Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեցին պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ, որոնց մասնակցում են ՀՀ պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ: Պարապմունքների ընթացքում դասախոսություններով հանդես կգան ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան սպաներ, կանցկացվի կրակային պատրաստության վարժանք:
Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա դասախոսությունները նպատակ ունեն ամրապնդելու ռազմական անվտանգության ապահովման համակարգում պետական բոլոր կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև բարձրացնելու ռազմական անվտանգության ապահովման հարցում սեփական պարտականությունների ու իրավասությունների վերաբերյալ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների իրազեկության մակարդակը:
Հավաք-պարապմունքները բացեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հանդես գալով դասախոսությամբ, որի թեման պաշտպանական ոլորտում բարեփոխումների ընթացքն էր եւ քաղաքացիական նախարարությունների դերն ու նշանակությունը ռազմական անվտանգության հարցերում: Նախարարը ներկայացրեց բարեփոխումների ուղղությունները` ռազմավարական եւ ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, սոցիալ-իրավական։ Սեյրան Օհանյանը նշեց, որ պաշտպանական բարեփոխումների հիմնական նպատակն է քաղաքացիական վերահսկողության, պաշտպանական պլանավորման եւ կառավարման ժողովրդավարական հիմնական սկզբունքների վրա հիմնված ռազմական պահանջներին համապատասխանող ճկուն համակարգի ստեղծումը, որը ի զորու կլինի արդյունավետորեն ապահովելու ՀՀ եւ ԼՂ-ի ռազմական անվտանգությունը, պաշտպանելու ազգային անվտանգության հիմնարար արժեքները, արձագանքելու բոլոր ճգնաժամային իրավիճակներին եւ ապահովելու ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը: Այս նպատակից են բխում պաշտպանական բարեփոխումների խնդիրները` զինված ուժերի մարտական պատրաստականության եւ մարտական հմտությունների մակարդակի բարձրացում, համալրման անհրաժեշտ մակարդակի ապահովում, ռազմավարական զսպման համակարգի համապատասխան միջոցների եւ ուժերի ձեւավորում, ինչը հնարավորություն կստեղծի ՀՀ-ի դեմ ուղղված ռազմական գործողությունների կանխարգելման կամ կասեցման նպատակով կենսական վնաս հասցնելու հակառակորդի տնտեսությանը, ռազմավարական օբյեկտներին եւ համակարգերին։ «Ռազմավարական զսպման համակարգի ներդրումը հնարավորություն կտա փոքր կարողություններով ստիպելու հակառակորդին ձեռնպահ մնալ մարտական գործողությունների ծավալումից։ Խոսքը հեռահար եւ ճշգրիտ համակարգերի ներդրման եւ հատուկ հետախուզական ստորաբաժանումների ավելացման մասին է»:
Ներկայացնելով պաշտպանական բարեփոխումների ընթացքը` նախարարը կարեւորեց սերժանտների պատրաստության դասընթացների անցկացումը, պայմանագրային ծառայության ներմուծումը, ռազմական գիտելիքներ չպահանջող ոլորտներում քաղաքացիական մասնագետների ներգրավումը: Բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ մարտական բարձր պատրաստականությամբ օժտված զինված ուժեր, որոնք առաջին գծում կշարունակեն մնալ պարտադրողի դիրքերում:
Անդրադառնալով քաղաքացիական նախարարությունների դերին եւ նշանակությանը` նախարարն ընդգծեց, որ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների գործունեությունը պետության պաշտպանության եւ անվտանգության հարցերում փոխկապակցված է. «Ռազմական անվտանգության ապահովման հարցում մեծ է տնտեսական կառույցների` ֆինանսների նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության դերը: Տնտեսությունից է կախված ռազմական ներուժը։ Ռազմական անվտանգության ներքին հենասյուներ են կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության նախարարությունները, որոնք մեծ դեր ունեն հայրենիքի ապագա պաշտպանի պատրաստման գործում»:
Հավաք-պարապմունքների կարեւորությունն ընդգծեցին նաեւ մասնակիցները. «Արդեն երկրորդ անգամ է, որ մասնակցում եմ նման հավաքի, կարծում եմ, որ անհրաժեշտ միջոցառում է: Ես Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ եմ, համակարգում եմ զորակոչի, զորահավաքային նախապատրաստության հետ կապված խնդիրները: Նախորդ հավաքը ինձ համար արդյունավետ էր, հստակ պատկերացում կազմեցի, թե ինչպես պետք է լուծենք զորահավաքային նախապատրաստության հետ կապված խնդիրները, ինչպես պետք է մշակել ծրագիր, աշխատանքային պլան: Հուսով եմ՝ դասախոսությունները մեզ կօգնեն խորացնելու մեր գիտելիքները»,-նշեց Հովհաննես Պետրոսյանը:
Կրթության եւ գիտության նախարարության բաժնի պետ Վաղարշակ Վաղարշակյանն էլ ասաց. «Շատ եմ կարեւորում այն գաղափարը, որը նախարարը մի քանի անգամ շեշտեց՝ պաշտպանությունը պետք է լինի համազգային: Այդ գործում մեծ է գիտության դերը, ուստի մեր նախարարության առաքելությունն եմ համարում համապատասխան ծրագրեր ներկայացնելը»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #40 (855) 13.10.2010 – 20.10.2010, Ազգային բանակ


24/01/2011