Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԶԵՆՔՆ ԷԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ Է



ՄԵՐ ԶԵՆՔՆ ԷԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԶորամասի շարահրապարակում համազգեստով երաժիշտներն են՝ զինվորական նվագախմբի տղաները: «Դեֆիլե» վարժության տարրերն են փորձում. նվագելուն զուգընթաց՝ պարային ճկուն շարժումներ են անում, զինվորական հանգով քայլում։

Արդեն 31 տարվա կենսագրություն ունի ՀՀ ԶՈՒ նվագախումբը:

– Նվագախումբը ստեղծվել է 1992 թվականին և նորանկախ Հայաստանի խորհրդանիշներից մեկն է համարվում: Մեր ծառայության գործունեությունն ու գործառույթներն ուղղված են երգի, երաժշտության միջոցով զինված ուժերի անձնակազմի գաղափարական, մշակութային, բարոյահոգեբանական դաստիարակմանը. մշտապես թև ու թիկունք ենք մեր երկրի սահմաններին կանգնած զինվորին ու սպային: Ռազմական երաժշտությունը զենքից պակաս կարևոր չէ, իսկ ռազմանվագախմբի «մարտական առաջադրանքներից» մեկն էլ զինվորի ոգին բարձր պահելն է,- ասում է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ-գլխավոր զինվորական դիրիժոր գնդապետ Հայկ Գրիգորյանը:

Նվագախումբը մասնակցել է 2000-ից ավելի պետական, կառավարական, գերատեսչական միջոցառումների եւ արարողությունների՝ օտարերկրյա պատվիրակությունների դիմավորումներ, հանդիսություններ, զորահանդեսներ…

– Ելույթներ ենք ունեցել Ռուսաստանի Դաշնությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Շվեդիայում… Ամենուր բարձր ենք պահել մեր երկրի, մեր բանակի պատիվը,- նշում է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետի տեղակալ փոխգնդապետ Արտակ Սիմոնյանը:

Թե՛ հայ, թե՛ օտար հանդիսատեսը միշտ էլ հիացել է ռազմական նվագախմբի տպավորիչ կատարումներով:

– Բելառուսի Հանրապետության նախագահի այցի ժամանակ հնչեցրինք Բելառուսի օրհներգը: Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրաձայնեց իր տպավորությունը. «Շատ երկրներում եմ լսել մեր օրհներգը, բայց ոչ մեկը ձեզ նման կատարյալ չի նվագել»,- հիշում է փոխգնդապետ Սիմոնյանը:

ՄԵՐ ԶԵՆՔՆ ԷԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԻսկ յուրաքանչյուր դիտարժան ու տպավորիչ կատարման հետեւում ամենօրյա քրտնաջան աշխատանք է. հեշտ չէ քայլելով նվագելը, չափավարելը, երբ ե՛ւ քայլքդ ճիշտ ու մշակված պետք է լինի, ե՛ւ երաժշտությունն անսխալ հնչի, ձայնը չտատանվի, որ ամեն ինչ համահունչ ու ներդաշնակ լինի, եւ այս ամենը՝ անկախ եղանակային պայմաններից՝ վարար անձրև, ձյուն, կիզիչ արև…

Բացի մասնագիտական եւ ֆիզիկական պատրաստվածությունից՝ զինվորական նվագախմբի անձնակազմը նաեւ գերազանց հիշողություն պետք է ունենա, անգիր նվագի ցանկացած ստեղծագործություն:

Նվագախմբի անձնակազմը բաղկացած է պայմանագրայիններից և ժամկետայիններից: Վեց ամիսը մեկ համալրվում է ժամկետայիններով, և հարկ է մանրակրկիտ ամեն նրբություն  ուսուցանել նորից: Սակայն ոչ մի դժվարություն ու բարդություն չի խոչընդոտում համախումբ աշխատանքը, «մարտական առաջադրանքը» մշտապես կատարվում է գերազանց:

-Նվագախումբը մի ընտանիքի պես է, ամեն մեկը հստակ գիտի իր գործը, իր անելիքը,- շեշտում է ենթասպա Անդրանիկ Պապիկյանը:

Շեփորահար Անդրանիկն արդեն 13 տարի նվագախմբում է:

ՄԵՐ ԶԵՆՔՆ ԷԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ Է– Երգ-երաժշտության հանդեպ սերը ջութակահար մայրիկիցս եմ ժառանգել: Ժամկետային ծառայությունս անցկացրել եմ զորամասային օղակի զինվորական նվագախմբում և ծառայությունից հետո որոշեցի մնալ բանակում: Սկզբում, ինչ խոսք, բավականին դժվար էր, բայց ժամանակը փորձառություն է բերում, փորձառությունը՝ վստահություն: Տարբեր երաժշտական փառատոների, մրցույթների ենք մասնակցել, ամեն մասնակցություն մի յուրօրինակ քննություն է, ու միշտ էլ  բարձր արդյունքներ ենք գրանցել՝ Աբու Դաբի, Սախալին, Մոսկվա՝ «Սպասսկայա բաշնյա»… Բավականին հարուստ ու բազմազան է մեր նվագացանկը. ժողովրդական, դասական երաժշտություն ենք հնչեցնում, բայց երբ օտար հողում մեր ազգայինն է հնչում, սիրտս հպարտությունից ցնծում է: Ինձ համար պատիվ է զինված ուժերի նվագախմբում նվագելը: Նվագախումբը համալրած ժամկետայիններին էլ մշտապես խորհուրդ եմ տալիս ծառայությունից հետո էլ մնալ մեր շարքերում:

Նվագախմբի ժամկետային զինծառայողներից է կլառնետահար կրտսեր սերժանտ Վարազդատ Հովհաննիսյանը: Մինչեւ բանակ զորակոչվելը երաժշտական տարբեր մրցույթների է մասնակցել.

-Արդեն մեկ տարուց ավելի բանակում եմ: Ծառայությունս մեծ հնարավորություն է տալիս մասնագիտությունս չմոռանալու, ավելի կատարելագործվելու, դե, բանակային կյանքն էլ իր «ձեռագիրն» է թողել՝ ավելի կազմակերպված եմ դարձել, ժամանակը գնահատող: Ծառայավայրումս ամեն օրն էլ հագեցած է անցնում. համերգներով հանդես ենք գալիս զորամասերում, պետական տարբեր միջոցառումների ենք մասնակցում, դիմավորում օտարերկրյա պետությունների պատվիրակությունների, տարբեր երկրների օրհներգեր ենք նվագում՝ տարբեր բարդությունների, բայց քանի որ նվագախմբում բոլորն էլ արհեստավարժներ են, մենք մեր գործը փայլուն ենք կատարում: Հզոր ուժ ու ազդեցություն ունի երաժշտությունը, հզոր էմոցիաներ է արթնացնում, զինվորին էլ ոգեշնչում է, մղում խիզախության։

Բանակից հետո Վարազդատը ուսումը կշարունակի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնում, երազում է նվագել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, մտադրվել է երաժշտական ունակությունները կատարելագործել արտերկրում:

Մեր զրույցի ավարտին բանաձևում է. «Արվեստի մարդն ազգի հոգևոր պաշտպանն է, իսկ մեր զենքն էլ երաժշտությունն է»։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #46 (1511) 11.12.2023 - 18.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/12/2023