Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԵՑԻ ԱՅԾԵՄՆԻԿԸ



ԱՆԵՑԻ ԱՅԾԵՄՆԻԿԸԴարեր շարունակ Հայաստանը մշտապես գտնվելով պատերազմական գոտում, գոյատևման համար ազգային-ազատագրական պայքար է մղել թշնամու դեմ։ Հայ կինը սուրը ձեռքին թև ու թիկունք է եղել մարտնչող զինվորներին՝ կռվի դաշտում գոյամարտի ժամանակ դառնալով քաջարի մարտիկ, իսկ թիկունքում՝ բուժել, խնամել ու օգնել նրանց։

Հայ անվանի արվեստագետներն իրենց ստեղծագործություններում բազմիցս անդրադարձել են հերոս կանանց կերպարներին։ Բացառիկ է համաշխարհային ճանաչում վայելող գեղանկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցի «Ասպետ կինը» գեղանկարչական երկը (1909 թ.), ինչը ստեղծելիս մեծ արվեստագետը ոգեշնչվել է արիասիրտ հայ կնոջ` Այծեմնիկի պատմությամբ, որը 1126 թվականին Անի քաղաքի պաշտպանության համար մղված կռիվների ժամանակ արիաբար մարտնչել է թաթարների դեմ։ Անեցի Այծեմնիկը, միանալով իր համաքաղաքացիների հերոսական պայքարին, արհամարհելով սովը, թշնամու նետերը, օրհասական ճակատամարտում զրկվելով նժույգից և զենքից՝ բարձրացել է քաղաքի անառիկ պարիսպների վրա և իր մարմնի միջից հանելով նետերը՝ դրանցով խոցել թշնամուն՝ անձնազոհության և հայրենասիրության կենդանի օրինակ ծառայելով շատերին։ Զգալով վերահաս վտանգը` անարգ ու արյունարբու թշնամու ձեռքը չընկնելու համար քաջարի հայուհին ինքնասպան է եղել՝ ցած նետվելով բարձրաբերձ պարսպից:

Սուրենյանցի կտավում խրոխտ դեմքով Այծեմնիկը մարտական ոգով հայ առաքինի կնոջ տիպար է։ Բովանդակության արտահայտչականությունն ուժեղացնելու համար նկարիչը Այծեմնիկին և նրա հուժկու երիվարին  պատկերել է բավականին մասշտաբային, որոշ հատվածներ դուրս են մնում շրջանակից, ինչն առավել տպավորիչ ու հզոր է դարձնում կին-ասպետի կերպարը։

Մեր պատմությունը լի է  հերոս կանանց կերպարներով, մեր օրերում  ևս կան բազում Այծեմնիկներ, որոնք նույն նվիրումով,  նույն հերոսական ոգով ծառայում են հայկական բանակում, պաշտպանում հայրենի եզերքը, հարկ եղած դեպքում՝  կյանքն էլ  չխնայելով։

 

ԶԱՌԱ ԴԻԼԱՆՅԱՆ

Հայաստանի Ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող, արվեստաբան

Խորագիր՝ #09 (1522) 08.03.2024 - 15.03.2024, Հոգևոր-մշակութային


18/03/2024