Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊԱՎՈՐԸ



ԿԱՊԱՎՈՐԸԶորամասի ուսումնական կետերից մեկում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցած տղաներն են: Նրանք անհրաժեշտ պատրաստություն են անցել, համալրել նախորոշված հաստիքները: Հիմա էլ օրական մի քանի ժամ պարապմունքների են մասնակցում, կոփվում են, հղկում ֆիզիկական ունակությունները, կեցվածքը: Տղաների շարքում է Միշա Ղազարյանը: Պարտադիր ժամկետային ծառայության առաջին ամիսները Միշան անցկացրել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումում: «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին լսելով՝ իրագործել է զինվորական դառնալու երազանքը և ժամկետայինից անցել պայմանագրային ծառայության՝ հինգ տարով:

-Մեծացել եմ զինվորականի ընտանիքում: Փոքր տարիքից տեսնելով իմ հայրիկին համազգեստով՝ հպարտացել եմ նրանով, միշտ ցանկացել եմ նմանվել: Առանց երկմտելու դիմել եմ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին միանալու, և 2023 թվականից ես պայմանագրային զինծառայող եմ: Չափազանց ուրախ և հպարտ եմ, որ ծառայում եմ բանակում,- ասում է Միշան:

Կրտսեր սերժանտ Ղազարյանը հնգամյա պայմանագրային ծառայությունն իրականացնելու է կապի ուսումնական զորամասում: Ընտրել է կապավորի մասնագիտությունը՝ գիտակցելով դրա կարևորությունն ու նշանակությունը.

-Կապավորի մասնագիտությունը բարդ է ու դժվար, պետք է անընդհատ սովորել, զարգացնել գործնական կարողությունները: Հրամանատարները մեզ օգնում են կատարելագործվել: Կապը, իմ կարծիքով, բանակի սիրտն է, կարևոր է ցանկացած զորատեսակի համար: Հենց դրա համար էլ յուրաքանչյուրս ձգտում է դառնալ լավ մասնագետ, առավել ևս, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը արհեստավարժ զինվորական դառնալու լայն հնարավորություններ է ընձեռում:

Միշան շեշտում է նաև ծրագրի մի շարք սոցիալական արտոնություններից օգտվելու հնարավորությունը:

-Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի կատարելապես պատրաստված զինվորական դառնալը: Բայց նաև ոգևորիչ է, որ կարող ենք ծանրաբեռնված ծառայությանը զուգահեռ սովորել բուհում, ֆինանսական բարձր բավարարում ունենալ, ծառայել մեր բնակավայրին մոտ, ընտանիքի կողքին:

Միշան օրեցօր բարելավում է մասնագիտական ունակությունները, ձգտում լինել առավել հմուտ և պատրաստված կապավոր: Ասում է՝ ծառայության մեջ մանրուքներ չկան, ու հայրենյաց պաշտպանի իր գործը կատարում է սիրով ու նվիրումով: Իր ապագան պատկերացնում է միայն զինված ուժերում, ուզում է կատարելագործվել և օգտակար լինել հայրենիքին:

Միշան շեշտում է՝ թեև իր ծառայությունը թիկունքային է, յուրաքանչյուր պահի պատրաստ է մասնագիտական գիտելիքները կիրառել առաջնագծում, դիրքապահ ստորաբաժանումում: «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նրան տվել է այդ վստահությունն ու փորձառությունը:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #26 (1539) 25.07.2024 - 31.07.2024, Ազգային բանակ


02/08/2024