ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆ
20-րդ դարասկզբին Գերմանիայում, Դանիայում, Բելգիայում, Հոլանդիայում տպագրված, ինչպես նաև ռուսական թերթերի էջերում հաճախ է գրվել օդաչու Արտեմ (Արտյոմ) Անդրանիկի Կացյանի՝ արտասովոր խիզախ մարդու մասին, որ հանրությանն ապշեցնում էր իր թռիչքային հմտություններով: Կացյանը նկարիչ էր, նրա կտավները երկար ժամանակ պահպանվում էին Հյուսիսային Օսիայի Մախարբեկ Տուգանովի անվան թանգարանի հավաքածուներում: Նա դարձավ նաև առաջին հայ օդաչուն:
Ծնվել է 1882 թ. մայիսի 14-ին Վլադիկավկազում, վաճառականի ընտանիքում: Շնորհալի պատանին գերազանց սովորում էր, արդեն տասը տարեկանում լավ նկարում էր, հետաքրքրված էր նաև սպորտով ու երաժշտությամբ: Վլադիկավկազի գիմնազիայում սովորելուն զուգահեռ Արտեմը գումար էր վաստակում, օգնում հորը՝ նա հարուստ հայ ընտանիքներում երեխաներին սովորեցնում էր ռուսաց լեզու, թվաբանություն ու նկարչություն: 1905 թվականին գիմնազիան ավարտելուց հետո հայրը Արտեմին ուղարկում է Թիֆլիս՝ նկարչություն սովորելու: Հետագայում տեսնելով տղայի մեծ առաջընթացը՝ որոշում է նրան ուղարկել ուսումը շարունակելու Մյունխենի արվեստի ակադեմիայում: Հաջողությամբ հանձնելով քննությունները՝ Կացյանն այնտեղ սովորում է գեղանկարչություն ու քանդակագործություն: Ուսումնասիրում է նաև եվրոպական լեզուներ, ծանոթանում կովկասցի ուսանողների, այդ թվում՝ ապագա մեծանուն ու տաղանդավոր նկարիչ Հակոբ Կոջոյանի հետ:
Ուսման տարիներին Արտեմը հրապուրված էր նաև օդագնացությամբ: Դա էր պատճառը, որ 1908 թվականին Մյունխենում նորաբաց աերոակումբի առաջին անդամներից մեկը դարձավ: Չընդհատելով ուսումը՝ նա արագորեն յուրացնում է թռիչքային գաղտնիքները: 1909 թվականին գերազանց գնահատականներով հանձնելով բոլոր քննությունները՝ մեր հայրենակիցը դառնում է աերոակումբի լավագույն օդաչուներից մեկը: Մասնակցում է ավիատորների միջազգային մրցույթների` սահմանելով թռիչքի բարձրության ու հեռավորության առաջին համաշխարհային ռեկորդը և որպես մրցանակ ստանում է գերմանական հանրահայտ «Գրադե» ֆիրմայի ինքնաթիռ: Այդ ինքնաթիռով Կացյանը ցուցադրական թռիչքներ էր կատարում եվրոպական տարբեր երկրներում:
Կացյանին առաջարկում են մնալ Գերմանիայում և երիտասարդներին սովորեցնել թռիչքային հմտությունները, սակայն նա չի ընդունում այդ առաջարկը: Երկար ժամանակ մերժում էին հանձնել օդաչուի դիպլոմը՝ պատճառաբանելով, թե նա Ռուսաստանի քաղաքացի է: Որակավորման դիպլումը տրվեց միայն երկու տարի անց՝ 1911 թվականին: Այդպիսով, Արտեմ Կացյանը պաշտոնապես դառնում է առաջին հայ օդաչուն և առաջիններից մեկը նաև Ռուսաստանում:
1910 թվականին ավարտելով արվեստի ակադեմիան՝ Արտեմը վերադառնում է Վլադիկավկազ՝ իր հետ տանելով նաև իր ինքնաթիռը: Մինչ նրա օդ բարձրանալը՝ Վլադիկավկազում ոչ ոք ինքնաթիռ չէր տեսել: Նա թռչում է Կովկասի տարբեր քաղաքներ, ցուցադրական թռիչքներ իրականացնում: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր. ինքնաթիռը մաշվում էր, նոր պահեստամասեր գնելու հնարավորություն չկար: 1913 թվականին Ելիզավետպոլում վայրէջք կատարելիս խափանվում է ինքնաթիռի շարժիչը: Կորցնելով թռչելու հնարավորությունը՝ Կացյանը մեկնում է Պետերբուրգ և աշխատանքի ընդունվում ավիացիայի նորաբաց գործարանում՝ սկզբում որպես վարպետ, հետագայում՝ փորձարկող-օդաչու:
Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերից փորձառու օդաչուն մոբիլիզացվում է, կռվում Հյուսիսարևմտյան ռազմաճակատում: Մարտական առաջադրանքների հաջող կատարման համար պարգևատրվել է Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանների խաչերով: 1916 թվականին հետախուզական թռիչքի ժամանակ հակառակորդի կրակից վիրավորվում է: Զինվորական հոսպիտալում երկարատև բուժումից հետո բժշկական հանձնաժողովը նրան պիտանի չի ճանաչում ոչ միայն թռչելու, այլև անգամ թիկունքում ծառայելու համար: Իր զեկուցագրերում նա գրել է. «Ես օդում ինձ ավելի լավ եմ զգում, քան գետնի վրա և ավելի օգտակար կլինեմ ավիացիայում»: Այդուհանդերձ, նրան մերժում են ծառայության վերադարձնել:
Ռազմաճակատից վերադառնալով Վլադիկավկազ՝ Կացյանը հասարակական ու ստեղծագործական գործունեություն է ծավալում, զբաղվում գեղանկարչությամբ, քանդակագործությամբ, գեղարվեստական լուսանկարչությամբ, երիտասարդներին սովորեցնում է երգ-երաժշտություն: Եղել է Կոմիտասի և հայկական ժողովրդական երգերի գլխավոր կատարողներից ու տարածողներից: Նա առաջինն է Վլադիկավկազում հայերենով բեմադրել «Արշին Մալ Ալան» օպերետը և ինքն էլ ներկայացման մասնակիցը դարձել:
Արտեմ Կացյանը Հյուսիսային Օսիայի տաղանդավոր նկարիչներից էր: Եղել է Օսիայի նկարիչների միության անդամ, աշխատել է Խորհրդային նկարիչների հանրապետական ասոցիացիայում, դասավանդել քաղաքային արվեստի քոլեջում: Նրան էր վստահված Օրջոնիկիձեի քաղաքային այգու, ռեստորանի ու կինոթատրոնի գեղարվեստական ձևավորումը: «Թերեք» թերթը գրել է. «Կացյանը ավիացիան վաղուց փոխարինել է ներկապնակի վառ գույներով և փափուկ վրձնով»:
1934 թ. մայիսին Օրջոնիկիձե քաղաքում բացվում է աերոակումբ, որտեղ Կացյանը դասավանդում է թռիչքի տեսություն, երիտասարդներին պատմում համաշխարհային ավիացիայի զարգացումների մասին: Չնայած օդաչուի համար պատկառելի տարիքին՝ Կացյանը սովորում է թռչել նաև խորհրդային կԿ-2 ինքնաթիռով, որն այն ժամանակ համարվում էր աշխարհում լավագույններից մեկը: Նա հաճախակի ուսումնամարզական թռիչքներ էր կատարում, բայց ավելի հաճախ վերահսկում էր իր ուսանողների թռիչքները:
1943 թվականին Կացյանը ձերբակալվում է այն կեղծ մեղադրանքով, թե, իբր, նացիստական զավթիչների կողմից օկուպացված Բիրագզանգ գյուղում ապրելու ժամանակ թարգմանիչ է աշխատել գերմանական հրամանատարության գրասենյակում: Մինչ ընթանում էր հետաքննությունը, Կացյանի առողջական վիճակը վատանում է: 1943 թ. մայիսի 12-ին նրան տեղափոխում են բանտի հիվանդանոց, որտեղ էլ 11 օր անց մահանում է: Մահվան հանգամանքով պայմանավորված՝ Կացյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվում է: Միայն 55 տարի անց Հյուսիսային Օսիայի դատախազությունը, ուսումնասիրելով գործը, հանում է բոլոր մեղադրանքները և վերականգնում է անվանի օդաչու և տաղանդավոր նկարիչ Արտեմ Կացյանի բարի անունը:
ԳՈՒԼԻԶԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ոազմական պատմության թանգարանի գիտաշխատող
Խորագիր՝ #16 (1529) 1.05.2024 - 8.05.2024, Ճակատագրեր, Պատմության էջերից