Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՈՉ ԹԵ ՊԱՐՏՔ, ԱՅԼ՝ ՊԱՏԻՎ



ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՈՉ ԹԵ ՊԱՐՏՔ, ԱՅԼ՝ ՊԱՏԻՎԵրեկոյանում էր: Մութն իր տիրական թեւերն էր փռում շուրջբոլորը, երբ մարտական դիրքերից ուղեւորվեցինք Տավուշ գյուղ, նախկին Թովուզ: Հյուրընկալվեցինք Պողոսյանների ընտանիքում:

Տավուշ աշխարհում Սաշա եւ Օլյա Պողոսյանների ընտանիքին բոլորն են ճանաչում ու ջերմ խոսքերով բնութագրում, չմոռանալով անպայման շեշտել՝ հայրենապաշտ ու քաջ զավակներ են դաստիարակել:

Պողոսյանների երեք որդիներն էլ՝ Լեւոնը, Յուրին ու Վարուժանը, երբ վտանգվել է հայրենի եզերքի խաղաղությունը, մշտապես սահմանին են կանգնել, մասնակցել շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

-Մեր գերդաստանում ավագների խոսքը միշտ էլ մեծ կշիռ ունի, տղերքս մեծի հարգն իմացող են, ծնողի խոսքը հարգող ու ընդունող: Բայց երբ խառնակ ու լարված ժամանակներում խնդրում էի տղաներիս, որ գոնե մեկը մնա տանը, երեքն էլ միաձայն ընդդիմանում էին՝ Հայրենիքն էլ մեր մեծ տունն է,- արցունքն ու հպարտությունը իրար խառնած՝ պատմում է Օլյա մայրիկը:

Պողոսյանների կրտսեր որդին՝ Վարուժանը, իր երիտասարդ կյանքն է նվիրաբերել հայրենիքին։

Օլյա մայրիկը, վիշտը սրտում անթեղած, պատմում է որդու չիրականացած երազանքներից, անկատար իղձերից: Վարուժանը որոշել էր սպա դառնալ…

16-17 տարեկան էր, երբ ընդգրկվեց կամավորական ջոկատի կազմում: Երկրապահ ջոկատի ամենաակտիվ, ամենախիզախ տղաներից մեկն էր, նրա համարձակությունն ու ոգեղենությունը սահմաններ չունեին:

Երբ ազգային-ազատագրական շարժումը սկսվեց, Վարուժանը տնեցիներին ասել էր՝ գնում է Երեւան, բայց շտապել էր ռազմաճակատ…

Երբ լրացավ 18-ը, համալրեց հայոց բանակի շարքերը։

Վարուժանը եղբայրների հետ միասին մասնակցել է նաեւ Հայաստանի հյուսիսարեւելյան դարպասների պաշտպանությանը՝ Այգեպար, Արծվաբերդ, Մովսես, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր…

1992 թ. օգոստոսի 1-ն էր, լարված իրավիճակ էր հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով: Հակառակորդը թիրախավորել էր հատկապես Այգեպարը՝ անդադար հրետակոծելով այն, նույնիսկ տանկային գրոհ ձեռնարկեց:

Տանկերից մեկի առաջխաղացումը կասեցնելիս էլ զոհվում է Պողոսյանների կրտսեր որդին՝ Վարուժանը, հետմահու արժանանալով ՀՀ «Արիության» մեդալի:

Արիասիրտ քաջորդուն նվիրված հուշ-անկյունում մայրը խնամքով մեկիկ-մեկիկ հավաքել է Վարուժանի փաստաթղթերը, մեդալները, նրա մասին պատմող գրքերն ու թերթերը:

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՈՉ ԹԵ ՊԱՐՏՔ, ԱՅԼ՝ ՊԱՏԻՎՕլյա տատը թոռներին հաճախ է շուրջը հավաքում ու հուշեր պատմում իրենց հերոս հորեղբոր մասին: Եվ իրենց հերոս հորեղբոր ու հայրերի օրինակով էլ զավակները հասակ առան, դաստիարակվեցին։

Ընտանիքի ավագ որդին՝ Յուրին, նախկին զինվորական էր, տղան՝ Զոհրակը, այսօր ռազմական ոստիկանությունում է ծառայում:

Միջնեկ որդու՝ Լեւոնի երեք տղաներն էլ ծառայել են բանակում։

Լեւոնի փոքր որդին օրերս է զորացրվել, ծառայության ընթացքում խրախուսվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Զորացրված զինվորի հետ զրուցելու պատեհ առիթը բաց չեմ թողնում:

-Վաշիկ Պողոսյան,- ներկայացավ երիտասարդն ու երեւի զարմացախառն հայացքս նկատելով՝ նորից կրկնեց այս անգամ վանկատելով՝ Վա-շիկ: Հետո «ստուգաբանում» է՝ մորական պապիս անունը Վաշինգտոն է եղել, ինձ էլ կրճատ Վաշիկ են անվանակոչել:

Վաշիկից հարցնում եմ մյուս եղբայրների անունները:

-Ավագ եղբայրս հերոս հորեղբորս՝ Վարուժանի, միջնեկը՝ Սուրենը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է առաջնագիծ, հորական պապիս անունն է կրում:

Ամեն ընտանիք իր ազգի խտացած պատմության արտացոլումն է՝ հայրերը կռվել են, հիմա էլ որդիները…

-Մի սրտի չափ հայրենիք է մնացել, ու աչքի լույսի պես պիտի պահենք-պահպանենք,- ասում են եղբայրներն ու շարունակում,- մեր հայրը խորհրդային բանակում է ծառայել՝ հեռավոր Մուրմանսկում, ու մեզ բանակ ճանապարհելիս նույն խոսքն էր մշտապես մեջբերում ՝ հայրենիքին ծառայելը ոչ թե պարտք է, այլ՝ պատիվ: Պատվաբեր է հայրենիքի զինվոր լինելը:

-Հայրենիք ունենալը մեծ հարստություն է, պարգեւ, որ ոչ մի գանձով չես փոխարինի,- եւս մեկ անգամ շեշտում է հայրը՝ Լեւոնը,- մեր հողի ամեն միլիմետրը արյունով է գծվել ու արյունով է պահվել, իսկ օտար երկիրը, որքան էլ որ լավը լինի, ու բարեկեցիկ ապրես այնտեղ, միեւնույն է՝ երբեք Հայրենիք չի դառնա… Իրական հայրենասիրությունը առաջին հերթին մարդու կապվածությունն է իր հող ու ջրին, իր արմատներին:

-Մեր բոլոր երազանքներն էլ, նպատակներն էլ իրականացնելու ենք միայն ու միայն հայրենիքում,- վստահեցնում են եղբայրները,- ապրելու ենք մեր երկրում, արարելու, շենացնելու ենք մեր երկիրը։

Օլյա տատի դեմքին ժպիտ է ուրվագծվում, թոռների խոսքը սրտովն է:

-Թող բոլոր երազանքներն իրագործվեն խաղաղ երկնքի տակ: Հեռուստացույցով միշտ հետեւում եմ լուրերին ու ամեն Աստծո օր աղոթում, որ կռիվ, պատերազմ չլինի, որ զավակները անհայր չմեծանան, որ մայրերի արցունքները միայն ուրախության արցունքներ լինեն: Խաղաղություն եմ ուզում…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (1515) 17.01.2024 - 23.01.2024, Ճակատագրեր


22/01/2024