ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ 26 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունն ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ և հուշագրի ստորագրմամբ: Սկզբնապես այն կոչվել է Բանակի հոգևոր ծառայություն:
1997 թ. բանակի հոգևոր ծառայությունը գլխավորել է Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը, իսկ 1999 թ.-ից մինչև 2007 թ. ծառայության պատասխանատուի պաշտոնը հաջորդաբար զբաղեցրել են Տ. Արշեն աբեղա Սանոսյանն ու Տ. Նորայր աբեղա Սիմոնյանը: 2007 թ. հոկտեմբերի 1-ին ծառայությունը կրկին գլխավորել է Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը: Վերջինս 2008 թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս, որով բանակի հոգևոր ծառայությունն ստացել է առաջնորդության կարգավիճակ: 2021 թ. փետրվարի 10-ից պաշտոնավարում է Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։
2012 թ. հունվարի 29-ին հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով Աշոտ Բ Երկաթ Բագրատունի (914-928 թթ.) թագավորի խաչը հայտարարվել է հայոց բանակի պահապան և հովանավոր սրբություն։ Հրաշագործ խաչի կրկնօրինակը, որի կենտրոնում ապակու տակ զետեղված է Քրիստոսի փրկչական խաչափայտից մի մասունք, օծվել և հանձնվել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությանը:
2017 թ.-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, ՀՀ զինված ուժերի զորամիավորումներին և կայազորներին հանձվել են զորատեսակների բարեխոս սրբերի պատկերներով խաչվառներ, որոնք պահվում են զորամասի մարտական դրոշի կողքին։
Պատմական ակնարկ
Հայ ժողովրդի պատմությունը բազում օրինակներով է արտահայտում այն նվիրումը, հոգևոր օժանդակությունն ու անուրանալի դերը, որ Հայ եկեղեցին՝ իբրև ազատագրական պայքարը կենսագործող ուժ, ունեցել է հայրենի երկրի պաշտպանության գործում։ Այդ պայքարի լավագույն օրինակներից է Վարդանանց սրբազան պատերազմը, որ մղվում էր «վասն հայրենեաց եւ վասն հաւատոյ…»։ Ահա այս երկու շեշտադրումներն են, որ մշտապես եղել ու մնում են մեր Եկեղեցու գաղափարախոսության կիզակետում։ 451 թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտում Ս. Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսը (440-452 թթ.) ու Ս. Ղևոնդ Երեցը սպարապետ Ս. Վարդան Մամիկոնյանի ու մյուս զորահրամանատարների հետ առաջնորդում էին հայոց բանակն ու աշխարհազորայիններին, և յուրաքանչյուր զորագունդ իր քահանաներն ուներ: Ուշագրավ է այն միտքը, որ Ս. Վարդան Մամիկոնյանն արտահայտում է ճակատամարտի նախօրեին հայոց զորքին ուղղված իր ոգեշնչող խոսքում՝ առ այսօր բնութագրելով ռազմիկ հոգևորականի խորհրդանշական կերպարը. «Դուք բոլորդ գիտեք, որ առաջվա ժամանակներում, երբ պատերազմ էիք գնում, թեպետ և սովորություն ունեիք քահանաներին միշտ բանակում պահել, բայց ճակատամարտի ժամանակ, ձեզ հանձնելով նրանց աղոթքին, որևէ ամուր տեղում էիք թողնում նրանց, իսկ այսօր եպիսկոպոսները, երեցներն ու սարկավագները, սաղմոսերգուներն ու գրակարդացները, ամեն մեկը, սահմանված կանոնով սպառազինված և պատերազմի պատրաստված, կամենում է ձեզ հետ միասին հարձակվել ու ջարդել ճշմարտության թշնամիներին»:
Արդեն մեր օրերին ավելի մոտ՝ Սարդարապատի հերոսամարտում, հայ հոգևորականները նույնիսկ առանձին փոքրիկ զորաջոկատ են կազմել, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին անդրադառնալիս հիշարժան են Գևորգ Զ. Ամենայն Հայոց կաթողիկոսի (1945-1954 թթ.) ջանքերով ու եկեղեցու միջոցներով կազմավորված և ռազմի դաշտ ուղարկված «Սասունցի Դավիթ» ու «Դավիթ Բեկ» տանկային շարասյունները: Այսօրինակ քայլերն իրապես շատ են մեր պատմության էջերում։
Մեծ է եկեղեցու դերը նաև Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման և Արցախյան շարժման հաղթանակի գործում։ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի (1955-1994 թթ.) գլխավորությամբ Հայ եկեղեցին իր օժանդակությունն է ցուցաբերել արցախահայությանը, երկրաշարժի ու պատերազմի բովով անցնող հայությանը։ Հայրապետն իր անչափելի գործունեության համար Հայաստանում առաջինն է արժանացել Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը։
Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ծիրում ամենակարևոր ձեռքբերումը, թերևս, Հայոց ազգային բանակի ստեղծումն է։ Այն պետականության հարատևության կարևորագույն ու առաջնային երաշխիքն է։
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության առաքելությունն է զինծառայողներին հաղորդակից դարձնել Սուրբ գրքի ու քրիստոնեական հավատքի սկզբունքներին՝ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի, ինչպես նաև զինծառայողներին դաստիարակել քրիստոնեական-բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով։
ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը, որը հաստատվել է 2000 թվականին, ԱՊՀ երկրներում առաջին պաշտոնական վավերաթուղթն է, որով սահմանվում են զինված ուժերում հոգևոր ծառայության ստեղծման նպատակներն ու խնդիրները, նրա կառուցվածքն ու կառավարումը։
Գնդերեցները նպաստում են զինծառայողների հոգևոր ու բարոյական դաստիարակությանը, քրիստոնեության տեսանկյունից ցույց են տալիս նրանց զինվորական ծառայության արժեքն ու վեհությունը՝ բարձրացնելով նրանց կարգապահության մակարդակը ու մարտական ոգին։ Նրանք նպաստում են ԶՈՒ անձնակազմի ներքին խաղաղությանը, համերաշխությանը, հանդուրժողականությանը, փոխզորակցությանը, կարգապահությանը, մարտունակ ոգու կայացմանն ու պահպանմանը։ Հաճախակի այցելությունները տարբեր եկեղեցիներ, տաճարներ, սրբավայրեր նրանց մեջ արմատացնում է սերը հայրենի հողի, հոգևոր ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ, ծնում անկոտրուն կամք ու ուժ այդ ամենից կառչելու ու ամեն գնով պահպանելու մեր սրբավայրերն ու կոթողները։ Գնդերեցների այցելությունը մարտական հենակետեր ավելի է ամրացնում սահմանագծին կանգնած զինծառայողին, սնում նրա հոգին, հանդարտեցնում մտքերի տեղատարափն ու տալիս «ինչուների» պատասխանը։ Նրանց հղկում՝ դարձնելով ավելի լավ մարտիկ, պատրաստված ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես։ Ամենօրյա գործունեության ընթացքում գնդերեցներն իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես պետք է սիրել ընկերոջը, օգնել նրան դժվարին կեցության մեջ և ոչ միայն, պահպանել ու հոգալ նրա մասին։ Եվ այս փոխադարձ ամուր մթնոլորտը նպաստում է, որ ԶՈՒ-ն առավել լավ կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները, իսկ զինծառայողը վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է, ընկերներն իր կողքին են ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգով են կապված միմյանց։ Գնդերեցների աշխատանքը ներդաշնակեցնում ու դրական է դարձնում միջավայրը, որտեղ ծառայելը պատվաբեր լինելուց զատ, հաճելի է։ Գնդերեցներն իրենց աշխատանքի շնորհիվ նոր հետաքրքրություններ են առաջացնում անձնակազմի շրջանում, նրանց մոտեցնում գրականության ու հայոց պատմության էջերին, սովորեցնում, թե ինչն են պահպանում, ինչի համար են պահպանում և ոնց ավելի լավ պահպանել։ Այս ամենին որպես հավելում` նրանք նաև նպատակ ունեն երկու տարվա ծառայությունից հետո հասարակություն ուղարկել մեկ այլ որակի երիտասարդների, որոնք գիտեն նվիրվել ու սիրել իրենց ազգն ու հայրենի պետությունը և ամբողջ կյանքում մնալ այդ սրբությունների պաշտպանները: Զինված ուժերում հոգևոր ծառայության վերջնական նպատակը զինվորների շրջանում հենց տվյալ որակների կերտումն է։
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը, սերտորեն համագործակցելով ԶՈՒ այլ կառույցների հետ, նպաստում է բանակում քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը: Մարդը հոգեղեն էակ է, իսկ բանակում գաղափարական զինվոր ունենալու հիմքը այդ անձնավորության ճիշտ հոգևոր դաստիարակությունն է։ Հավատքը հզոր միջոց է վտանգի պահին, պատերազմական իրավիճակներում, որպեսզի անձը կարողանա պահպանել կարգապահությունն ու սառնասրտությունը, հաղթահարել վախերը։ Զինծառայողների շրջանում քրիստոնեական-բարոյական, գաղափարական դաստիարակությունը ինքնաբերաբար նպաստում է կարգապահության, բարոյահոգեբանական կայունության ու մարտունակության մակարդակի բարձրացմանը: Գնդերեցներն ամրացնում են պետության այն հիմնաքարերը, որոնք ԶՈՒ-ն կառուցում է ամեն օր, նրանք իրենց ջանքերն են գործի դնում՝ հանուն հայ զինվորի բարօրության, հոգու ամրության, մտքի հանդարտության և ամուր ու անկոտրում հավատքի ձևավորման։
Խորագիր՝ #41 (1506) 06.11.2023 - 13.11.2023, Ազգային բանակ