90 ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻ ԶԻՆԱՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը լրագրողներին հայտնել է, որ մինչ 2015 թվականն այդքան գումար կծախսվի նոր զինապահեստների կառուցման ու հների վերանորոգման համար և 2015 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանում չի լինի զինամթերքի, հրթիռների ու պայթուցիկ նյութերի պահպանման ոչ մի բացօթյա տարածք:
Նա միաժամանակ հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը մտադիր է հրաժարվել զինապահեստների ռազմականացված պահպանության բազմաթիվ ստորաբաժանումներից, դրանք փոխարինելով տեսահսկման համակարգերով, որոնք առաջին հերթին կտեղադրվեն 35 հեռանկարային զինապահեստներում:
Բուլգակովը տեղեկացրել է, որ այժմ ՌԴ ՊՆ 140 զինապահեստներում պահպանվում է 6 միլիոն տոննա զինամթերք, որոնց կեսը` ժամկետանց: Վերջիններիս ոչնչացումը նախատեսվում է ավարտել 2014 թվականի հունվարի 1-ին և թողնել 3 միլիոն տոննա զինամթերք: Միայն 2012 թվականին նախատեսվում է 46 զինափորձարաններում պայթեցման միջոցով ոչնչացնել 1,7 միլիոն տոննա զինամթերք, ինչը կիրականացվի 13.000 զինծառայողների ուժերով:
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ պաշտպանական արդյունաբերությունը տարեկան կարող է ոչնչացնել ընդամենը 300.000 տոննա զինամթերք, դրա համար էլ անհրաժեշտություն է առաջացել այս աշխատանքներում ներգրավելու բանակի ինժեներական ստորաբաժանումները: Նույնքան զինամթերք էլ կոչնչացվի հաջորդ տարվա ընթացքում:
Միաժամանակ շարունակվում է զինապահեստների դուրս բերումը խոշոր բնակավայրերից և տարվերջին նրանց թիվը կհասնի 11-ի:
Խորագիր՝ Նորություններ