Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ



ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ(80-ամյակի առիթով)

Կովկասը նվաճելու առումով հատկապես հատկանշական է գերմանացի առաջնորդ գեներալ-ֆելդմարշալ Պաուլ Ֆոն Հինդենբուրգի՝ Կովկասը և Հայկական լեռնաշխարհը նվաճելու ծրագրերը՝ «որպես արևելքի խաչմերուկ», իսկ Իրանով Հնդկաստան անցնելու ձգտումներն իրենց նորովի արտացոլումը գտան հիտլերյան հրամանատարության «Էդելվեյս» պայմանական անունը կրող օպերացիայի ծրագրում, որով թշնամին ձգտում էր շրջապատել ու ոչնչացնել Ռոստովից հարավ և արևելք գտնվող խորհրդային զորքերը, վերահսկողության տակ վերցնել ողջ Կովկասը: Հիտլերյան կառավարությունն ակտիվ բանակցություններ էր վարում իրեն չեզոք համարող Թուրքիայի հետ: Ստալինգրադ և Կովկաս գերմանական բանակների առաջխաղացմանը համապատասխան Թուրքիան իր զորքերը (26 դիվիզիա) կենտրոնացրել էր Հայաստանի ու Վրաստանի սահմաններին, որպեսզի Ստալինգրադի անկումից հետո շարժվեր դեպի Այսրկովկաս: Սակայն Ստալինգրադի ճակատամարտի հաղթանակը սթափեցրեց Թուրքիային, որն անմիջապես սահմանից հետ քաշեց իր զորքերը:

Հիտլերյան բանակի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Կ. Ցեյտցլերը, զորավար Է. Մանշտեյնը և մի շարք հայտնի գեներալներ Հիտլերին խորհուրդ էին տալիս ուժերը կենտրոնացնել մեկ ուղղությամբ, սակայն վերջինս կտրուկ մերժում էր նման առաջարկները և տնտեսական նպատակով Կովկասի գրավումը համարում առաջնահերթություն, քանի որ բանակին անհրաժեշտ էին Կովկասի բնական ռեսուրսները, Գրոզնու և Բաքվի նավթահանքերն ու Կուբանի հացառատ շրջանները:

Կովկասի համար մղվող պայքարը տևեց 442 օր և դարձավ պատերազմի երկրորդ երկարատև ճակատամարտը Լենինգրադի պաշտպանությունից հետո: Պատմության մեջ այս հերոսամարտը հայտնի է Կովկասի պաշտպանություն անունով և բաժանվում է երկու շրջանի: Առաջին շրջանն սկսվեց 1942 թ. հուլիսի 25-ից և տևեց մինչև 1943 թ. հունվարի սկիզբը՝ բնորոշվելով բանակի ժամանակավոր նահանջով ու պաշտպանողական համառ մարտերով: Երկրորդ՝ հարձակողական մարտերի շրջանն ընդգրկում է 1943 թ. հունվարից մինչև 1943 թ. հոկտեմբերի 9-ը, երբ Թամանի թերակղզու ազատագրումով ավարտվեց թշնամու խմբավորման ջախջախումը:

Անսպասելի լուրջ դիմադրությունը և մարդկային ու սպառազինության մեծ կորուստներն ստիպեցին, որ Հիտլերն ուշացումով ընդունի իր հրամանատարների աննկատ նահանջի առաջարկությունները: Նահանջի պահին անհրաժեշտ էր հարվածել թշնամուն, փակել նահանջի ուղիները դեպի Ռոստով, Դոմբաս և Ղրիմ: Բայց թշնամին նահանջեց անվնաս՝ պայթեցնելով ճանապարհները, կամուրջները, հրդեհելով գյուղերն ու քաղաքները: Թշնամու՝ Անդրկովկասյան ռազմաճակատի շտաբի տեղափոխումը սևծովյան խմբի շրջան խորհրդային հետախուզությունն ու զորահրամանատարները չեն ընկալում: Զորքերի հարձակողական գործոնն ու բարոյահոգեբանական կայուն վիճակը բավականին կարագացնեին պատերազմի ավարտը և կկրճատեին մարդկային ու սպառազինության կորուստները: Սակայն դա տեղի չունեցավ: Զորամիավորումների ու ռազմաճակատների որոշ հրամանատարների՝ պատերազմական գործողությունները վարելու ոչ պատշաճ մակարդակը, ինչպես նաև Լ. Բերիայի անհարկի միջամտությունը և հրամանատարական կազմում չհիմնավորված ձերբակալությունները թուլացրին զորքերի մարտունակությունը և մեծ կորուստներ պատճառեցին բանակին: Ի. Ստալինի կողմից ստորագրված խստագույն հրահանգները (դիրեկտիվներ) սթափեցրին խորհրդային զորահրամանատարներին: Անդրկովկասյան ռազմաճակատի զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ի. Տյուլենևը զորքերի առջև մարտական խնդիր դրեց` ոչ միայն կանգնեցնել ֆաշիստական բանակի առաջխաղացումը, այլև համառորեն շարունակել ակտիվ պաշտպանական մարտերը, ջլատել նրա ուժերը և անցնելով հակահարձակման՝ գլխովին ջախջախել թշնամուն:

Կովկասի համար մղվող պայքարի մեջ մտան բոլոր զորատեսակները` ցամաքային զորքերը, Սևծովյան նավատորմի, Ազովյան ու Կասպիական ռազմական նավատորմիղների ուժերը, ավիացիան, պարտիզանները: Այս պայքարում կարևոր դեր խաղացին և դաժան փորձության ենթարկվեցին Անդրկովկասյան ազգային զորամիավորումները:

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ1942 թ. օգոստոսից ռազմաճակատ ուղարկված հայկական ազգային դիվիզիաները, որոնք կազմավորվել էին դեռևս 1941 թ. դեկտեմբերին, անգնահատելի ավանդ ունեցան հաղթանակի հասնելու գործում: Կովկասի համար մղվող ճակատամարտին մասնակցել է ավելի քան 100.000 հայ զինվոր: Որոշ աղբյուրների համաձայն՝ նրանցից 36.256-ը կռվել են 89-րդ, 408-րդ և 409-րդ հայկական հրաձգային դիվիզիաների շարքերում, իսկ մյուսները՝ տարբեր զորամիավորումներում:

1942 թ. օգոստոսի 7-ին 89-րդ դիվիզիայի հրամանատարությունը առաջադրանք է ստանում նախապատրաստվել Գրոզնու աջ թևի պաշտպանությանը, քանի որ հակառակորդը հասել էր մինչև Թերեք գետը և Գրոզնու մատույցները: Օգոստոսի 13-ին հասնելով Գրոզնի՝ 89-րդ դիվիզիայի ստորաբաժանումները փոխարինում են նախորդ զորամասերին և ստանձնում պաշտպանական դիրքերը: Այնուհետև 9-րդ բանակի ռազմական խորհրդի հրամանով 89-րդ դիվիզիան պաշտպանական դիրքեր է գրավում Թերեք գետի աջ ափում՝ Բենո-Յուրտ, Թերեք, Բալաշովո բնակավայրերի շրջանում:

1942 թ. սեպտեմբերի 11-ին Երևանից ռազմաճակատ է մեկնում նաև 408-րդ դիվիզիան և համալրում Սևծովյան խմբավորման 47-րդ բանակի շարքերը: Անձնակազմի 11.463 անդամներից 11.125-ը հայեր էին: Սեպտեմբերին մղվում էին Հյուսիսային Կովկասի պաշտպանողական ծանր մարտերը: Խմբավորման զորամասերը կատաղի մարտեր են մղում Նովոռոսիյսկի, Տուապսեի և սևծովյան մյուս նավահանգիստների պաշտպանության համար: Թշնամու ավիացիան ուժեղ ռմբակոծության էր ենթարկում մեր միավորումներին: Երկար ժամանակ չստանալով համապատասխան համալրում՝ մեր մարտիկների շարքերը գնալով նոսրանում էին: Գնդապետ Պ. Կիցուկի հրամանատարությամբ 408-րդ դիվիզիան առափնյա ուժերի աջակցությամբ պաշտպանեց Գելենջիկն ու նրա շրջակայքը, ապա մասնակցեց Աբինսկայա,Կաբարդինսկայա, Պերվոյե Գրեչեսկոյե, Երիվանսկի և մի շարք այլ բնակավայրերի համար մղվող ծանր մարտերին, ջախջախեց ռումինական 30-րդ լեռնահրաձգային դիվիզիան՝ տալով շուրջ 8.000 սպանված և վիրավոր զինվոր: 1942 թ. հոկտեմբերին համառ մարտեր մղվեցին Տուապսեի շրջանում, որտեղ ծանր կորուստներ կրելուց հետո դիվիզիան վերակազմավորվեց 7-րդ հրաձգային բրիգադի և շարունակեց մասնակցել Կովկասի այլ բնակավայրերի համար ծավալվող մարտերին: Տուապսեի շրջանում ԽՍՀՄ նավատորմի փառաբանված ծովակալ Հովհաննես Իսակովը ևս ծանր վիրավորվեց և կորցրեց ոտքը:

Երբ Անդրկովկասյան ռազմաճակատի զորքերը նախապատրաստվում էին հակահարձակման և համախմբում իրենց ուժերը, Լենինական (Գյումրի) քաղաքից ռազմաճակատ է ուղարկվում նաև 409-րդ դիվիզիան, որի անձնակազմի 13.837 մարտիկներից 13.460-ը հայեր էին: Դիվիզիան իր մարտական ուղին սկսեց Մոզդոկի շրջանից՝ մասնակցելով Մոզդոկի, Գեորգիևսկի, Միներալնիե Վոդի, Ստավրոպոլի, Արմավիրի և Կրասնոդարի ազատագրմանը:

Կովկասյան ռազմաճակատի պաշտպանողական մարտերին հաջորդում են հարձակողական մարտերը՝ նպատակ ունենալով շրջափակել և ջախջախել հակառակորդի զորքերը Հյուսիսային Կովկասում՝ արգելափակելով նրանց նահանջի ուղիները դեպի Ռոստով, Դոմբաս և Ղրիմ: Այդ ռազմագործողություններին ակտիվորեն մասնակցեցին սևծովյան նավատորմի զորախմբերը, Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի ռազմաճակատների ու Կասպից ծովի նավատորմիղները: Առաջ շարժվելով 600 կմ դեպի արևմուտք՝ ազատագրվեցին Ստավրոպոլի երկրամասը, Հյուսիսային Օսեթիայի, Կաբարդինա-Բալկարական և Ռոստովի մի շարք շրջաններ, Կրասնոդարի երկրամասի որոշ տարածքներ, ինչպես նաև գերմանական գերությունից ազատ արձակվեցին հարյուր հազարավոր քաղաքացիներ: Հակառակորդը, չկարողանալով զորքերը դուրս բերել Ռոստովի ճանապարհներով, ստիպված էր հիմնական զանգվածն ուղղել դեպի Կուբան և Թամանի թերակղզի: Այստեղ նրանք կառուցել էին պաշտպանական ամուր գիծ, որը կոչվում էր «Կապույտ գիծ», և սկսվում էր Ազովի ծովից՝ հասնելով մինչև Սև ծովը: Այն կազմված էր մի քանի շերտից, որտեղ տեղակայված էին կրակային ուժեղ հանգույցներ: Հիտլերյան հրամանատարությունը մեծ կարևորություն էր տալիս «Կապույտ գծի» ամրություններին:

Թամանի թերակղզու մատույցների այսպիսի ուժեղ պաշտպանությունն ու տեղանքի ռելիեֆը դժվարացնում էին մեր զորքերի հարձակումը, ինչի համար պահանջվեցին նաև դեսանտային գործողություններ: Թերակղզու ազատագրմանը մասնակցում էին ավելի քան 150 նավ և նույնքան մարտական ինքնաթիռ: Հուժկու հարձակումների դիմեցին ցամաքային զորքերը՝ հիմնականում 18-րդ բանակը, որի կազմում էր 89-րդ դիվիզիան: Վերջինս ակտիվ մասնակցություն ունեցավ և հարձակողական գործողություններ ծավալեց Դոլգայա լեռան ու Սախարնայա Գոլովկա բարձունքի ուղղությամբ: Դրանք դիվիզիայի առաջին մարտերն էին` գնդապետ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ, Նովոռոսիյսկ քաղաքի և Թամանի թերակղզու ազատագրման համար: Ռազմաճակատի այս հատվածում ընդհանուր հարձակումը, ինչպես հայտնի է, սկսվել էր 1943 թ. սեպտեմբերի 10-ին: Դիվիզիայի ձախ թևում գործող զորամասերը սեպտեմբերի 16-ին ազատագրեցին Նովոռոսիյսկ քաղաքը: Աջ թևում գործող զորամասերը ծավալելով գրոհը, ճեղքեցին թշնամու պաշտպանության «Կապույտ գիծը»: Հակառակորդի կրակային կետերից շատերը լռել էին: Անհրաժեշտ էր լռեցնել նաև մյուս կրակակետերը՝ ճանապարհ բացելու առաջ շարժվող զորքերի համար: Այդ գործն իր վրա է վերցնում ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը: Նա բարձրանում է Դոլգայա լեռ և իր կյանքի գնով լռեցնում թշնամու գնդացրի կրակը՝ մարմնով փակելով ֆաշիստական փայտա-հողային կրակակետի (ՊջՏՑ) գնդացրային հրակնատը: Այդկերպ նա ճանապարհ բացեց հարձակվող իր մարտական ընկերների համար՝ ապահովելով նրանց առաջընթացը: Ապա դիվիզիան ազատագրեց Դոլգայա լեռը և Վերխնե-Բականսկի խոշոր բնակավայրը: Այդ սխրանքի համար Հունան Ավետիսյանը հետմահու արժանանում է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման:

Շարունակելով հետապնդել թշնամուն՝ դիվիզիայի զորամասերը առաջ էին ընթանում գիշերներով: Հնգօրյա համառ մարտերի ընթացքում առաջ շարժվելով ավելի քան 30 կմ՝ դիվիզիան ճեղքեց հակառակորդի պաշտպանությունը և հոկտեմբերի 3-ին առաջինը մտավ Թամանի թերակղզի, որի համար դիվիզիան արժանացավ «Թամանյան» պատվանվանը: Իսկ հաջորդ օրը դիվիզիայի մարտիկներն ազատագրեցին Պրիմորսկայա խոշոր բնակավայրը: Այսպես 89-րդ դիվիզիան ավարտեց մարտական գործողությունները Թամանի թերակղզում: Իսկ հոկտեմբերի 9-ին ռազմաճակատի զորքերի զանգվածային հերոսությունների շնորհիվ Կովկասն ամբողջությամբ ազատագրվեց թշնամուց:

Կովկասը պաշտպանած 115 զինվորներ, որոնցից 6-ը հայեր էին, արժանացան ԽՍՀՄ հերոսի բարձր կոչման: Նովոռոսիյսկի և Թամանի թերակղզու ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար ԽՍՀՄ հերոսի բարձր կոչման են արժանացել նաև սակրավոր, շարքային Ջահան Կարախանյանը և ավագ սերժանտ Սուրեն Առաքելյանը: Իսկ Կովկասի պաշտպանական մարտերում աչքի ընկած հայ զինվորներից Խորհրդային Միության հերոսի կոչմանն առաջինն արժանացել է կապիտան Սամսոն Մկրտումյանը, որը 1942 թ. հունիսի 24-ից նոյեմբերի 16-ը Իլ-2 օդանավով 27 մարտական թռիչք կատարելով՝ ոչնչացրել էր հակառակորդի մեծ քանակությամբ զինտեխնիկա, ինչպես նաև հարյուրավոր զինվոր ու սպա: Մարտական առաջադրանքները գերազանց կատարելու, անձնական խիզախության և թշնամու յոթ ինքնաթիռ խոցելու համար հերոսացավ նաև լեյտենանտ Սուրեն Թաշչիևը: Ավագ լեյտենանտ Ղուկաս Մադոյանը ևս արժանացել է ԽՍՀՄ հերոսի բարձր կոչման՝ իր գումարտակով Դոնի Ռոստովի մարտերի ժամանակ երկաթուղային կայարանն ազատագրելու, այն վեց օր պահելու և այդ ընթացքում հակառակորդի 43 գրոհ հետ մղելու համար: Այս ճակատամարտում ցուցաբերած արիության ու խիզախության համար հայ զինվորներից շատերն արժանացան կառավարական պարգևների, շքանշանների ու մեդալների՝ բարձր պահելով հայ ժողովրդի պատիվը: Նրանք հերոսական դրսևորումներով աչքի ընկան օդային ու ծովային նավատորմներում, տանկային, հրետանային, հեծելազորային տարբեր զորամիավորումներում, պարտիզանական ջոկատներում՝ մեծ ներդրում ունենալով հաղթանակը կերտելու գործում:

Կովկասի համար մղված ճակատամարտը Հայրենական մեծ պատերազմի պատմության փառավոր էջերից է: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը, բարձր գնահատելով Կովկասի ճակատամարտի պատմական նշանակությունը, այն դասեց Մոսկվայի, Լենինգրադի, Օդեսայի, Սևաստոպոլի և Ստալինգրադի ճակատամարտերի շարքին և ստեղծեց «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, որով պարգևատրվել է 583.045 պաշտպան:

ԳՈՒԼԻԶԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական

պատմության թանգարանի գիտաշխատող

Խորագիր՝ #40 (1505) 30.10.2023 - 6.11.2023, Պատմության էջերից


02/11/2023