Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ



ՀԱՅԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄԵգիպտական հողի վրա հաստատված առաջին հայի մասին եղած տեղեկությունը վերաբերում է մ.թ.ա. I դարին: Հռոմեական Սալլյուստոս պատմիչը, որը երկար տարիներ կառավարել է Եգիպտոսը, (Salluste մ.թ.ա. 86-35 թթ. Jugurtha գրքում), գրում է, որ Եգիպտոսում շատ հայեր են ապրում և իշխող դիրք ունեն։

Եգիպտոսի պատմական Թեբե քաղաքում III դարից մեզ է հասել Խոսրով անունով մի հայի տապանաքար հետևյալ հունարեն արձանագրությամբ. «Խոսրով, հայ տեսնելով զարմացա»։

Հայտնի փաստ է, որ V դարում Հայաստանից Ալեքսանդրիա՝ ժամանակի քրիստոնեական արևելքի կրթական կարևոր կենտրոններից մեկում ուսանելու են մեկնել պատմիչներ Մովսես Խորենացին և Եղիշեն։

VI դարի բյուզանդական պատմիչ Պրոկոպիոս Կեսարացու վկայություններից երևում է, որ Հուստինիանոս Ա-ի ժամանակ (527-565 թթ.) Եգիպտոսում տեղակայված են եղել հայկական զորամասեր ։ VI-VII դդ. Եգիպտոսի կառավարիչներից մի քանիսը հայեր են եղել՝ Ներսես Բասենցի, Արտավան Արշակունի, Հերակլ և այլն։ Հայտնի է, որ Ներսես Բասենցին հայտնի է եղել «Աֆրիկայի դուքս» տիտղոսով։

ՀԱՅԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄVI-VII դդ. մեզ հասած արձանագրություններից պարզվում է, որ քիչ չեն այն հայերը, որոնք ապրելով Եգիպտոսում, ջանք ու եռանդ չեն խնայել՝ օգտակար լինելու այդ երկրին, կառուցելով պալատներ ու բերդեր, վսեմաշուք տաճարներ ու կամուրջներ՝ իրենց անունը հավերժացնելով հունարեն կամ լատիներեն արձանագրություններով։ Արաբ պատմագիրները վկայում են, որ իսլամական աշխարհի միակ սուլթանուհի Շաջարաթ Էլ Դուրը հայ էր։

Արաբական խալիֆայության տիրապետության շրջանում հիշատակություններ կան Վարդան Էլ-Ռումի հայի մասին, որը ծառայելով խալիֆայության բանակում, մասնակցել է Ամր զորավարի եգիպտական արշավանքներին և աչքի է ընկել իր հնարամտությամբ ու քաջագործություններով։ Երբ Արաբական խալիֆայությունը նվաճել է Եգիպտոսը, և Ամր զորավարը հիմնել է Ֆուստատ քաղաքը, շինարարական աշխատանքներին մասնակցել է նաև Վարդան Էլ-Ռումին, որը Ֆուստատ քաղաքում կառուցել է ծածկած մի շուկա և այն իր անունով կոչել է Սուք Էլ-Վարդան։ Կառուցել է նաև Դար ալ-Նահաս անունով չքնաղ պալատը։

Արաբական պատմիչները առանձնապես գովեստով են խոսում եգիպտահայ Ալի բին-Յահյա Աբուլ-Հասան Էլ-Արմանիի մասին, որը Եգիպտոսը կառավարել է 841 և 849-850 թվականներին։

Արաբական սկզբնաղբյուրները ուշագրավ տեղեկություններ են հաղորդում Ֆաթիմյան սուլթանության ժամանակաշրջանում վեզիրության պաշտոնի հասած մի քանի հայերի մասին։ Հայ վեզիրների գործունեությունն այնքան նշանակալի է եղել Եգիպտոսի պատմության մեջ, որ պատմիչներն այդ շրջանն անվանել են «Հայկական շրջան»։

ՀԱՅԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄԵգիպտոսում իշխող դիրքի հասած հայ վեզիրներից նշանավոր է Բաղր ալ-Ջամալին կամ Գամալին։ Նրա մասին կարևոր տեղեկություններ է մեզ հաղորդում XI դարի հայ նշանավոր պատմագիր Մատթեոս Ուռհայեցին։ Բաղր ալ-Ջամալին վեզիրության պաշտոնին եղել է 1070-1094 թվականներին և շատ բարյացակամ վերաբերմունք է ունեցել Եգիպտոսի հայ գաղթավայրերի նկատմամբ, իսկ մի շարք հայերի էլ նշանակել է զինվորական ու պետական բարձր պաշտոնների։ Նրա իշխանության օրոք՝ 1075 թ. Եգիպտոս է ժամանում Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը և իր զարմիկ Գրիգորիսին կարգում է եպիսկոպոս։ Բաղր ալ-Ջամալին առանձնապես մեծ աշխատանք է կատարել Կահիրեի վերաշինության գործում։ Կահիրեի նշանավոր պարիսպը և երեք դռները, որոնք կանգուն են մինչ օրս, կառուցել են եդեսիացի երեք հայ ճարտարապետները։

Բաղր ալ-Ջամալիից հետո վեզիրության պաշտոնն ստանձնել է որդին՝ Շահնշահը, որը արաբական մատենագրության մեջ հայտնի է Աֆդալ պատվանունով։ Նա դրամ է հատել, կառուցել հանրահայտ Աբու ալ-Մունաջայի ջրանցքը։ Ըստ արաբ մատենագիրների՝ Աֆդալը կառուցել է Մեջիտ էր-Ռասատ աստղադիտարանը։

Եգիպտոսի նշանավոր հայ վեզիրներից է եղել նաև Բահրամ ալ-Էրմանին կամ Արմանին։ Նա Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի քեռորդին էր և Ներսես Շնորհալու հորեղբայրը։ Արաբական Ֆաթիմյան խալիֆայության հայազգի վեզիր Վահրամ Պահլավունին կամ Բահրամ ալ-Արմանին իր դիրքը Եգիպտոսում ամրացնելու նպատակով Կիլիկիայից և Սիրիայից բերել է հայ զինվորականների և բանակի զգալի մասը համալրել նրանցով։ Եգիպտացի պատմաբան Ահմադ ալ-Մաքրիջին (1364-1442 թթ.) նշում է, որ. «Խալիֆ Հաֆեզը Բահրամ ալ-Արմանիին վեզիրի զգեստ (խիլա) է հագցնում, չնայած վերջինս քրիստոնյա էր և մզկիթ մտնելու իրավունք չուներ»։

Արաբական Ֆաթիմյան շրջանի խալիֆայության հայ վեզիրներից առանձնահատուկ է Թալայ իբն Ռուզիքը, որը Եգիպտոսում վեզիրության շրջանում իր ռազմագիտական կարողությունների հետ միաժամանակ ունեցել է նաև բանաստեղծական առանձնահատուկ տաղանդ։

Ֆաթիմյան շրջանի հայ վեզիրներից վերջինը, թերևս, Ռուզիք իբն Սալիհն էր (1161-1163)։ Այս շրջանում հայ բնակչությունը կենտրոնացած էր Մըսր՝ ներկայիս Կահիրե քաղաքում։

ՀԱՅԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄՄիջազգային առևտրի շնորհիվ հայ համայնքներն աշխուժություն ապրեցին XVIII դարում։ Սկսվում է հայերի գաղթը դեպի Եգիպտոս, մասնավորապես՝ Ալեքսանդրիա և Կահիրե։ XIX դարի վերջերից Եգիպտոսում ծխախոտի արտադրության կեսից ավելին բաժին էր ընկնում հայ ձեռնարկատերերին։ Եգիպտահայերը աչքի էին ընկնում նաև քաղաքական կյանքում։ 1828 թվականին Կահիրեում, իսկ 1851-ին Ալեքսանդրիայում հիմնվում են առաջին հայկական դպրոցները։

XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայերը մեծ դեր են խաղում Եգիպտոսի տնտեսական կյանքում։ Կահիրեում բացվում են «Գևորգ Թոփալյան», «Կ. Քեչյան», «Սարգիս Մանուկյան», «Ստեփան Իփլիկճյան» և այլ խոշոր առևտրական տները։

Մեծ եղեռնից մազապուրծ եղած շատ հայեր ֆրանսիացիների օժանդակությամբ, հատկապես Սուետիայի հայկական գյուղերից, իջնում են Պորտ Սաիդ նավահանգիստ: Եթե 1913 թվականին հայերի թիվը Եգիպտոսում հասնում էր 15 000-ի, ապա 1917-ին այն անցնում է 17 000-ի շեմը։ Հայերի թիվը Եգիպտոսում իր բարձրակետին հասնում է 1940-ական թվականների վերջերին՝ մոտավորապես 40 հազար մարդ։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ համաշխարհային պատերազմները և թե՛ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար են անդրադառնում եգիպտահայ համայնքի վրա, որը կորցնում է իր երբեմնի մեծ դերն ու նշանակությունը, որ ունեցել էր Եգիպտոսի տնտեսական կյանքում։

1952 թ. Գամալ Աբդել Նասերի հեղափոխությունից հետո հայերը հիմնականում լքում են Եգիպտոսը և բնակություն են հաստատում Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, ներգաղթում են նաև Խորհրդային Հայաստան։

Ժամանակակից Եգիպտոսի հիմնադիրը համարվող Մուհամեդ (Մեհմեդ) Ալի փաշան 1826 թ. Փարիզ ուսանելու է ուղարկում մի խումբ ուսանողների, որոնց մեջ էր սեբաստացի Արթին բեյ Չրաքյանը (1800-1859 թթ.), որ հետագայում՝ 1844-1850 թթ. նշանակվում է Եգիպտոսի արտաքին գործերի և առևտրի նախարար։ Իսկ նրա հայրը՝ Սուքիաս Չրաքյանը, Թուրքիայում լինելով Եգիպտոսի իշխան Թուսունի ունեցվածքի կառավարիչը, վերջինիս մահից հետո՝ 1812 թ.-ին Կահիրե է տեղափոխվում և ընտանիքով հաստատվում այնտեղ։

Արթին բեյ Չրաքյանը բազմաթիվ աշխատություններ է թարգմանել ու ընթերցել Մեհմետ փաշայի համար՝ վերջինիս ծանոթացնելով կառավարման իրավունքի սկզբունքներին, քանզի Մեհմեդ փաշան անտառաճանաչ էր և միայն կյանքի վերջում էր սովորել գրել ու կարդալ։ «Իմ կարդացած միակ գրքերը մարդկանց դեմքերն են, և ես հազվադեպ եմ սխալվել նրանց ընթերցման մեջ». հետագայում խոստովանել է Մեհմետ փաշան։

XVIII դ. Դավիթ Բեկի ապստամբության մասնակից հայ զորավարներից մեկը՝ Նուբար Մելիքը, ծնունդով Շիկահող գյուղից, տեղափոխվում է Զմյուռնիա (Իզմիր), ուր 1825 թ. լույս աշխարհ է գալիս նրա առաջնեկը՝ Մկրտիչը, որը հետագայում ամուսնանում է Եգիպտոսի արտաքին գործերի և առևտրի նախարար Պողոս Յուսուֆյանի քրոջ հետ։ Նրանց զավակները հետագայում պապի անունով ազգանունը դարձնում են համահայկական նշանակության պատվելի՝ Նուբարյան։

XIX դ. Եգիպտոսում հայտնի երկու հայ ընտանիքների՝ Նուբարյանների և Չրաքյանների մի քանի սերունդներ իրենց քաղաքական, դիվանագիտական գործունեությամբ մեծ նպաստ են բերում Եգիպտոսի պետականության կայացմանն ու բարգավաճմանը։

ՀԱՅԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ Նուբար փաշան՝ Եգիպտոսի առաջին վարչապետը, որը վարչապետ է եղել երեք անգամ՝ 1878-1879, 1884-1888, 1894-1895 թվականներին, մեծ ավանդ ունի Կարմիր ծովը Միջերկրականի հետ կապող 164 կմ երկարությամբ Սուեզի ջրանցքի կառուցման գործում։ Նուբար փաշան 1878 թվականին կազմում և Բեռլինի կոնգրեսին է հղում թուրքական տիրապետության տակ գտնվող հայերի վիճակի բարելավման իր ծրագիրը, որը, ցավոք, չի ներկայացվում կոնգրեսին։ Նուբար փաշայի անվան հետ են կապվում նաև Եգիպտոսում դատական բարեփոխումները:

Նուբար փաշայի որդին՝ Պողոս Նուբար փաշան, հայ ականավոր քաղաքական գործիչ էր, որը լայն դիվանագիտական գործունեություն է ծավալում Եգիպտոսում և Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում ղեկավարում է հայ ազգային պատվիրակությունը։ 1919 թվականի ապրիլին Պողոս Նուբարը և Ավետիս Ահարոնյանը Ամերկոմի հետ ստորագրում են համաձայնագիր՝ անկախ Հայաստանի Հանրապետությանը ալյուր և մեծ քանակի սննդամթերք ուղարկելու նպատակով։ Իսկ արևմտահայերին տրամադրում է օգնություն մոտավորապես 1 600 000 ֆրանկի չափով։ 1906 թվականին նրա ջանքերով է հիմնադրվում հայկական ամենամեծ բարեգործական հիմնադրամը՝ Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որն ուներ միայն մեկ նպատակ՝ օժանդակություն ցուցաբերել Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հալածված ու տնազուրկ հայերին։ ՀԲԸՄ-ն Կահիրեում է գործում մինչև 1921 թվականը, ապա տեղափոխվում է Փարիզ, ուր 1913-1914 թթ. բնակվում էր Պողոս Նուբար փաշան։ 1928 թվականին, առողջական խնդիրների պատճառով, նա հեռանում է ՀԲԸՄ-ի նախագահի պաշտոնից (հռչակվելով հավերժ նախագահ)՝ այն թողնելով մեկ այլ նշանավոր հայ բարեգործ-գործարարի՝ Գալուստ Գյուլբենկյանին։

Պողոս Նուբար Նուբարյանը հայագիտությունը զարգացնելու նպատակով 4000 ոսկի է փոխանցում Օքսֆորդի համալսարանին՝ հայագիտական ամբիոն բացելու նպատակով։ Նշանավոր է նաև Նուբարյան մատենադարանի հիմնումը Փարիզում։ Նրա անվան հետ է կապվում նաև կարծր հողերի հերկման ինքնաշարժ գութանի՝ առաջին տրակտորի ստեղծումը, որի համար Պողոս Նուբարը Փարիզում արժանանում է Պատվո լեգեոնի խաչի։

Եգիպտոսում մյուս նշանավոր տոհմի՝ Չրաքյանների նախնիները Սեբաստիայից տեղափոխվում են Կոստանդնուպոլիս և մինչև Եգիպտոս գնալն արդեն Օսմանյան կայսրության բարձրաստիճան կառավարիչներ էին։ Արթին փաշա Չրաքյանը Եգիպտոսի կրթության նախարարն էր, իսկ 1835-ին նա Ինժեներական դպրոցը վերակազմավորում է Պոլիտեխնիկ դպրոցի, որի տնօրեն է նշանակում Յուսուֆ բեյ Հեքեքյանին։

Բարձր գնահատելով հայերի դերն ու վաստակը Եգիպտոսի արտաքին գործերի և առևտրի նախարարության բարգավաճման գործում, օտարազգիները հաճախ այս հաստատությունն անվանում էին «Հայկական պալատ»։

1828 թվականին Կահիրեում է հիմնադրվել սփյուռքի մյուս նշանավոր կրթական և բարեգործական միությունը՝ Համազգային հայ կրթական-մշակութային միությունը, որի հիմնադիրներն էին Լևոն Շանթը, Համո Օհանջանյանը, Նիկոլ Աղբալյանը և այլ ականավոր գործիչներ։

Հայերը մեծ ներդրում ունեն նաև Եգիպտոսի մշակույթի և արվեստի բնագավառներում։ Դեռևս XII դարում հայազգի առաջին արաբագիր հեղինակ Աբուլ Ղարաթ թալայի իբն Ռուզիք ալ-Արմանին, որը նաև Եգիպտոսի մեծ վեզիրն էր, գրել է բանաստեղծություններ, որոնցից որոշ հատվածներ հասել են մեր օրերը։ XII-XIII դարերում է գործել Աբուսահլ Հայը (Աբու Սալիհ ալ-Արմանի), որը գրել է Եգիպտոսի եկեղեցիների ու վանքերի պատմությունը, հետաքրքիր տեղեկություններ հաղորդել եգիպտահայերի մասին։ Նշանավոր է նաև Բութրոս ալ-Սաղամանդի ալ-Արմանին, որ հեղինակել է մեկնողական ու դավանաբանական երկեր՝ դառնալով արաբական քրիստոնյա գրականության ականավոր դեմքերից մեկը։

Եգիպտահայ համայնքը արդեն նոր ժամանակներում տվել է շատ նշանավոր մշակութային գործիչներ՝ Արփիար Արփիարյան, Վահան Թեքեյան, Տիգրան Կամսարական, Երվանդ Օտյան և հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը՝ Սիրանույշը։ Թվարկված բոլոր երևելիներն էլ հանգչում են Կահիրեի հայկական գերեզմանատանը։

1920 թվականի նոյեմբերին Զորավար Անդրանիկը ժամանում է Ալեքսանդրիա։ Եգիպտահայերը նախապես տեղեկանալով Զորավարի այցելության մասին, սեղմ ժամկետում դրամահավաք են կազմակերպում, որպեսզի հերոսի համար մի շքեղ թուր պատրաստեն։ Մրցույթ են հայտարարում, որին մասնակցում են Կահիրեի Խան Խալիլի հայ ոսկերիչները, և որոնք գործը կատարում են մեծ նվիրումով ու բծախնդրությամբ։ Մեծ ընդունելություն է կազմակերպվում, և Զորավարին թուրը հանձնում է եգիպտահայոց թեմի առաջնորդ Թորգոմ սրբազանը։ Փղոսկրե կոթով, 70 ադամանդներով զարդարված թուրը պատրաստված էր հայկական պատմական թրերի նմանությամբ, և Զորավար Անդրանիկը այն իր կյանքի վերջում նվիրում է Հայաստանի պատմության թանգարանին։

Հայկական ազգային գաղափարախոսության, ավանդական արժեքների պահպանման շնորհիվ եգիպտահայերը կարողացել են մահմեդական արևելքի այդ կենտրոնում պահպանել իրենց ինքնությունը, մշակույթն ու լեզուն։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #44 (1509) 27.11.2023 - 01.12.2023, Հոգևոր-մշակութային


30/11/2023