Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԶինված ուժերի տարբեր զորամասերում անցկացվեցին ուսումնական փուլի ամփոփիչ քննությունները: Պարտադիր ժամկետային զինծառայողները ուսումնական ստորաբաժանման կազմում մի քանի ամիս սովորել են, պատրաստվել որպես տարբեր զորատեսակների մասնագետներ։ Այժմ արդեն նրանք կմեկնեն վիճակահանությամբ ընտրած զորամասեր, շատերը կծառայեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով:

Զորամասերից մեկում ենք: Շարահրապարակում ուսումնական գումարտակի անձնակազմն է՝ հանդերձավորված ըստ կարգի, կցագրված զենքով ու նյութական միջոցներով։ Հանդիսավոր կարգով ազդարարվում է ամփոփիչ քննությունների մեկնարկը։ Ժամանակն է ամփոփել սովորածն ու դրանք գործնականում կիրառելու հմտությունները ներկայացնել քննական հանձնաժողովին։ Զինանձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվում է քննությունների ընթացակարգի ու ժամանակացույցի վերաբերյալ։ Այնուհետև հանձնաժողովի անդամները ստուգում են զինծառայողների տագնապային ճամպրուկների պարունակությունը, կցագրված զենքերը, զինվորական գրքույկները, պարտականությունների իմացությունը։ Շարային ստուգատեսն ավարտվում է հանդիսավոր երթով։

Ստորաբաժանումներն անցնում են ստուգարքային չափորոշիչների հանձնմանը։ Տեղամասերից մեկում անձնակազմի ֆիզիկական պատրաստությունն է ստուգվում՝ տարբեր վարժաձևերի նորմացույցների կատարմամբ: Հրամանատարները վստահեցնում են՝ անձնակազմը լրջորեն նախապատրաստվել է այս միջոցառմանը, ամիսներ շարունակ ֆիզիկապես կոփվել է և այժմ պատրաստ է բարձր ցուցանիշներ գրանցել։

Մեկ այլ ստորաբաժանում զուգահեռ մարտավարական հմտություններն է ցուցադրում վարժադաշտում։

Հաջորդը կրակային պատրաստության քննությունն է։ Անձնակազմը հրահանգավորվում է անվտանգության միջոցառումների վերաբերյալ։ Քննական հանձնաժողովի նախագահը ներկայացնում է կրակային տարբեր դիրքերից ուսումնական հրաձգություն վարելու կանոնները։ «Գերազանց» գնահատական ստանալու համար զինվորները պետք է դիպուկ խոցեն տարբեր հեռավորության վրա գտնվող թիրախները, ճշգրիտ նետեն ուսումնական նռնակները։ Անհատապես ստուգվում են զինվորների՝ մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված վարժաձևերի կատարման կարգն ու գործողությունների ճիշտ հաջորդականությունը եւ արդյունավետությունը։

Հանձնաժողովի անդամների նախնական գնահատականը գոհացուցիչ է. անձնակազմն ամբողջությամբ տիրապետում է հաստիքային պարտականություններին։

Քննությունների արդյունքները դեռևս կամփոփվեն և մասնագիտական վերլուծության կենթարկվեն, ինչից հետո միայն պարզ կլինի, թե որքանով է արդյունավետ անցկացվել ուսումնական գործընթացը։ Իսկ զինվորները ոգևորված են, նրանք ծանրաբեռնված ուսումնական փուլ են անցել, այժմ էլ ձգտում են առավելագույնս լավ ներկայանալ:

-Անցած ամիսների ընթացքում լավ պատրաստվել եմ, սովորել եմ անհրաժեշտ առարկաները և հիմա ցուցադրում եմ իմ գիտելիքները: Վստահ եմ՝ գերազանց եմ հանձնելու քննությունները: Եկել եմ հայրենիքս պաշտպանելու և ծառայում եմ այն գիտակցումով, որ իմ առջև դրված խնդիրները գերազանց պիտի կատարեմ,- ասում է Նարեկ Սանոսյանը:

Ընկերոջը լրացնում է Մյասնիկ Հակոբյանը:

-Շատ բան ենք սովորել պարապմունքների ընթացքում: Մենք մեր բանակի մի մասնիկն ենք և պարտավոր ենք լինել մարտունակ ու պատրաստված: Ինքս իմ արդյունքներից գոհ եմ, ձգտում եմ «գերազանցի»:

Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած և զորատեսակի մասնագետի որակավորում ստացած այս զինվորները շուտով կմեկնեն զորքեր և կհամալրեն համապատասխան ստորաբաժանումները՝ ուսումնառության փուլում ստացած իրենց կարողություններով, գրագետ գործողություններով և արդյունավետ ծառայությամբ նպաստելով բանակի մարտունակության ամրապնդմանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1533) 4.06.2024 - 11.06.2024, Ազգային բանակ


13/06/2024