Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻՆ ՇԱՐՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՆ Է ՆՐԱՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ



ԶԻՆՎՈՐԻՆ ՇԱՐՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՆ Է ՆՐԱՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸԲազմաթիվ զինվորներ բուժում են ստանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքում։ Նրանցից մեկն էլՆարեկ Օսոյանն է, որն արդեն մեկ շաբաթ տարբեր հետազոտություններ է անցել և առաջիկա օրերին կվիրահատվի:

-Դիմել եմ այստեղ քթանցքային դժվարաշնչության պատճառով: Անտանելի գլխացավեր էի ունենում, շուտ էի հոգնում, ժամանակ առ ժամանակ ինձ վատ էի զգում: Օր օրի առողջական վիճակս վատանում էր, և ես որոշեցի վիրահատության համար դիմել կենտրոնական հոսպիտալի համապատասխան մասնագետների օգնությանը,- ասում է Նարեկը:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տվյալ բաժանմունք դիմում և պատշաճ պրոֆեսիոնալ բուժում են ստանում քիթ-կոկորդ-ականջի հետ կապված ցանկացած խնդիր ու հիվանդություն ունեցող զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները:

Բաժանմունքը աշխատում է շատ հագեցած գրաֆիկով: Մենք սպասարկում ենք զինծառայողներին ամբուլատոր կարգով, այսինքն՝ ուղղակի բուժզննում, հետազոտություններ, ինչպես նաև ստացիոնար պայմաններում։ Մեզ մոտ իրականացվում են քթի և քթի հարակից խոռոչների հետ կապված վիրահատություններ, նաև ըմպանի, սեկտեպլաստիկա, ադենոտոմիա, հադենոտոմիա, քթի շնչառական վերականգնողական վիրահատություններ,- ներկայացնում է քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի պետ Նարինե Մարտիրոսյանը:

Քառասունչորսօրյա պատերազմի օրերին ունեցել ենք շատ-շատ բարդ դեպքեր: Հիմնականում ականջի հետ կապված վնասվածքներ, լսողության կորստով: Մեր բժիշկների միջամտության շնորհիվ մեծ մասի լսողությունը վերականգնվել է: Հատուկ ուզում եմ նշել, որ հոսպիտալի բժիշկների մասնագիտական արհեստավարժության շնորհիվ շատ պատվով դուրս եկանք այդ ծանր իրավիճակից և զինծառայողների մեծ մասը վերադարձավ շարք,- հիշում է բաժանմունքի պետը:

Բաժանմունքի մասնագետ Մարիամ Մեյթարջյանն իրականացնում է լսողության հետազոտություն, տոմաշեմքային աուդիո հետազոտություն, ինչը առանցքային նշանակություն ունի ականջի հետ կապված մի շարք հիվանդությունների բուժման համար:

-Մեզ դիմում են ոչ միայն ականջի հետ կապված հիվանդությունների, այլ նաև բարձր աղմուկի հետևանքով առաջացած վնասվածքների պատճառով: Բանակում դեպքեր ունենք, որոնք առաջացել են զենքի սխալ օգտագործման հետևանքով: Ունենք հիվանդություններ, որոնք բարձր աղմուկի հետևանք են,- ասում է բուժծառայության կապիտան Մեյթարջյանը:

-Զինվորին բուժելն ու նրան առողջացած շարք վերադարձնելն է մեր առաքելությունը: Մենք միշտ հասանելի ենք, միշտ էստեղ ենք և անհրաժեշտության դեպքում հասնում ենք րոպեների ընթացքում: Բուժման արդյունքները գոհացնող են,- վստահեցնում է բուժծառայության փոխգնդապետ Նարինե Մարտիրոսյանը:

Գոհացնող արդյունքներ գրանցելու նպատակով զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի ամբողջ անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում և ամեն ինչ անում է հայրենիքի պաշտպանների բուժումն ու ապաքինումը ջերմ մթնոլորտում իրականացնելու համար։

-Առանց չափազանցության, հոսպիտալի բուժանձնակազմը շատ սրտացավ է ու ջերմ: Այստեղ յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում, յուրաքանչյուր զինծառայող ստանում է անհրաժեշտ բժշկական օգնությունը,- ասում է զինծառայող Վիգեն Հովհաննիսյանը:

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Ազգային բանակ


04/06/2024