Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՀԻՇՈՒՄ ՈՒ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ



ՎԵՐՀԻՇՈՒՄ ՈՒ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸԶորամասում ուսումնական աշխույժ եռուզեռ է։ Վարժական հավաքների մասնակիցները վերհիշում ու զարգացնում են ժամկետային ծառայության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները։

Հավաքին ներգրավված սպաներից Գայ Սիրականյանն ասում է.

-Վարժական հավաքների մասնակիցների հետ անցկացվում են տարատեսակ պարապմունքներ՝ անհատական պատրաստությունից մինչև դասակների ներդաշնակում թե՛ առօրյա, թե՛ մարտական հենակետում ծառայության կազմակերպման և կրման ընթացքը կանոնակարգելու նպատակով: Սովորելու շատ մեծ ցանկություն են հայտնում հավաքի մասնակիցները, պահանջկոտ են, ինչը գովելի է:

Վարժադաշտում ծավալված ուսումնական կետերում սպաներն ու սերժանտները պահեստազորայիններին ուսուցանում են զենքից, ինժեներական սարքավորումներից, կապի ու ռազմատեխնիկական այլ միջոցներից ճիշտ օգտվելու, մարտի դաշտից վիրավորին տարհանելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարգը, առանձնահատկությունները: Անցկացվում են նաև զինվորական օրվա կարգացուցակով նախատեսված այլ դասընթացներ։

Ստորաբաժանման հրամանատար Տիգրան Ենգոյանի գնահատմամբ՝ վարժական հավաքների մասնակիցները տրամադրված են սովորելու, պատրաստ են ցանկացած խնդիր ժամանակին և ճիշտ կատարելու: Շատերն արդեն ցանկություն են հայտնել հետագայում ծառայությունը շարունակելու որպես պայմանագրային զինծառայող, ինչը հավաքների կարևորության ու արդյունավետության ցուցիչ է:

ՎԵՐՀԻՇՈՒՄ ՈՒ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸՍևակ Խաչատրյանը հավաքի գործուն մասնակիցներից է:

-Ծանուցվել եմ համապատասխան կարգով, ժամանակին պատրաստակամորեն ներկայացել եմ վարժական հավաքների: Բանակը համալրվում է նոր միավորներով, սարքավորումներով, և ոչ միայն զինվորն անընդհատ պետք է պատրաստվի, այլև պահեստազորայինն էլ պետք է պարբերաբար մասնակցի նման վարժանքների, կատարելագործվի: Միշտ պատրաստ եմ ծառայել  հայրենիքիս, առաջին իսկ կանչով ներկայանալ զինկոմիսարիատ: Անցումը քաղաքացիականից զինվորական կյանքի ունենում է որոշ բարդություններ, սակայն մենք պատասխանատվություն ենք կրում ծառայությունը տղամարդավարի անցկացնելու. թիկունքում մեր տունն է, մեր հողն ու ջուրը:

Այս գաղափարով են համակված բոլորը։ Բոլորն էլ պատրաստ են սովորել ու քայլ առ քայլ զարգացնել իրենց մարտավարամասնագիտական կարողությունները՝ որպես հայրենիքի պաշտպաններ։

Շմավոն Ադամյանը կամավոր դիմում է ներկայացրել և պատրաստակամություն հայտնել մասնակցելու վարժական հավաքներին, որոնց ավարտից հետո մտադիր է ծառայությունը շարունակել զինված ուժերում՝ արդեն որպես սպա։

ՎԵՐՀԻՇՈՒՄ ՈՒ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ-Յոթ տարի պայմանագրային եմ եղել, հիմա էլ ուզում եմ սպա դառնալ: Կարծում եմ, որ հիմա մեր պետությունն առավել քան երբևէ ունի մեր նման մարդկանց կարիքը: Տղամարդը բոլոր ուժերը պիտի ներդնի պետության զարգացման գործում, և դրա կարևոր նախապայմանը հենց վարժանքներին մասնակցությունն է: Այստեղ զինվորական տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ են՝ ծառայություն անցած, հասուն: Մեկը մյուսի հետ շփվելով փորձի փոխանակում է տեղի ունենում:

Թեև փորձառու է, նախքան դիրքեր բարձրանալը Շմավոնն էլ մյուսների պես նախ սերտում է մարտական հերթափոխի կարգը, առանձնահատկությունները, անվտանգության կանոնները։ Մարտական հերթապահության նախապատրաստման ավանում պահեստազորայիններին ուսուցանում են մարտական հաշվարկով անձնակազմի գործողությունները, տարբեր իրավիճակներում գործելու կարգն ու քայլերի հաջորդականությունը:

Գործնական դասաժամերը հաջորդում են մեկը մյուսին: Կրակադաշտում անձնակազմը պատրաստվում է ստուգողական հրաձգության վարժաձևերի կատարմանը։ Զենքից ճիշտ օգտվելու,  լիցքավորելու ու լիցքաթափելու, անվտանգության կանոնները պահպանելու վերաբերյալ հրահանգավորումից հետո պահեստազորայինները սկսում են դասը: Վարժական հավաքների մասնակիցները սովորում են այն ամենը, ինչն անհրաժեշտ է պատրաստված ու մարտունակ լինելու համար, այնուհետև ներգրավվում են մարտական հերթափոխի՝ ծառայությունն իրականացնելով առաջնագծում։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #22 (1535) 26.06.2024 - 3.07.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/07/2024