Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ



ԵՐԴՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆԶորամասում երդման հանդիսավոր արարողություն է: Տարբեր բնակավայրերից եկել են նորակոչիկների հարազատներն ու բարեկամները: Համազգեստով իրար շատ նման տղաները խրոխտ քայլվածքով մտնում են շարահրապարակ: Նրանց հպարտ, ձիգ կեցվածքից պարզ է՝ կարճ ժամանակահատվածում շատ բան են հասցրել սովորել:

Քիչ անց սկսվում է միջոցառումը: Զինվորները հերթով երդվում են անմնացորդ ծառայել հայրենիքին: Յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս լավ ներկայանալ ծնողների, հարազատների առաջ: Ծնողները փորձում են շարքերում գտնել իրենց զավակներին, տեսնելուն պես հուզվում, ուրախանում են, մյուսներին իմաց տալիս: Մայրերի աչքերում անթաքույց կարոտ է ու սեր, սրտերում՝ խաղաղության մաղթանք:

-Հպարտ եմ, որ տղաս զինվոր է, խոսքեր չեմ գտնում՝ արտահայտելու զգացմունքներս,- ասում է նորակոչիկներից մեկի հայրը՝ Յուրիկ Սահակյանը: -Ես չորս տղաների և երեք աղջիկների հայր եմ և վստահ ասում եմ՝ տղան պետք է ծառայի բանակում, այլ կերպ լինել չի կարող: Այսօր երջանիկ եմ, որովհետև որդիս իր երկրի սահմաններն է պաշտպանելու: Տղաներս մեզ բազում հպարտանալու առիթներ են տալու:

Զինվորի մայր տիկին Աննան էլ իր սրտի խոսքն է ասում.

-Իմ տղան մեծացել է զինվորականի ընտանիքում: Նա շատ լավ է հասկանում ծառայության կարևորությունը: Հպարտ եմ, որ տղաս մեր երկրի արժանապատիվ զավակն ու զինվորն է: Հիմա նա ծառայում է հանուն իր երկրի շենացման և բարգավաճման:

Հրամանատարի շնորհավորական ուղերձից հետո զինվորները հանձնում են իրենց ամրակցված զենքերն ու շտապում վայելելու երկօրյա արձակուրդը: Հուզմունք, հպարտություն, ուրախություն՝ միախառնվել են բոլորի զգացողությունները: Ծնողների մաղթանքը մեկն է՝ թող ամեն օրը խաղաղությամբ լցված լինի:

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԵՐՄԻՇՅԱՆ

Խորագիր՝ #28 (1541) 15.08.2024 - 22.08.2024, Ազգային բանակ


27/08/2024