ծառայակիցների համար։ Իհարկե, վստահ էի ուժերիս, հիմա էլ համոզվեցի, որ չեմ սխալվել՝ դիմելով կամավոր ատեստավորման: Որևէ տարիքում դժվար չի ինքնակրթվել, զարգանալ, ընդամենը ցանկություն է պետք ու նպատակներն իրագործելու հստակ գիտակցում: Ընտանիքիս սոցիալական վիճակի էական բարելավումն էլ իմ այսքան տարիների ծառայության արժանի գնահատանքն է:
Մայոր Ֆիդայի Հովհաննիսյանը նույնպես բանակի վաստակաշատ և փորձառու սպաներից է, ծառայության մեջ է 25 տարի:
-Ատեստավորումը հանձնում ենք այնպես, ինչպես առօրյայում մեր ծառայողական պարտականությունն ենք կատարում։ Ոչ մի բարդություն չկա: Զորամասում օրակարգն այնքան խիտ է, որ երբեմն չես էլ հասցնում լրացուցիչ պարապել, այլ միայն վերհիշում ես քո իմացածը: Որոշ նրբություններ, որոնց ամենօրյա ծառայության ընթացքում չես առնչվում, մոռանում ես, ֆիզիկապես թուլանում ես: Դրա համար էլ ինքդ քեզ վրա պիտի անընդհատ աշխատես գերազանց արդյունքի հասնելու համար: Կրակել եմ գերազանց, մյուս վարժությունների արդյունքներից նույնպես գոհ եմ: Չեմ դժվարացել, քանի որ գրեթե ամեն օր մարզվել եմ, պատրաստվել մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում,- ասաց մայոր Հովհաննիսյանը:
Սերժանտ Արմեն Սիրեկանյանը դասակի հրամանատարի տեղակալ է, մարտական հերթափոխը հանձնելուց հետո միանգամից ներկայացել է ատեստավորման հանձնաժողովին:
-Շատ արդիական ու կարևոր գործընթաց է, լավ կազմակերպված։ Ողջունելի է և՛ մրցակցային մթնոլորտը, և՛ արդար գնահատումը: Բոլորն էլ համոզվում են՝ ինչ արդյունք ցուցադրես, համապատասխան էլ կգնահատվես: Չափազանց կարևոր է նաև, որ մեզ գնահատված ենք զգում: Միևնույն է, ծառայում ենք, մեր գործի տերն ենք, բայց պետության ուշադրությունը ավելի է ոգևորում ու նաև պարտավորեցնում:
Ատեստավորումը նաև անչափ արդյունավետ է մարտական պատրաստության ամրապնդման առումով: Յուրաքանչյուր զինծառայող արդյունքների ամփոփումից հետո ավելի ճիշտ կգնահատի իր մասնագիտական պատրաստվածության աստիճանը՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ինքնակատարելագործմանը:
Մասնակիցների գործողությունները գնահատում էր քննիչ հանձնաժողովը: Ատեստավորման 3-րդ հանձնաժողովի շտաբի պետ, գնդապետ Վազգեն Վարդանյանը նշեց.
-Ատեստավորման հերթական հոսքի հետ ենք աշխատում: Այս ծրագիրը զինված ուժերում կարևորագույն միջոցառումներից է։ Այն նպաստում է զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը, նաև ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանը: Սա ինքնին մարտական պատրաստության գործընթաց է, չէ՞ որ բավարար ռազմական գիտելիքներ չունեցողը չի կարող հաղթահարել սահմանված շեմը: Նշեմ, որ մասնակցությունը բավական ակտիվ է, դիմողների թիվը գնալով շատանում է: Հենց միայն շահառուների թվի ավելացումը փաստում է ծրագրի հաջողված լինելը: Զորամասերում մեկը մյուսին պատմում է, թե ինչպես են ընթանում քննությունները, վկայում, որ ատեստավորումն անցնում է թափանցիկ, արդար։
Վստահաբար կարող եմ ասել՝ անձնակազմը շահագրգռված է բարձր արդյունքներ ցուցադրել:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #39 (1504) 20.10.2023 - 27.10.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում