Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայությունը պարբերաբար անակնկալ ստուգումներ է անցկացնում զորամասերում: Ստուգվում է ամեն ինչ՝ փաստաթղթաշրջանառություն, ծառայության ընդհանուր կազմակերպում, սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակ, անձնակազմի մասնագիտական գիտելիքներ և այլն: Արդյունքում՝ ամբողջությամբ պարզվում է տվյալ զորամասի մարտունակության աստիճանը, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետությունը:

Օրերս ծառայության աշխատանքային խումբը հրետանային զորամասերից մեկում էր: Ստորաբաժանումները հանկարծակի «Տագնապ» ազդանշանով բերվում են պատրաստականության համապատասխան աստիճանի: Յուրաքանչյուր սպայի ու զինվորի, հրամանատարական ցանկացած օղակի գործողություն արդեն գնահատվում է: Մշտական տեղակայման վայրում որոշակի առաջադրանքներ կատարելուց հետո ստորաբաժանումները ռազմերթ են իրականացնում դեպի նախորոշված շրջաններ: Կենտրոնացման շրջաններում ուսումնական պարապմունքներից հետո, թերևս, ամենակարևոր փուլն է՝ տեխնիկան բերվում է մարտական վիճակի, կատարվում է մարտական հրաձգություն: Անձնակազմը պետք է ցուցադրի մարտական կրակ վարելու, նշանակետերը խոցելու, մարտավարական ճիշտ որոշումներ ընդունելու իր կարողությունները, ինչը զորամասում ուսումնական գործընթացի արդյունավետության գլխավոր ցուցիչներից է:

Միջոցառման մանրամասներն է ներկայացնում ռազմական վերահսկողության ծառայության տեսուչ, գնդապետ Աշոտ Ղազարյանը:

-Մեր ծառայությունն իրականացնում է գերատեսչական ստուգումներ, որոնց շրջանակում այս փուլում անձնակազմի հետ անցկացվում են կրակի կառավարման ստուգողական պարապմունքներ: Ռազմերթից, կենտրոնացման շրջաններն զբաղեցնելուց հետո մարտկոցներում կատարվել են կրակի վարման նախապատրաստման աշխատանքներ, եղել են նաև տեղանքում իրավիճակային այլ գործողություններ: Հրամանի համաձայն՝ մարտկոցները ծավալվել են մարտակարգերում, զբաղեցրել կրակային դիրքեր և զեկուցել մարտական հրաձգությանը պատրաստ լինելու մասին: Կրակային փուլում խոցվում են նշանակետերը:

Անակնկալ ստուգայցի մեկնարկից հետևել ենք խնդիրների կատարմանը: Կարգապահություն, շտաբային աշխատանք, թիկունքային ապահովում, հրամանատարների ընդունած որոշումներ և այլն, բոլոր օղակները մեր ուշադրության կենտրոնում են: Առանձնահատուկ կարևորում ենք ցանկացած իրավիճակում անվտանգության կանոնների պահպանումը։ Ստուգում ենք, բայց հարկ եղած դեպքում՝ նաև օգնում մասնագիտական խորհուրդներով: Ի վերջո, ստուգումների նպատակը անձնակազմի գիտելիքները զարգացնելն է, գործողություններն ավելի ներդաշնակ դարձնելը: Ամեն ինչ դիտարկում ենք բանակի մարտունակության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում:

Մարտական հրաձգությանը հետևում է կրակային միջնորդ, մարտկոցի հրամանատար, կապիտան Յուրիկ Աբգարյանը: Նա ստուգում է կրակի ճշտությունը, արձանագրում և զեկուցում է կրակի վարմանը անձնակազմի պատրաստ լինելու մասին:

-Խոցումը գերազանց է, խնդրի կատարման ժամանակը՝ լավ: Փորձում ենք արագացնել, հասցնել գերազանցի: Արձանագրել ենք՝ մարտկոցների հաշվարկները պատրաստ են իրենց մարտական խնդիրը կատարելու,- ասում է կապիտանը:

Հրամանատարական դիտակետում փոփոխվող պայմանական մարտական իրավիճակին համապատասխան որոշումներ են ընդունվում, փոխանցվում կրակային դիրքեր: Արդեն տեղերում նշանակետերի կոորդինատները հաշվարկելուց հետո հրետանային տարբեր միջոցներից կրակ է արձակվում, վայրկյաններ անց թիրախները խոցվում են:

Մարտկոցներից մեկի ղեկավարման կետում պատասխանատուն դասակի հրամանատար, լեյտենանտ Վահագն Բաղդադյանն է: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան: Լեյտենանտի առաջին խոշոր վարժանքն է: Հրաձգության մեկնարկից ժամեր անց ներկաներն արձանագրում են՝ նա ավելի վստահ է իր գործողություններում, հրամաններն ավելի հստակ են տրվում:  Գործնական վարժանքը վերհանել ու ամրապնդել է նրա տեսական գիտելիքները: Լեյտենանտ Բաղդադյանը անձնակազմի գործողություններից գոհ է, խոցված թիրախները համախմբված ու նվիրված ծառայության արդյունք  է համարում:

Տվյալ մարտկոցում իր խնդրի կատարման արագությամբ, ճշտությամբ առանձնանում է առաջին հրանոթի հաշվարկը: Հաշվարկի հրամանատարն է կրտսեր սերժանտ Արսեն Մանուկյանը: Կարճատև դադարի ընթացքում մոտենում եմ, զրուցում: Պարզվում է՝ օրեր անց զորացրվելու է:

-Հաճելի է, երբ ղեկավարման կետից հայտնում են թիրախները գերազանց խոցելու մասին,- ասում է Արսենը: -Բազմիցս մասնակցել եմ նմանատիպ գործնական վարժանքների, հրանոթի կիրառման առանձնահատկություններին տիրապետում եմ լիարժեք: Ուրախ եմ, որ զորացրվելուցս առաջ կրկին գերազանց արդյունք ունեցա, կարողացա նաև ոգևորել ծառայությունը շարունակող ընկերներիս, այսպիսով ներկայացնել սպայակազմի աշխատանքը: Ես էլ օրեր անց կզորացրվեմ, մտադիր եմ ընդունվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Վստահ եմ՝ այնտեղ էլ ինձ պետք կգան իմ զորամասային գիտելիքները, ճշգրիտ հաշվարկներ կատարելու, արագ ու ժամանակին գործելու կարողությունները:

Մեր զրույցն ընդհատվում է հրամանատարական դիտակետից նոր հրամանով՝ մարտկոցին հանձնարարվում է կատարել տեղաշարժ:

Կրտսեր սերժանտ Արսեն Մանուկյանը, հրանոթի նշանառու, շարքային Հակոբ Բաբայանը, վարորդ, շարքային Վանուշ Հակոբյանն ու մյուս տղաները հրանոթները մարտականից բերում են երթային վիճակի, ապահովում քողարկում: Բոլորն էլ քաջ գիտակցում են, որ մարտական իրավիճակում թիրախի գերազանց խոցումից ոչ պակաս կարևոր է կրակային դիրքը ժամանակին փոխելը: Նրանց գործողությունների հանրագումարով գնահատվելու է զորամասը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1533) 4.06.2024 - 11.06.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/06/2024