Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՆԵՐԸ



ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՆԵՐԸՕրերս անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը։ Քննությունների ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Քննությունների մեկնարկին ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված բարձրաստիճան սպաներին՝ պաշտպանության նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։

ՀՀ ՊՆ վարչական համալիրում առաջին օրը զինծառայողները հանձնել են ստուգարքներ շարային վարժաձևերից՝ առանց զենքի և զենքով։ Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները քննություններ են հանձնել նաև կրակային, ֆիզիկական և մասնագիտական պատրաստություն առարկաներից։ Պահանջներն ու նորմացույցները նույնն էին, ինչ բոլոր ստորաբաժանումների անձնակազմների քննությունների ժամանակ՝ ըստ տարիքային և մասնագիտական խմբերի:

Կրակային պատրաստության փուլից հետո գործընթացի մասին իրենց տպավորություններն են ներկայացրել գերազանց ներկայացած սպաներից մի քանիսը։

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՆԵՐԸԳնդապետ Վաչագան Դավոյան.

-Ատեստավորման գործընթացը սպաներին, պայմանագրային զինծառայողներին միշտ պահում է մարզված վիճակում: Նախապատրաստական մարզումների, պարապմունքների ժամանակ մասնակիցները կատարելագործում են իրենց կարողությունները, և դրական արդյունքները երևում են ատեստավորման ընթացքում: Իմ դեպքում այդ արդյունքն ակնհայտ է. վեց ամիս առաջ ատեստավորվել եմ առաջին անգամ, ստացել եմ ընդհանուր «լավ» գնահատական, իսկ հիմա կարողանում եմ «գերազանց» ներկայանալ, հրաձգության ժամանակ խոցել եմ բոլոր թիրախները: Ատեստավորման գործընթացը գնահատելիս ամենից առաջ հարկավոր է հասկանալ, թե  որքանով է այն նպաստում բանակի մարտունակության ամրապնդմանը: Բոլորն էլ կփաստեն, որ այդ առումով օգուտն անվիճարկելի է: Բանակին նոր որակ է հաղորդվում: Շատերն են ցանկանում կամավոր կամ պարտադիր հիմունքներով քննություններ հանձնել: Մասնակիցների արդյունքները կանխատեսելիորեն բարելավվում են, անգամ «բավարարները» քիչ են: Համոզված եմ՝ գործընթացը պետք է շարունակական լինի: Բարձրագույն և ավագ սպայակազմն էլ կրկնակի պատասխանատվությամբ է մոտենում քննություններին՝ գիտակցելով, որ մեզանից յուրաքանչյուրն օրինակ է նաև իր ենթակաների համար: Մեր բարձր ցուցանիշները լրացուցիչ խթան են կրտսեր հրամանատարական և պայմանագրային կազմի համար:

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՆԵՐԸԳնդապետ Անդրանիկ Պողոսյան.

-Բարձրագույն և ավագ սպայական կազմը մեծ ջանասիրությամբ ու նվիրումով է պատրաստվել քննություններին: Ընդհանրապես, հրամանատարական կազմն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ատեստավորմանը: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր պետ ու հրամանատար իր ենթակայի կայացման և ուսուցման պատասխանատուն է: Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ է փոխանցում, ամեն ինչ անում է, որ ենթական ապահովի «գերազանց» ցուցանիշներ: Միևնույն ժամանակ, բարձրագույն և ավագ սպայակազմի համար բարձր գնահատական ստանալն առավել քան կարևոր է, որովհետև դրանով իսկ ենթակա անձնակազմին անձնական վառ օրինակ են ցույց տալիս, ոգեշնչում են մասնագիտական աճի և նոր ձեռքբերումների:

Գործընթացը նպաստում է, որ զինվորական կազմը ֆինանսական բարելավում ունենա, ինչը նաև կօգնի շարունակաբար ծառայությանը ներգրավել երիտասարդների:

Ատեստավորման ընթացքում առանձնակի դժվարություններ չկան, սա բոլորիս զինվորական և ֆիզիկական պատշաճ կենսակերպն է: Պարզապես հարկավոր է մի փոքր ավելի զբաղվել մասնագիտական պատրաստվածությամբ, չլարվել, հաղթահարել ցածր գնահատականներ ստանալու վախը: Ինձ համար մեծ պատիվ է համալրել «գերազանց» գնահատականներ ստացած զինծառայողների շարքերը, իմ օրինակով կփորձեմ ոգևորել մեր զորամասի անձնակազմին:

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՆԵՐԸԳնդապետ Սահակ Սահակյան.

-Արդյունքների դիտարկմամբ արդեն ապացուցվել է՝ ատեստավորումը չափազանց կարևոր գործընթաց է: Իմ կարծիքով՝ այն ավելի վաղ կարելի էր մեկնարկել: Ավելանում է ֆինանսական բավարարումը, այսինքն՝ ապահովվում է զինծառայողի ընտանիքի համար շատ կարևոր սոցիալական բաղադրիչը: Զինծառայողի ֆիզիկական պատրաստվածությունը, կրակային պատրաստության հմտությունները, շարային ձգվածությունը որակապես նոր աստիճանի բարձրացնելը նպաստում են մարտական պատրաստության ընդհանուր գործընթացի արդյունավետությանը: Բնականաբար, մասնագիտական առավել հարուստ գիտելիքներ ունեցողը ավելի պատրաստ կլինի առաջադրված խնդիրների կատարմանը: Կարևոր է նաև, որ նման զինծառայողը հոգեբանորեն կայուն է և առօրյա գործունեության ընթացքում լիարժեք դրսևորում է մասնագիտական կարողությունները: Միգուցե բարդ է առօրյա ծանրաբեռնվածության հետ համատեղել բոլոր բաղադրիչներով պատրաստությունը, բայց պետք է գերիշխի այն գիտակցումը, որ մեր ամեն փոքր քայլով ապահովում ենք բանակի ընդհանուր զարգացումը:

Ամուր մարմին, ամուր հոգի, ամուր միտք՝ ես այդ գաղափարախոսության կողմնակիցն եմ: Ատեստավորման գործընթացը տվյալ ուղղություններով ապահովում է շարունակական աճ՝ նպաստելով մեր բանակի մարտունակության ամրապնդմանը:

Հրամանատարի գործոնը այս ամենում շատ կարևոր է, եթե նա կարողանում է բարձր արդյունքներ գրանցել, ենթակաները որոշակիորեն նաև պարտավորված են լինում կամային հատկանիշներ դրսևորել, լիարժեք ներգրավվել գործընթացին, ձգտել բարելավելու սեփական կարողությունների առավելագույն ցուցանիշները:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1534) 14.06.2024 - 21.06.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/06/2024