Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ



ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ-Իմ ծննդավայրը Արարատի մարզի Սիսավան գյուղն է,- ասում է մայոր Էռնեստ Սահակյանը: -Այնտեղ իմ մանկության սիրելի մարդիկ են, բարի հիշողությունները, տունը, իմ ապահով անկյունը… Ի վերջո, ծննդավայրս իմ Հայրենիքի մասնիկն է՝ ամենաթանկը, ամենասիրելին:

Ես, կինս ու երեխաս այժմ ծառայողական բնակարանում ենք ապրում, բայց տուն գնալու ոչ մի հնարավորություն բաց չենք թողնում: Նույն այգում երկու տուն է, մեկն իմն է, մյուսը եղբորս ընտանիքին է պատկանում: Առավոտյան քնաթաթախ մի պահ չեմ կողմնորոշվում, թե որտեղ եմ արթնացել՝ ծառայողական բնակարանո՞ւմ, զորամասո՞ւմ, թե՞ տանը: Աչքերս փակ հոտոտում եմ օդը ու գլխի եմ ընկնում, որ տանն եմ:

-Ո՞վ է Ձեր հոգում սերմանել այս ամենը,- հարցնում եմ:

-Ես մանկությունս անցել եմ Ռիտա տատիս ձեռքը բռնած: Նա մորեղբորս ընտանիքի հետ ապրում էր Ոսկետափ գյուղում, բայց մենք անբաժան էինք: Տատս բառացիորեն ինձ հունցեց խմորի պես ու ձև տվեց: Անընդհատ ասում էր՝ սովորի՛ր, սովորի՛ր: Ահավոր նյարդայնանում էր անարդարության հանդիպելիս, չէր հանդուրժում անազնիվ մարդկանց ու սուտը, կարգուկանոն էր սիրում և խիզախություն:

Անկեղծ ասած՝ հարցը տալիս մտածում էի, որ մայորը իր հրշեջ հոր մասին կպատմի, որը նաև մասնակցել է մեր սահմանների պաշտպանությանը:

-Ես հպարտանում էի իմ հորով, հրշեջի ուժեղ ու անձնվեր մասնագիտությամբ, բայց մանկության տարիներին ինձ սպորտն էր ձգում, մրցակցությունը: Հետո տարվեցի իրավաբանությամբ. ուզում էի արդարություն հաստատել ամենուր, պաշտպանել անմեղներին ու պատժել հանցագործներին: Բնականաբար, հարցնելու եք, թե ինչպես եղավ, որ ֆուտբոլի ու իրավաբանության փոխարեն ընտրեցի զինվորականի մասնագիտությունը: Անկեղծ ասած՝ չեմ կարող պատասխանել այդ հարցին: Երևի այդպես էր նախասահմանված. մի օր էլ որոշեցի ու դիմեցի ռազմական բուհ: Ուսման ընթացքում դժվարությունները շատ էին, բայց հետդարձի ճանապարհ չկար: Առհասարակ, երբ ես մի գործ եմ ձեռնարկում, պիտի հասցնեմ տրամաբանական ավարտին լավագույն արդյունքով:

Դժվար էին նաև ծառայության սկզբնական տարիները, երբ դասակի հրամանատար էր ու պիտի սեփական կենսափորձով հասկանար՝ ինչպես լինել զինվորի ընկերն ու հրամանատարը, ինչ անել, որ ենթարկվեն իր հրամաններին ու, միևնույն ժամանակ, սիրեն իրեն: Մայորի կարծիքով՝ ժամկետայիններին զինվորական գիտելիք հաղորդելը ամենահեշտ գործն է, դժվարը զինվորի վարքն ու մտածելակերպը վերաձևելը և ուղղորդելն է: Ես չեմ հարցնում՝ Էռնեստ Սահակյանը կարողացե՞լ է գտնել այդ հարցերի պատասխանները, իրագործել իր նպատակները. նրա ծառայողական արդյունքները չափազանց խոսուն են: Պարզապես հետաքրքրվում եմ.

ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ-Ո՞րն է հրամանատարի հաջողության բանալին:

-Ես մտա զինվորի մաշկի մեջ,- պատմում է մայորը,- փորձեցի պատկերացնել նրա ցանկությունները, գնահատականները, դժվարություններն ու ձգտումները: Եվ հասկացա՝ զինվորը հրամանատարի կերպարով տեսնում է մեկին, որը միշտ կլինի իր կողքին, կլսի իրեն ու կօգնի: Հենց այդ մեկն էլ կդառնա զինվորի հենարանը, ուղեկիցը, առաջնորդը: Սպան հաջողության հասնելու համար պիտի շատ աշխատի: Ես կաշվից դուրս եմ եկել, որ միշտ տեսադաշտում պահեմ զինվորներիս, հսկեմ, այնպես անեմ, որ իմ կերպարը անթերի լինի նրանց աչքերում: Կարողանամ հարգանք ձևավորել իմ արժեքների ու գաղափարների հանդեպ ու միանգամայն տարբեր անհատներից զինվորական կոլեկտիվ կազմել:

Այժմ մայոր Էռնեստ Սահակյանը զորամասի ծառայության պետ է: Գործի ծավալները մեծացել են, բայց էությունը չի փոխվել: Նա ատեստավորման քննությունների արդյունքներով լավագույններից մեկն է զորամասում:

-Ես չեմ նսեմացնում ոչ մի մասնագիտություն, բայց բանակն ուրիշ աշխարհ է: Ինձ համար միջին ցուցանիշներն այստեղ ձախողում են, քանի որ խոսքը Հայրենիքի պաշտպանությանն է վերաբերում: Այստեղ ամեն պահի ստիպված ես գործով ապացուցել խոսքդ: Այստեղ վատն ու լավը ավելի ցցուն են երևում: Չես կարող դոփել տեղում, անընդհատ պիտի զարգանաս ու ենթականերիցդ մի քայլ առաջ լինես… Իսկ ենթակա անձնակազմ ունեն նույնիսկ ջոկի հրամանատար ժամկետայինները: Այսինքն՝ ասածս վերաբերում է զինծառայողների գերակշիռ մասին:

-Զորացրվելու, վաստակած հանգստի անցնելու ցանկություն ունե՞ք…

Իմ հարցը զարմացնում է մայորին:

-Դե, ասում եք՝ բանակն ուրիշ աշխարհ է, շատ դժվար է,- բացատրում եմ:

-Բայց ես սիրում եմ այս աշխարհը: Արդեն 23 տարի է, ինչ ծառայում եմ ու զորացրվելու միտք չունեմ:

-Ինպե՞ս եք հանգստանում, որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ վայելքները:

-Կնոջս ու երեխայիս հետ գնում եմ տուն՝ Սիսավան: Մորս ու եղբորս մոտ եմ գնում:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1535) 26.06.2024 - 3.07.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/07/2024