ԲԱՆԱԿԸ ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՌՈՒՅՑՆ Է
Օրինաչափություն կա: Չի կարող չլինել, եթե ընտանիքը երեք որդի ունի, երեքն էլ զինվորական են:
-Շինարարի որդիներ ենք,- ասում է մայոր Վարդան Թադևոսյանը: Նա եղբայրներից ավագն է, Արթուրն ու Աշոտը չեն մասնակցում մեր զրույցին:
-Հայրս՝ Վազգենը, սիրում էր կառուցել: Կառույց էր սիրում: Կառույցը տարբեր միավորների համակցումն է: Եվ այստեղ գլխավորը ճիշտ միասնությունն է, որը կդառնա ուժի, ներդաշնակության, ամրության, հուսալիության երաշխիք…
Մայորի դեմքին անթաքույց ոգևորություն կա, բայց ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն զինվորականի գործն ու շինարար Վազգեն Թադևոսյանի կառուցելու ջիղը:
-Մենք երեքս էլ հորս ստեղծագործությունն ենք, հայրս է մեզ կառուցել, նա ամեն օր հետևողականորեն ու եռանդուն հղկել է մեզ: Շատերն ասում են, որ ծնողները չեն դաստիարակել իրենց՝ տեսել, սովորել են: Իսկ մեր հայրը անձնական օրինակով չի բավարարվել, խոսել է, բացատրել, հրամայել՝ առանց տողատակերի, ուղիղ, միանշանակ: Ասում էր՝ եթե քեզ վիճակվի ընտրություն անել Հայրենիքիդ ու կյանքիդ միջև, պիտի ընտրես Հայրենիքդ: Հայրս քիչ էր խոսում, բայց խոսքը հատու էր, լի, ազդեցիկ: Հայրս «գերազանցիկ» էր, հոգեբանները մի բառ ունեն…
-Պերֆեկցիոնիստ…
-Հայրս մշեցի էր: Երբ սկսում էր պատմել, մենք քարանում էինք: Կորցրած հայրենիք բառերից մինչ օրս հոգիս սարսռում է, որովհետև հայրս էնպիսի ցավով էր արտասանում էդ բառերը: Ասում էր՝ պետության համար բանակն ամենակարևորն է, որովհետև բանակը անկախություն է: Ու էնպիսի երանությամբ էր արտաբերում անկախություն բառը, էնպիսի ուրախությամբ էր ասում, որ մի օր մենք էլ ենք համազգեստ կրելու, թվում էր՝ զորակոչվելը մեր կյանքի գերնպատակն ու ամենաերջանիկ իրադարձությունն է լինելու:
…Հայրս խիստ մարդ էր, որդիներին երես չէր տալիս, նրանց անթերի տեսնելու ձգտումը հաղթում էր մյուս հույզերին: Հայրս չափազանց ճշտապահ էր, օրինավոր, պատասխանատու, ազնիվ, մարդասեր: Նույնը մեզնից էր պահանջում: Ասում էր՝ յուրաքանչյուր գործ էնպես արա, ասես՝ դա քո կյանքի վերջին գործը լինի: Տանել չէր կարող ցաքուցիր, մասնատ ամեն բան՝ իրեր, հարաբերություններ, երևույթներ… հայտնվում էր ու միավորում, բովանդակություն ու նպատակ հաղորդում տարերային ընթացքին:
Ես հասկանում եմ, որ զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Վարդան Թադևոսյանը հիմա ավելի շատ իր մասին է պատմում: Ու չեմ սխալվում:
-Դուք նմա՞ն եք Ձեր հորը,- հարցնում եմ:
-Նա իր ամբողջ վարքականոնը փոխանցել է որդիներին,- պատասխանում է մայորը,- աշխարհում չկա ավելի հզոր ու գեղեցիկ ձեռքբերում, քան՝ երբ միասնական աշխատանքը դառնում է արդյունք: Ես պաշտում եմ միասնություն, միացում բառերը, հորս պես ինձ ոգևորում են մեծ կառույցները՝ կազմված հազարավոր, միլիոնավոր մեծ ու փոքր դետալներից ու պտուտակներից, որոնցից ամեն մեկը կատարյալ է իր տեղում ու անփոխարինելի, բայց, միևնույն ժամանակ, մեկի արդյունքը պայմանավորված է մյուսով:
-Այսքանից հետո անիմաստ է հարցնելը, թե ինչո՞ւ որոշեցիք կյանքը կապել բանակի հետ:
-Բանակը աշխարհի ամենակատարյալ կառույցն է: Ժամերով պատմեմ, չեմ ավարտի: Ժամկետային ծառայության ժամանակ հասկացա, որ պաշտում եմ զինվորականի գործը: Ես սահմանապահ էի: Ու բանակում հասկացա, թե ինչ է նշանակում հողի ու արյան կապը: Ինչ գույնով էլ ներկեն զինվորականի համազգեստը, այն ինձ համար հողի գույն ունի: Ինչ ընդգրկում էլ ունենան մեր պետական սահմանները, իմ սրտի մեջ դաջված է Հայրենիքիս քարտեզը: Ու որքան ամուր է դաջված Հայրենիքդ սրտիդ մեջ, պետական սահմաններդ այնքան անձնվիրաբար ես պաշտպանում:
-Եթե մի քանի բառով ներկայացնեք՝ Դուք ի՞նչ եք անում բանակում, ո՞րն է Ձեր գործի էությունը:
-Ամենագլխավորը՝ մեր ծառայությունը ապահովում է զինվորի սնունդը, հագուստը, կենցաղային պայմանները… Ես աշխատում եմ «վստահիր, բայց հսկիր» նշանաբանով: Ամենայն ազնվությամբ՝ իմ զինվորները իմ երեխաներից լավ են սնվում, ավելի բազմազան, ավելի կանոնավոր: Ես աշտարակցի եմ, ծառայում եմ Տավուշում: Մայրս չտարավ օդափոխությունը, և ընտանիքս վերադարձավ Աշտարակ: Հիմա մենակ եմ ապրում ու հաճախ զորամասում եմ գիշերում: Մեր գործում մանրուքներ չկան, անձամբ եմ հսկում, որ ճաշը տաք լինի, ձմռանը զորանոցների ջերմաստիճանը չիջնի 18-ից: Հաճախ բարձրանում եմ դիրքեր: Իմ ծառայողական պարտականությունն է ապահովել, որ օրենքով նախատեսված սնունդն ու հագուստը անխաթար հասնեն զինվորին:
-Ի՞նչ է նշանակում անխաթար:
-Նշանակում է ամբողջապես, թարմ, որակյալ: Նշանակում է, որ զինվորի հագուստը ամռանը պիտի զով պահի, ձմռանը՝ տաք: Զինվորը պիտի ճաշի մաքուր ճաշարանում, քնի հարմարավետ զորանոցներում: Ես առանց համեստության կասեմ, որ մեր գործը շատ կարևոր է, ու ես այն մեծագույն սիրով եմ անում:
Մայորը ոչինչ չի պատմում, բայց ես գիտեմ, որ նա մասնակցել է 44-օրյա կռվին ու, հոր ասածի պես, ստիպված է եղել ընտրություն անել Հայրենիքի ու կյանքի միջև:
-Ես հասկացա, որ անսահման շատ եմ սիրում իմ կյանքը: Հասկացա, որ պատերազմի դաշտում յուրաքանչյուրի համար կյանքը տասնապատիկ քաղցրանում է: Բայց Հայրենիքի հանդեպ սերը մնում է անգերազանցելի:
Վերջում ես ուզում եմ ծանոթանալ մայոր Վարդան Թադևոսյանի ընտանիքին: Ու պարզում եմ, որ նա հինգ երեխա ունի, երկուսը տղաներ են:
-Ես կարիք չունեմ նոր մեթոդներ փնտրելու, հորս հրաշալի փորձը կա՝ որպես օրինակ, ու տղաներիս՝ Վաչեին ու Մոնթեին, էնպես եմ դաստիարակում, ինչպես հայրս ինձ, Արթուրին ու Աշոտին է դաստիարակել,- ասում է մայորն ու ավելացնում,- ինչ վերաբերում է աղջիկներիս, մեծ բարեբախտություն է, որ նրանք մեծանում են մորս կողքին: Մայրս աշխարհի ամենաբարի, ամենանվիրված, ամենաքնքուշ կինն է, նրա մարդասիրությունը սահման չունի: Երազում եմ, որ աղջիկներս մեծանալով՝ նմանվեն մորս: Ամեն ինչ անելու եմ, որ երեխաներս պիտանի լինեն Հայրենիքին: Դա էլ իմ առաքելությունն է՝ որպես հայր:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #16 (1529) 1.05.2024 - 8.05.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում