Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՀԻՇԱՏԱԿԻՆՄայոր Մկրտիչ Հարությունյանը, կամ ինչպես մարտական ընկերներն էին կոչում՝ Մգրոն, հատուկ նշանակության զորքերի զինծառայող էր: Առանց պաշտպանիչ միջոցների ու դիմակի նրան հազվադեպ էին տեսնում: Մկրտիչն իր գործում լավագույններից էր՝ անտեսանելի, բայց և անփոխարինելի հետախույզ: Նա հատուկ պատրաստություն էր անցել մի քանի երկրներում, տիրապետում էր տարբեր մարտարվեստների։ Զինակից ընկերները մտաբերում են՝  որպես հրամանատար նա խիստ էր, պահանջկոտ ու օրինապահ, բայց անսահման նվիրված ծառայությանն ու հայրենիքի պաշտպանության գործին:

Մգրոն արմատներով Սասունից էր, ողջ էությամբ, ապրելակերպով կարծես նախնիների անկոտրում ոգու խորհրդանիշը լիներ։  Ծնվել է Թալինում՝ վաստակաշատ ուսուցիչների ընտանիքում, մասնագիտությամբ իրավաբան էր: Քաղաքացիական կյանքում մասնագիտական բարձունքների հասնելու բազում հնարավորություններն անտեսելով՝ 2013 թվականից անցել էր զինվորական ծառայության: Մկրտիչն  այնտեղ էր, որտեղ իր կարիքը կար, ամենաթեժ պահերին անգամ կողմնորոշվում էր վայրկենապես, գործում բացառիկ ճարպկությամբ, կատարում առաջադրանքը ճշգրիտ: Մարտադաշտից հեռանում էր վերջինը՝ պաշտպանիչ վահան դառնալով զինակիցների համար:

Հանուն հայրենիքի նահատակված հետախույզի հիշատակը հայրենի Թալինում վառ են պահում մշտապես: Օրերս Մկրտիչ Հարությունյանի անունը կրող փողոցում հրամանատարի, մարտական ընկերների ու համայնքի ջանքերով բացվեց հայրենիքի հավերժ զինվորի հիշատակը խորհրդանշող հուշարձան։ Հուշարձանի բացման պատիվը տրվեց  Մկրտիչ Հարությունյանի հորը՝ Արմեն Հարությունյանին, կնոջը՝ Անի Տոնոյանին, դուստրերին՝ Եվա, Լյուսի Հարությունյաններին:

Հարազատների ու մտերիմների  հուշերում  Մկրտիչ Հարությունյանը մնում է որպես օրինակելի հայի, ուսյալ, բանիմաց, քաջարի զինվորականի կերպար:

-Մկոն անփոխարինելի հրամանատար էր նաև մեր ընտանիքում. նվիրված հայր էր, սիրող ամուսին, հոգատար եղբայր ու ծնողներին  արժանի որդի: Ես միշտ հպարտացել եմ իրենով, միշտ ասել եմ, որ իրեն շատ եմ սիրում։ Այդ սերն ու գնNահատանքը միշտ իմ սրտում կպահեմ,- ասում է  կինը՝ Անին։

Մայոր Մկրտիչ Հարությունյանը հետմահու արժանացել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի և «Ռազմական հետախուզության պատվավոր ծառայողի» կրծքանշանի։ Մեր օրերի լավագույն հետախույզներից մեկն ապրել ու կռվել է վասն հայրենյաց, առանց փառքի իրավունքի ու իր  հերոսական մահով անցել անմահների շարքը։

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1533) 4.06.2024 - 11.06.2024, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր


13/06/2024