ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Սահմանային գյուղերը երկրի դարպասներն են: Տավուշի մարզի Չինարի գյուղը հենց սահմանի պռնկին է:
-Երբ վտանգվել է հայրենի եզերքը, չինարեցիները մի մարդու պես ոտքի են կանգնել,- ասում է համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
Իր հողի վրա ամուր կանգնած է չինարեցին: Օտար եզերքում ապրողներն էլ մշտապես սատարում են ծննդավայրին: Աշխատասեր ու ժրաջան, քարից հաց քամող, պատվախնդիր ու սրտաբաց է չինարեցին: Գյուղում հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն է, խաղողագործությունը: Թուզը միշտ արտահանվել է արտերկիր, արքայանարինջ, հոն, կիվի, ձիթապտուղ, ինչ ասես չի աճում, բնության բարիքների պակաս չկա այստեղ:
Սահմանին ապրողները մի առանձնահատուկ ակնածանք ու սեր ունեն զինվորի, զինվորականի հանդեպ, իսկ տոնական օրերին էլ ընդունված ավանդույթ է՝ իրենց բնաշխարհի բարիքներից պարտադիր բաժին են հանում զինվորին: Գյուղում վաղուց ավանդույթ է դարձել նաեւ զորակոչվող տղաներին մեծ տոնախմբությամբ բանակ ճանապարհելը: Չինարեցիները մեկ մարդու պես հավաքվում են գյուղամիջում՝ թնդում է զուռնա-դհոլը, ավագները խորհուրդ-խրատ են տալիս, բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասում ու հանդիսավորությամբ ճանապարհում: Նույն կարգով էլ ընդունում են բանակից զորացրվածներին:
-Սահմանում կանգնած զինվորն է խաղաղության երաշխավորը: Միայն խաղաղություն լինի, չինարեցին իր ծննդավայրը դրախտ կդարձնի,- համոզված է համայնքի ղեկավարը:
Չինարեցի Սերգեյ Սաղոյանը օրերս կհամալրի հայոց բանակի շարքերը.
-Ինչպես սահմանում ապրող շատ երեխաների, իմ մանկությունն էլ անցել է կրակի տակ: Հայրս առաջին կամավորականներից է, ինքնապաշտպանական մարտերի մասնակից: Հիմա էլ իմ հերթն է մեր Հայրենիքը պաշտպանելու:
Ամանորի նախաշեմին հյուրընկալվեցինք հայրենիքի դարպասներն անառիկ պահող զինվորներին: Լեռնային ոլորապտույտ ճանապարհով բարձրացանք մարտական դիրքերից մեկը:
-Սերժանտ Սամվել Հարությունյան,- զինվորական խրոխտ կեցվածքով ներկայացավ դիրքի ավագը: Ծառայությունն իր հունով ընթանում է, կրակոցներ չեն գրանցվել:
Մինչ բանակ զորակոչվելը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում է ուսանել Սամվելը: Մի քանի օրից զորացրվելու է:
-Հայրենիքի պաշտպանությունը չի սկսվում և սահմանափակվում զինվորական ծառայությամբ: Էս հողուջրում ապրող յուրաքանչյուրս զինվոր ենք ընդմիշտ: Քանի կանք մեր երկրի զինվորն ենք ու պաշտպանը,- ասաց սերժանտ Հարությունյանը:
-Ես հինգ տարի Ռուսաստանում ապրելով հասկացա, որ աշխարհում հայրենիքից թանկ ու հարազատ անկյուն չկա: Շատ էի կարոտել մեր հողին ու ջրին,- զրույցին է միանում չարենցավանցի Անտոն Աբագյանը: Անտոնը քանդակագործությամբ է զբաղվում՝ քանդակագործ հայրիկի ճանապարհն է ընտրել:
-Մտածում եմ զինվորական ուղիով գնալ, երևի պայմանագրային ծառայության անցնեմ,- մեզ հետ իր ապագայի ծրագրերով է կիսվում Անտոնը:
Անտոնն առաջին Նոր տարին է դիմավորելու զինվորական միջավայրում:
-Իմ և զինակից ընկերների անունից ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդի Ամանորը, մաղթում եմ հզորություն բանակին ու երկրին, խաղաղություն, առողջություն: Նաև ուզում եմ ասել, որ մենք՝ դիրքապահներս, ամեն ինչ կանենք, որ այս մաղթանքներն իրականանան,- վստահեցրեց շարքային Աբագյանը:
-Հույս, հավատ, սեր, խաղաղություն ու երջանկություն ենք մաղթում,- շարքային Դավիթ Պետրոսյանն էլ իր կողմից է «ճոխացնում» մաղթանքները:
Հայոց բանակում հայ զինվորների կողքին ծառայում են նաեւ այլազգի տղաներ: Ազգությամբ եզդի Արմեն Սնջոյանը, Ռոմիկ Ավանյանը եւ Սինոտ Հասոյանը ևս միանում են բարեմաղթանքին:
-Ազգությամբ եզդի ենք, բայց Հայաստանը մեր ծննդավայրն է, մեր հայրենիքը: Ադլայ դներա՝ բարեմաղթում են իրենց մայրենի լեզվով ու թարգմանում՝ խաղաղություն երկրին:
***
…Օրը մթնում էր, երբ հասանք հաջորդ հենակետ:
Դիրքի ավագ, պայմանագրային սերժանտ Անդրանիկ Բաբասյանը մանրամասնորեն ներկայացնում է դիրքի պայմանները.
-Ամեն ինչով էլ ապահովված ենք՝ գիշերային, ցերեկային տեսանելիության սարքերով, կենցաղային բոլոր խնդիրները լուծված են, և ամենակարեւորը՝ անձնակազմի մարտական ոգին բարձր է։ Այստեղ մի ընտանիքի պես ենք, մշտապես իրար թև ու թիկունք:
-Ու այսպես միասնական ու միակամ էլ աչքի լույսի պես պահում ենք մեր հողը, որի ամեն թիզը կյանքի գնով է պաշտպանված: Առավելագույնը պետք է անենք: Այստեղ՝ մարտական հենակետում կանգնած, ավելի ես կարևորում քո դերը, քո պատասխանատվությունը,- դիրքի ավագին է միանում շարքային Մհեր Մինասյանը:
Դիրքի ավագի ուղեկցությամբ մոտենում ենք դիտակետում աչալուրջ ու զգոն կանգնած զինվորին: Շարքային Նարեկ Հակոբյանն է։ Շնորհավորում ենք գալիք Ամանորը։ Ժպտում է ու փորձառու դիրքապահին բնորոշ վստահությամբ հավաստիացնում.
-Մենք այստեղ ենք, որ հայրենակիցների տոնը տոնի նման լինի: Տարեմուտի շեմին էլ վստահ ու աներեր խրամատում կկանգնենք, որ մեր թիկունքում խաղաղ սրտով նշեք Ամանորը: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ…
Հրաժեշտից առաջ մարտական հերթապահություն իրականացնող տղաներին մատուռի մոտ լուսանկարում ենք:
-Աստված պահապան, հայրենիքի պաշտպաններ…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #48 (1513) 25.12.2023 - 30.12.2023, Ազգային բանակ