ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվությունը սպառելիս պետք է հասկանալ՝ արդյո՞ք մեզ փորձում են մոլորեցնել կամ խաբել և ինչո՞ւ։ Ու նաև կարևոր է իմանալ կեղծ, չճշտված տեղեկատվությունից պաշտպանվելու ձևերը։
Հաճախ տեղեկություն տարածողը պարզապես լավ չի հասկանում կամ սխալ է հասկանում դրա էությունը, այն փոխանցում է ուրիշին, այդ մեկն էլ՝ խեղաթյուրելով մյուսին: Այսպես տարածվում է իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն, կարելի է ասել՝ զուտ բամբասանքի մակարդակի։ Հաճախ լսվող՝ «Ասում են, որ…» արտահայտությունը լսելիս, ամենայն հավանականությամբ, պետք է դիտարկել, որ տեղեկույթը բերնեբերան փոխանցվելով՝ լիովին իմաստափոխվել է։
Երկրորդ դեպքում գործ ունենք այն տեղեկատվության հետ, որը մարդիկ տվյալ պահին ճշմարիտ են համարում, բայց որոշ ժամանակ անց նոր փաստեր են ի հայտ գալիս, և հարկավոր է լինում դրա ճշմարտացիությունը վերանայել։ Օրինակ՝ գիտական տվյալները երբեմն փոփոխվում, ճշգրտվում են։ Հիշում եմ՝ դպրոցում մեզ սովորեցնում էին, որ նեանդերթալցիներն են մարդու նախնիները։ Բայց հետագայում, երբ գենետիկան զարգացավ որպես գիտություն, ԴՆԹ ուսումնասիրության արդյունքում այդ տեսակետը հերքվեց, նեանդերթալցիները համարվեցին առանձին ճյուղ: Այնպես չէ, որ մեզ միտումնավոր սխալ տեղեկույթ էին մատուցում։ Պարզապես, տվյալ ժամանակաշրջանում եղած փաստերը գիտնականներին այդ եզրակացությանն էին հանգեցրել։
Հեղափոխական փոփոխություններ են հնարավոր նաև պատմագիտության ոլորտում, հատկապես անտիկ շրջանի վերաբերյալ։ Թվում է, թե Հռոմի, Հունաստանի մասին բավականաչափ գիտելիքներ արդեն իսկ ունենք, սակայն, օրինակ՝ Սոֆոկլեսի աշխատությունների միայն 1/10-րդ մասն է հասել մինչև մեր օրերը։ Իտալիայի Հերկուլան քաղաքում գտնվող մի տարածքում՝ հրաբխային լավայի կարծրացած շերտերի տակ հայտնաբերվել է գրադարան, որում ամփոփված հազարավոր գրքերը մինչև այժմ հնարավոր չի եղել կարդալ։ Միայն վերջերս, կիրառելով արհեստական բանականության հնարավորությունները, գիտնականները գտել են դրանք կարդալու միջոցը: Գուցեև մարդկությունը վերանայի այդ ժամանակաշրջանին վերաբերող շատ իրողություններ։
Այսպիսով, կարծրացած գիտական փաստն անգամ կարող է փոփոխվել նոր փաստերի հավաքագրման և համադրման արդյունքում։
Համաշխարհային տեղեկատվական դաշտում ներկայումս ապատեղեկատվությունը լայնորեն տարածված է։ Գործում են մասնավոր ընկերությունների և նույնիսկ պետությունների կողմից ֆինանսավորվող խմբեր, որոնք կարող են կեղծել և փոփոխել ցանկացած տվյալ՝ քաղաքական, տնտեսական, անձնական, թե այլ տիրույթում։ «Ֆեյքերի» ֆաբրիկաները մասնագիտացած են ապատեղեկատվություն և կեղծ տեղեկատվություն տարածելու գործում։ Եվ պետք է նկատի ունենալ, որ իրավիճակը գնալով վատթարանալու է, քանի որ թիրախային լսարանի համար տեղեկություն տարածելն այսօր բարձր վարձատրվող աշխատանք և կարևորագույն ռեսուրս է համարվում։ Հայաստանի դեմ տարբեր երկրներում անընդհատ աշխատում են «ֆեյքերի» բազմաթիվ ֆաբրիկաներ։ Մենք պետք է պատրաստ լինենք այս մարտահրավերին: Տեղեկատվական միջավայրը բավականին աղտոտված է, և մեզ պետք է համապատասխան գործիքակազմ «թույնը» ֆիլտրելու համար։
Խոսենք այն մասին, թե ինչ է պետք անել՝ խաբված չլինելու համար։ Մշտապես պետք է հետևել մի քանի կարևոր կետերի։ Առաջին կարևոր պայմանն այն է, որ անպայման պետք է պարզել ստացած տեղեկության, գիտելիքի, նորության աղբյուրը։ Հաճախ մարդիկ վստահորեն ասում են մի բան՝ առանց որևէ իրական փաստի. «Բա իմացա՞ք, պարզվում է՝ մածունը սև է»։ Երբ հարցնում ես՝ «Որտեղի՞ց ես իմացել», պատասխանում է՝ «Հեռուստատեսությամբ ասացին» կամ «Ֆեյսբուքում էր գրված»։ Սա ինքնին շատ սխալ մոտեցում է, տեղեկությունների այդ տարափը լիակատար խառնաշփոթ է առաջացնում։ Այս կամ այն տեղեկության մասին խոսելիս դուք պետք է հստակ իմանաք, թե կոնկրետ ով է այդ տեղեկությունը տարածողը, տվյալ ոլորտում լուրջ փորձագե՞տ է, թե՞ ոչ։ Պետք է նաև ուշադիր լինել՝ արդյո՞ք տեղեկությունը վերցրել եք ձեր ճանաչած փորձագետի էջից, թե՞ սոցիալական ցանցում նորաբաց մի էջ է, որն օգտագործում է փորձագետի անունը, հեղինակությունը՝ ցանկալի տեղեկությունը տարածելու նպատակով։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է պարզել տեղեկության սկզբնաղբյուրը։ Որևէ վստահելի լրատվամիջոց տեղեկություն տարածելիս անպայման նշում է աղբյուրը, օրինակ՝ «Ինչպես հայտնում է մեր թղթակիցը դեպքի վայրից…»։ Սա վկայում է, որ տվյալ լրատվականը ստանձնում է տեղեկության վստահելիության պատասխանատվությունը։
Իսկ եթե կարդում եք՝ «Ինչպես հայտնում է իտալական մամուլը…», պետք է լուրջ մտահոգվեք և կասկածի տակ առնեք տեղեկույթը, քանի որ «իտալական մամուլ» գոյություն չունի. պետք է հստակ նշված լինի լրատվամիջոցի անվանումը։ Ամենայն հավանականությամբ, նշված դեպքում տեղեկությունը սխալ է, միտումնավոր ապակողմնորոշելու նպատակ ունի, կամ տվյալ լրագրողն ինքն էլ չի հասկացել, թե որտեղից է վերցրել տեղեկությունը։ Եթե հանդիպում եք «Ինչպես նշում են բրիտանացի գիտնականները» կամ մեկ այլ նման ձևակերպմում, պետք է հասկանաք, որ դա զրոյական արժեք ունեցող նյութ է։
Տեղեկություն ստանալիս դուք պետք է նախ և առաջ պարզեք, թե ո՞րն է տեղեկության աղբյուրը, և որքանո՞վ է այն պատասխանատու իր փոխանցած տեղեկատվության տարածման համար։
Հաջորդ խնդիրը հենց այն աղբյուրն է, որից դուք օգտվում եք։ Երբեմն հանդիպում եք անհայտ մի լրատվամիջոցի, որի մասին նախկինում երբևէ չեք լսել։ Արժե՞ դրան վստահել։ Իհարկե, ոչ։ Պետք է ուսումնասիրել կայքի «Մեր մասին» բաժնում առկա տվյալները։ Եթե նման բաժին ընդհանրապես բացակայում է, կամ տվյալներ լրացված չեն, գրված է՝ դեռևս մշակման փուլում է, ուրեմն կասկածելու տեղիք կա։ Եթե գրված է՝ «Մենք՝ մի խումբ փորձագետներս», նույնպես պետք է կասկածել: Ովքե՞ր են խմբի կազմում, ինչի՞ հիման վրա են պնդում, որ մասնագետ կամ փորձագետ են։
Վստահելի կարող են լինել այն աղբյուրները, որոնք օրեր, ամիսներ, տարիներ շարունակ ձեզ տալիս են ճշմարիտ տեղեկատվություն։ Նույնիսկ սխալվելիս, ինչից ոչ ոք ապահովագրված չէ, հետագայում պարտադիր հերքում են տալիս և ուղղում են իրենց սխալը։ Սա վստահելի աղբյուրի գործելաոճ է։
Այդուհանդերձ, միշտ պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերել, քանի որ երբեմն հայտնվում են ձեր նախընտրած վստահելի աղբյուրներին նմանակողներ։ Ուշադրություն դարձրեք լրատվամիջոցի հասցեին, հղմանը։ Եթե նկատում եք, որ ձեզ հայտնի «այսինչ.am»-ը ինչ-որ պատճառով դարձել է «այսինչ org.am», արդեն պարզ է՝ ինչ-որ բան այնպես չէ։ Հասցեն, անվանումը փոխելով կարելի է շփոթեցնել սպառողին։
Մեդիագրագիտության պահանջները շատ են, բայց այլ կերպ հնարավոր չէ վստահելի աղբյուրներ գտնել։ Հակառակ դեպքում, դուք հեշտությամբ կարող եք խաբեության ծուղակն ընկնել: Խաբելու միտում ունեցողները օգտվում են հասարակությունում մեդիագրագիտության պակասից և փորձում են համացանցը լցնել անհայտ լրատվամիջոցներով կամ հայտնի լրատվամիջոցների նմանակներով։
Եւս մեկ կարևոր բան. անգամ վստահելի աղբյուրի տարածած կարևոր տեղեկությունը ստուգեք առնվազն մեկ այլ վստահելի աղբյուրում ևս։ Ձեր իմացած աղբյուրը ոչ միայն կարող է սխալվել, այլև ցանցահենների թիրախ դառնալով՝ չարամտորեն գործածվել։ Օրինակ՝ ադրբեջանցի ցանցահենները կարող են կոտրել հայկական լրատվական կայքը և դրա միջոցով կեղծ տեղեկատվություն տարածել։
Հետևելով վերոհիշյալ կանոններին՝ դուք հնարավորինս կնվազեցնեք խաբված լինելու հավանականությունը և կսահմանափակեք կեղծ և ստահոդ տեղեկույթների քանակը։
Պատրաստեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #18 (1531) 16.05.2024 - 22.05.2024, Բանակ և հասարակություն