ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԵՐ ՏՈՒՆ
-Երբ ինձ ասում էին, որ երեխան շատ բան կփոխի, չէի հավատում. ի՞նչը պետք է փոխվեր… Մեր երբեմնի լուսավոր տան ջերմ պատերն ասես սառել էին Գևորգիցս հետո… Ուրախությունը թողել-գնացել էր մեր տնից։ Հիմա, երբ արդեն մեր բալիկը ծնվել է, փոխվել է ամեն ինչ,- ասում է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, դիվիզիոնի ինքնագնաց հրետանային կայանքի հաշվարկի նշանառու, շարքային Գևորգ Խաչատրյանի մայրը՝ Լիլիթ Եգլարյանը, և գորովանքով նայելով գրկում խաղաղ քնած լուսերես նորածնին՝ ավելացնում,- անգամ պատկերացնել չէի կարող, թե որքան ջերմություն կարող է տուն գալ երեխայի հետ։ Վիշտը վիշտ է. այն չի կարող փարատվել, վերանալ, մինչև վերջ ամոքվել։ Բայց այսօր ուրախություն է մտել մեր տուն։
Տիկին Լիլիթը պատերազմում առաջնեկին կորցնելուց հետո մեծ դժվարությամբ էր կայացրել կրկին երեխա ունենալու որոշումը, սակայն և առաջիններից էր եղել, որ գիտակցաբար գնացել էր այդ քայլին՝ սեփական ծանր հոգեկան ապրումները երկրորդ պլան մղելով և հատկապես 14-ամյա կրտսեր որդու՝ Արթուրի և ամուսնու մասին մտածելով։
-Ամուսինս սաստիկ ծանր ապրումներ ունեցավ՝ Գևորգի զոհվելու լուրն առնելով։ Արթուրս եղբորից հետո միայնակ էր, վախենում էր մեզ ևս կորցնելուց։ Մեր վիշտն այնքան մեծ էր, անափ ու խոր…
…Իդեալական երեխա էր Գևորգս՝ գեղեցիկ, բարի, միշտ կոկիկ, հարգանքով, ազնիվ, ընկերասեր։ Հիմա, երբ խոսում ենք ամուսնուս հետ, մտածում ենք, որ ասես երկնային մի բան լիներ նրա մեջ, ասես այս աշխարհից չլիներ…
Տիկին Լիլիթը հիշում է, թե ինչպես պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 10-ից հետո, երբ լուր չի ունեցել որդուց, աշխատավայրում իրեն հանկարծակի վատ է զգացել, տեսիլքի նման որդին հայտնվել է փեսացուի հագուստով, կանգնել իր դիմաց. «Մա՛մ, ես այստեղ եմ, ինձ գտե՛ք»: Մոր սիրտը վատ կանխազգացում է ունեցել…
-Վերջին օրը խոսելիս հեռախոսի մեջ կրակոցների ձայներ էին լսվում: Ասաց, որ դրանք հեռվում են, իրենց մոտ ամեն ինչ խաղաղ է:
Պատերազմի ընթացքում առաջնագծում էր, բայց ամեն Աստծո օր երկու անգամ զանգում էր ու երբեք չի ասել, որ մարտական գործողությունների կիզակետում են։ Միշտ ասում էր, որ իրենք ապահով տեղում են՝ բունկերում. «Մենք հեռու ենք, մեր մոտակայքում կրակ չկա, հանգի՛ստ եղիր»։ Այնքան համոզիչ էր խոսում, որ հավատում էինք։
Հետագայում ծնողները հրամանատարից պիտի իմանային, որ տղաները ուժեղ կռիվ էին տվել այդ օրերին… Գևորգը ընկերոջ՝ Մանուկի համարն էր տվել ու ասել. «Եթե ինձ մի բան պատահի, լուրը կփոխանցեք ընկերներիս։ Իրենք կիմանան՝ ինչ անեն»։ Ընկերներն իմացել էին, սակայն սիրտ չէին արել հայտնել ծնողներին։
…Գևորգ Խաչատրյանը ծնվել է 2001 թ. սեպտեմբերի 14-ին Երևանում։ Հումորով տղա էր, սիրում էր կյանքը, ընկերներին, ծնողներին։ Աչքի ընկնող արտաքինի շնորհիվ դեռ դպրոցում դարձել էր «Թոփ մոդել Երևան» տիտղոսակիր։ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջն ավարտելուց հետո ընդունվել էր Մոսկվայի Կ.Ի. Սկրյաբինի անվան պետական ակադեմիայի Բիոտեխնոլոգիական ֆակուլտետ։ Զորակոչվել էր, և ծառայությունից ընդամենը երկու ամիս անց սկսվել էր 44-օրյա պատերազմը։ Որպես հաշվարկի նշանառու՝ ակտիվ մարտական գործողությունների էր մասնակցել: Հաշվարկի կրակով կարողացել էին հակառակորդին կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ պատճառել։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, հոկտեմբերի 10-ին։
Հայրենիքի պաշտպանության ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով։
-Հոգով պարզ ու մաքուր էր,- պատմում է տիկին Լիլիթը,- եթե ինչ-որ սխալ բան արած լիներ, միևնույնն է՝ խոստովանում էր, չէր թաքցնում։ Մեր միջև լիակատար վստահություն կար։
Եթե ընկերների մեջ վիճաբանություն լիներ, անմիջապես բաժանում էր։ Տանել չէր կարողանում վեճերն ու կռիվները։ Ես մինչև այդ չգիտեի, որ Գևորգին ընկերական շրջապատում «խաղաղության աղավնի» էին անվանում։ Ընկերների խոսքով՝ Գևորգը իրենց «կապող օղակն» էր։
Ես չգիտեմ՝ ինչու, Գևորգի հետ կապված բոլոր իրերը պահում էի՝ իր սանրը, արջուկ խաղալիքը, կոշիկները… Երբ ծառայավայրում էր, ու խոսում էի հետը, նոթատետրումս գրառումներ էի անում։ Ամսաթվով, ժամով գրում էի։ Ոչ մի վատ բան մտքովս չէր անցնում, պարզապես մտածում էի՝ մի օր կգա, միասին կկարդանք, հետաքրքիր կլինի։ Երբ այս դժբախտությունը պատահեց, որոշեցի, որ գիրք եմ կազմելու նրա մասին հիշողություններով։
2023 թ. լույս տեսավ «Պատերազմի ձայնը 9-րդ կիլոմետրից» գիրքը, որը տպագրության է պատրաստել Գևորգի մայրը։ Գրքում ներկայացված են Գևորգի կյանքի հիշարժան դրվագները, ընկերների, բարեկամների ու հարազատների հուշերը։
-Հղիությունը դեռ հաստատված չէր,- շարունակում է Լիլիթը,- երբ մի երազ տեսա։ «Եռաբլուրում» էինք։ Գևորգը երեխա էր ու կորել էր։ Բազմաթիվ սև մեքենաներ էին, ու ես դրանց արանքում նրան էի փնտրում։ Երբ Գևորգը երկու տարեկան էր, ես նրա համար իմ ձեռքով ժակետ էի գործել։ Եվ այդ ամբոխի մեջ գտա Գևորգին՝ այդ ժակետը հագին։ Ամուսնուս ասացի. «Ռուստա՛մ, Գևորգին գտանք»։ Նստեցինք մեքենան ու տուն եկանք։
Երազիցս շատ չանցած՝ իմացա, որ երեխա եմ ունենալու։ Ես միշտ մտածում էի՝ «Երանի աղջիկ լինի»։ Բայց այդ երազին հավատում էի, զգում էի, որ տղա է լինելու։
Այս երեխայի ծնունդով ուրախությունը կրկին վերադարձել է մեր տուն։ Ամենակարևորը՝ փոքր տղաս է շատ ուրախ։ Ամուսինս շատ ուզեց, որ երեխայի անունը Գևորգ դնենք։ Ես դեմ չգնացի նրա որոշմանը։ Բայց ինքս ինձ խոստացել եմ, որ նրա մեջ չեմ փնտրելու Գևորգին։ Որպեսզի տարբերվի եղբորից՝ ես նրան Գևորգ 2-րդ եմ անվանում։
Պուճուր-մուճուր, փոքրիկ այս էակը մեր տանը լույսի մի նոր աղբյուր է դարձել։ Բոլորս տարված ենք իրենով։ Մեր փոքրիկի գալուստը ինձ հիմա ստիպում է ավելի ուշադիր լինել առողջությանս, ավելի լավ հետևել ինձ: Չէ՞ որ պատասխանատու ենք այս փոքրիկ մարդու համար։ Երբ նայում եմ իմ Գևորգ 2-րդին, ինձ լիարժեք մարդ եմ զգում։ Այն դատարկությունը, որ առաջացել էր իմ մեջ, ինչ-որ չափով լցվել է։ Մի հատված կա, որ ոչնչով լցնել չի լինի, իհարկե, ցավ է պատճառում ինձ, բայց մի մեծ սեր է մտել հոգուս, մարմնիս մեջ ու ջերմացնում է ինձ։ Ջերմություն է մտել մեր տուն, սառած պատերը ջերմացել են։
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #41 (1506) 06.11.2023 - 13.11.2023, Ճակատագրեր