Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶՆԱՎՈՒՐ-100



ԱԶՆԱՎՈՒՐ-100Մայիսի 22-ը Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ, դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Այս տարի հանդիսավորությամբ նշվում է նրա ծննդյան 100-ամյակը:

Ազնավուրը համընդհանուր ճանաչման է հասել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Դրանից հետո աշխարհի լավագույն համերգասրահների դռները բացվեցին նրա առջեւ, աշխարհն «ազնավուրացավ»: Մարդիկ նրա աչքերում նկատել են երբեք չմարող կրակը, որն անգամ լեգենդի մահից հետո բորբոքում է երկրպագուների սրտերը:

 

Ազնավուրն Ազնավուրի մասին

 

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով եւ արհամարհանքով լի ժպիտներ. «Մի՛ համառեք», «Ոչինչ չունենք Ձեզ համար», «Թողե՛ք Ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ եւ ուժ հավաքել՝ դիմանալու, պայքարելու համար…:

***

Երգիչները հաճախ հանրաճանաչ են դառնում այն պատճառով, որ նոր սերունդն անճաշակ է: Աստղ լինելն էլ մեծ բան չէ։ Փայլատակումը երկար չի տեւում:

***

Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս: Ես չեմ պարծենում, սակայն, ընդունեք, որ ներգաղթյալի որդու համար վատ չէ…:

***

Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

***

Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ՝ բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:

***

Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք։ Բայց մինչ այդ ապրել է պետք:

***

Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը եւ ծաղր ու ծանակն ընտանիքիս էր բաժին հասնում:

***

Իհարկե, ես գիտեմ իմ գինը, բայց ես գիտեմ նաև իմ թերությունները և երբեք չեմ համարել, թե տիրապետում եմ բացառիկ մտավոր ընդունակությունների: Այսպես ասեմ՝ ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհրաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին:

***

Ամենակարեւոր խոսքերը ես արդեն ասել եմ իմ երգերում։

Խորագիր՝ #18 (1531) 16.05.2024 - 22.05.2024, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր


23/05/2024