Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ ՈՒ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ



ԲԱՐՁՐ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ ՈՒ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲԳրեթե քառորդ դար զինվորական պատվավոր  կոչմանն ու Հիպոկրատի երդմանը հավատարիմ Մարգարիտա Սարգսյանը ծառայում է ԿԿԶՀ-ում։ Երկար տարիներ ղեկավարելով հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքը, այժմ արդեն բուժծառայության փոխգնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սարգսյանը զբաղեցնում է հոսպիտալի պետի ուսումնագիտական գծով տեղակալի պաշտոնը։

Մարգարիտա Սարգսյանի ծառայողական ուղին սկսվել է 2000 թվականից, երբ ամուսինը որպես բժիշկ պետք է մեկներ պարտադիր ժամկետային ծառայության։ Այդ ժամանակ նա էլ զորակոչվելու ցանկություն է հայտնել ու միացել ամուսնուն՝ ամրապնդելով ընտանիքով հայրենիքին ծառայելու գաղափարը։

-Սպա և միևնույն ժամանակ բժիշկ լինելը հաճելի, հպարտություն ներշնչող, բայց միևնույն ժամանակ չափազանց մեծ պատասխանատվություն է: Բայց գիտակցումը, որ ծառայում ես Հայրենիքին ու բժշկում ես այդ հայրենիքի սահմանը պահող զինվորին, ցանկացած դժվարություն դառնում է հաղթահարելի,- համոզված է բժշկուհի Սարգսյանը:

ԲԱՐՁՐ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ ՈՒ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲՏիկին Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր բուժծառայողի ոգեշնչման աղբյուրը պետք է լինի առողջացած ու շարք վերադարձած զինվորը։ Հենց դրանում է ընդգծվում նաև զինվորական և քաղաքացիական բուժհաստատությունների տարբերությունը։ Երկուսում էլ թեև ծառայության բովանդակությունն ու վերջնանպատակը նույնն է, սակայն աշխատանքի բնույթն է խիստ տարբեր։

Պատասխանատվության բարձր զգացումով և բժշկին հատուկ հոգատարությամբ էլ Մարգարիտա Սարգսյանը շարունակում է ծառայությունը՝ ցանկացած իրավիճակում և ցանկացած ժամանակ պատրաստ կատարելու իր մասնագիտական գործառույթները։ Նրա խորին համոզմամբ՝ կանայք պետք է լինեն բանակի բոլոր ոլորտներում, քանի որ հայ կինը՝ որպես զինվորական, կարող է իրեն դրսևորել կամային ու մասնագիտական անհրաժեշտ որակներով։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1526) 05.04.2024 - 12.04.2024, Ազգային բանակ


15/04/2024