ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ԼԱՎԸ ՉԿԱ
Իմ ուղեկիցն ու խորհրդատուն Արգամ Հովսեփյանն է: Նա 27 տարի Արավուսի գյուղապետն է եղել և սահմանապահ ջոկատի հրամանատարը: Անցել է պատերազմներով: Հայրենիքի պաշտպանության, ազգային արժանապատվության ու տղամարդու պատվի մասին մեր զրույցը նրա գլխում փիլիսոփայական մտորումներ է ծնում:
-Մարդն ու իր կենսագրությունը անբաժան են,- ասում է,- պաշտոնն ու փողը կանցնեն, կոչումներն ու մեդալները կմոռացվեն, կենսագրությունդ կմնա: Մարդիկ կհիշեն: Ես Արավուսի Արգամն եմ: Ավելի մեծ կոչում չես կարող պատկերացնել, երբ դու ու քո գյուղը այնպես եք ձուլվում իրար, որ գյուղիդ անունը դնում են քո անվան կողքը՝ որպես ազգանուն, որպես քո անվան, ասել է թե՝ քո կյանքի մասնիկ…
Նվեր Ավագյանը Արավուսի Արգամի մարտական ընկերն է: Բոլոր մարտական գործողությունների ժամանակ եղել է իր հրամանատարի կողքին: 20 տարեկան չկար, երբ Մոնղոլիայում զինվորական ծառայությունը կիսատ թողած՝ վերադարձավ Հայրենիք ու գնաց սահման՝ զենքով պաշտպանելու հարազատ հողը:
-Մինչև հիմա սահմանին է,- ասում է Արգամը,- արդեն՝ երեք որդիների հետ: Երբ տան տղամարդիկ՝ չորս հոգի, սահման են բարձրանում, կինը՝ Անահիտը, մնում է մենակ:
-Իսկական հերոս է,- ասում եմ:
-Անահի՞տը, թե՞ Նվերը:
-Երկուսն էլ:
-Եթե Նվերն իմանա, որ իրեն հերոս ես ասում, կզարմանա: Նրա նմանները Հայրենիքը սիրում են մորը սիրելու պես, որդուն սիրելու նման՝ անաղմուկ, սովորական…
…Անահիտը տանը չէ, Նվերը նոր է իջել դիրքերից: …Փոքրամարմին տղամարդ է: Ակնհայտորեն հոգնած տեսք ունի, բայց ժպտում է, ուզում է առույգ երևալ:
-Ո՞նց եք ապրում,- հարցնում եմ:
Մի քիչ մտածում է, հետո պատասխանում.
-Ուրիշ կյանք չեմ ուզում: Ինչ էլ առաջարկես, իմ ապրածի հետ չեմ փոխի: Իմ ծնողներին, իմ գյուղը, մանկության ընկերներիս, սարերի կյանքը, կնոջս, որդիներիս.. Ինչքան մեծանում եմ, էնքան հաճախ եմ հետ նայում: Աչքերս փակում եմ, գնում-թափառում եմ անցյալում…
-Ի՞նչ կա անցյալում, ի՞նչն եք փնտրում, ի՞նչն եք կարոտում:
Նվերը նայում է քննախույզ: Ասես՝ ուզում է որոշել՝ արժե՞ բացել հոգին իմ առաջ, թե ոչ: Ես հնարավորինս սիրալիր ու ջերմ ժպտում եմ:
-Հայրենիքն ի՞նչ է,- հարցնում է անսպասելի: Մինչ ես հավաքում եմ մտքերս, շարունակում է:
-Ինձ ասում են՝ էս քարից աջ քո Հայրենիքն է, էս քարից ձախ քոնը չէ: Նայում ես՝ նույն հողն է՝ իրար կպած, բայց դու պատրաստ ես կյանքդ տալ քոնի համար: Ինչո՞ւ…
Ես թոթվում եմ ուսերս:
-Որովհետև հնչում է կարևոր բառը՝ քոնն է: Քոնն է, հարազատ է՝ ոնց որ մորդ պատկերը, ծերացած հորդ ձայնը, մորդ եփած լոբու ու ավելուկի համը, որ նրա մահից հետո էլ երբեք չես ճաշակում: Ոնց որ քոնն է քո կարոտը: Քո կենսագրությունը:
Ես զգում եմ, թե ինչպես եմ լցվում անբացատրելի քաղցր տխրությամբ:
-Իմ կենսագրությունը իմն է, ոնց էլ պատմեմ, քեզ ձանձրալի կթվա, օտար մարդը…
-Լրագրողը օտար չի լինում,- ասում եմ:
Նվերը բարձրաձայն ծիծաղում է:
-Իմ փեշակը ուրիշների պատմությունները սեփական սրտի միջով անցկացնելն ու պատմելն է, էնպես, որ ուրիշներն էլ զգան, սիրեն:
Նվերը նայում է կասկածանքով: Հետո չգիտես ինչու վեր է կենում բազմոցից, նստում աթոռին ու ասում.
-Ես ծնվել եմ 1971 թվին Արավուս գյուղում: Մեկ եղբայր ունեմ, երեք քույր, ես էլ հետը՝ հինգ երեխա: Հայրս ու մայրս անասնապահ էին: Կով, հորթ, ոչխար…Մայրս գլխաշորը կապած՝ մի կովից անցնում էր մյուսին, ու դույլերը լցվում էին սպիտակ, փրփուր կաթով:
Խառնվում էի հորթերին, ու հովիվ հերս մեզ առաջն արած՝ տանում էր սարերը: …Դո՞ւ որտեղացի ես:
Ես չեմ ուզում պատասխանել. հազիվ ներշնչված պատմում է: Բայց Նվերը չի նահանջում:
-Որտե՞ղ ես մեծացել:
-Արտաշատցի եմ,- ասում եմ անվստահ: Դեմքին հիասթափություն է նկարվում:
-Դու չես հասկանա սարն ինչ է:
-Ի՞նչ է, -հարցնում եմ անմիջապես, որ շարունակի խոսել:
-Ազատություն: Նայում ես չորս կողմդ՝ հորիզոնի գիծն է, դու ես ու երկինքը: Ամպերն իջնում են, փաթաթվում ոտքերիդ: …Գիշերը կրակ էինք վառում, հավաքվում շուրջը, ու ինչ էլ պատմեիր, հեքիաթ էր դառնում… Ինչ էլ ուտեիր, համից չէիր կշտանում: Հետո քնում էինք օբայում:.. Իմ մանկության տարիներին ամեն ինչ սիրուն էր:
-Մանկությունը միշտ էլ սիրուն է:
-Երազում էի վարորդ դառնալ, մեքենա էի սիրում: Առավոտից իրիկուն պտտվում էի Անուշավան ամիի տրակտորի շուրջը, օգնում էի նրան: Ինձ Անուշավան ամին է ավտո քշել սովորեցրել: Ավելի ճիշտ՝ տրակտոր: Հետո գնացի ուսումնարան, ավտոգործ սովորեցի: …Գիտես՝ երջանկությունը ինչ է: Երբ քո շուրջը եղած ամեն բան սիրում ես:
-Հաստատ, երջանկությունն էդ է, որ կա,- ասում եմ:
-Շատերի համար իմը սովորական, անհետաքրքիր կյանք է. ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ շրջել եմ աշխարհով մեկ….Բայց ես սիրում եմ իմ կյանքի էդ սովորական բաները:
Մեր տունը ձորի մեջ էր, դիմացը՝ բարձունքի վրա, անտառն էր: Անտառի ձայները հասնում էին մեր տուն: Հիմա այդ տանը երկու Վաղարշակներն են ապրում՝ հայրս ու տղաս: Մայրս չկա, իսկ ես ուրիշ տուն ունեմ:
…Մայրս մեղմ կին էր, քնքուշ էր շատ: Անսահման կարոտում եմ:
-Մայրիկիդ անունն ի՞նչ է…
Նվերը ժպտում է, հետո վանկատելով ասում.
-Զաբել:
-Շատ սիրուն անուն է:
-Ամեն օր ասում էր՝ ոչ մեկին վատություն չանես, մեծին հարգի, փոքրին սիրի… Ինչ լավ բան կա իմ մեջ, մորս տվածն է:
-Հայրենասիրությո՞ւնն էլ…
-Հայրենասիրությունը էն իմ ասածն է: Էն որ ասում էի՝ սիրում եմ իմ անցյալը, իմ ներկան…բոլոր մարդկանց, որ ինչ-որ ժամանակ կողքիս են եղել, կամ հիմա կողքիս են: Սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, հարևաններիս: Սիրում եմ ծառայությունս սահմանին:
…Լավ որդիներ ունեմ: Մորս խրատները փոխանցել եմ նրանց: Նորայրը ամուսնացած է, արդեն երկու տղա և երկու աղջիկ ունի: Ռուբենը ինձ հետ է ապրում, Վաղարշակը՝ հորս հետ: Երեքն էլ սահմանապահ են:
-Հպարտանո՞ւմ ես:
-Անկեղծ ասած՝ չէ՛: Տղամարդ են, իրենց հողը պաշտպանում են, ինչի՞ պիտի հպարտանամ: Եղբորս երկու տղաներն էլ են պայմանագրային՝ Գալուստն ու Մարտիրոսը: Մեր ջոկատից են: Վեցս միասին բարձրանում ենք դիրքեր, միասին իջնում: Գյուղում լույսը կա, ջուրը կա, գազը կա: Նույնիսկ տանիքին արևային էներգիայի սարք ունենք: Լավ այգի ունենք, անասուններ: Տունս, դուռս լի, աշխատում ենք, ստեղծում: Իմ գյուղից լավը չկա:
Ես հրաժեշտ եմ տալիս Նվեր Ավագյանին:
-Մեր գյուղում փոքրից մեծ կանգնած են Հայրենիքի պաշտպանության համար,- ասում է Արավուսի Արգամը: Ես չեմ արձագանքում. մտքերս Նվերի հետ են:
-Ի՞նչ ես մտածում:
-Մեր երկրից լավը չկա,- պատասխանում եմ Նվերի հանգով:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #08 (1521) 01.03.2024 - 08.03.2024, Բանակ և հասարակություն