Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐՆ ԵՆ



ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐՆ ԵՆՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ընթանում են «Պատիվ ունեմ» ծրագրով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ունկնդիրների եռամսյա վարժական հավաքները: Դրանց ավարտին տղաները կստանան «լեյտենանտի» զինվորական կոչում, կհամալրեն զինված ուժերի շարքերը՝ որպես ստորաբաժանման հրամանատարներ, բանիմաց ու կիրթ սպաներ:

Հավաքի շրջանակում զորավարժարանի տարբեր հատվածներում բացազատված ուսումնական կետերում ծրագրի մասնակիցները համապատասխան հմտություններն են հղկում: Զորային հավաքի պետ, գնդապետ Արթուր Մկրտչյանը հետևում է անձնակազմի մարզումներին, հրահանգավորում ենթականերին:

-Եռամսյա զորային հավաքի նպատակը մասնակիցներին կրակային պատրաստության, մարտավարության և այլ թեմաներով անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելն է: Գործնական վարժանքների միջոցով զարգացնում ենք տղաների մասնագիտական հմտությունները, որոնք նրանց հետագա ծառայության ընթացքում շատ են պետք լինելու,- բացատրում է գնդապետը: -Այս փուլում գլխավորը նրանց որպես սպա պատրաստելն է: Կարևորում ենք տեսական գիտելիքի իմացության և դրա գործնական կիրառման համադրումը, զինվորական կարգապահության ձևավորումը և զորքի հետ շփվելու հմտությունների ու կարողությունների մշակումը։ Անհրաժեշտ պայման է, որ հավաքի ավարտին մեր մասնակիցների գնահատականները լինեն բացառապես «լավ» և «գերազանց»: Մենք պետք է վստահ լինենք, որ հետագայում նրանք կկարողանան ենթականերին փոխանցել իրենց գիտելիքները, լավագույնս ղեկավարել անձնակազմը։

Զորավանում ապագա սպաների օրը հագեցած է՝ տարբեր վարժանքներ, զենքի խնամք, մարզական պարապմունքներ: Ուսումնական մի քանի կետերում հետևում ենք պարապմունքներին, զրուցում տղաների հետ: Մինչև մարտական հրաձգություն կատարելը նրանք հմտանում են վարժասարքով։ Տղաները թիրախները խոցում են ճոճվող հարթակի վրա պառկած դիրքից։ Առաջադրանքը հաջողությամբ կատարածներն անցնում են հաջորդ վարժությանը։ Առաջին փորձից երեք թիրախն էլ գերազանց խոցում է Հեկտոր Գալստյանը: Նա ավարտել է Շիրակի պետական համալսարանը, քաղաքագիտություն է ուսումնասիրել:

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐՆ ԵՆ-«Պատիվ ունեմ» ծրագիրն ընտրեցի՝ օգտվելով բուհում ուսումնառությունն ու Հայրենիքին ծառայությունս համատեղելու հնարավորությունից,- ասում է երիտասարդը: -Ծրագրի մասին վաղուց էի տեղեկացել նույն ձևաչափով ծառայություն անցած իմ ավագ ընկերներից։ Նրանցից եմ իմացել, թե ինչ պատվաբեր ու նաև պատասխանատու գործ է սա։ Մի քիչ ծանրութեթև արեցի ու, ահա, այստեղ եմ։ Հասկանում եմ՝ ինչ մեծ պատասխանատվություն եմ կրելու. որպես սպա՝ ես հանձնառու եմ ենթակա ստորաբաժանման անձնակազմի պատրաստության, անվտանգ ծառայության համար։ Այս հավաքների փուլում ավելի լավ ենք գիտակցում մեզ սովորեցրած յուրաքանչյուր թվացյալ մանրուքի կարևորությունը: Ուրախալի է, որ պարապմունքներն աստիճանաբար ավելի հետաքրքիր ու «թեժ» են դառնում: Մեր առջև նորանոր խնդիրներ են դրվում, և մենք ամբողջությամբ հարմարվում ենք այդ ռիթմին:

Հաջորդ փուլում արդեն տղաները դիպուկ կրակ վարելու հմտությունն են հղկում կրակադաշտում: Ինքնաձիգը նշանազարկի բերելու պարապմունքն ընթանում է մարտական հրաձգությամբ: Փոխգնդապետ Արման Ղուլյանը հետևում է վարժության կատարմանը, հրահանգավորում տղաներին:

-Մինչև այս փուլը ռազմական ակադեմիայում «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ մեթոդական պարապմունքներ ենք անցկացրել: Նրանք յուրացրել են հրաձգային զենքերի վերաբերյալ տեսական գիտելիքները։ Իսկ դաշտային պայմաններում իրենց զորային ստաժավորումն են անցնում, հրաձգությամբ զարգացնում են գործնական հմտություններն ու կարողությունները: Եռամսյա հավաքների ընթացքում մեր ծրագրի մասնակիցները մարտական պատրաստվածության բարձր աստիճանի են հասնում։

Նվեր Սահակյանը նույնպես դիպուկ կրակ է վարում ինքնաձիգից: Նա բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, բուհն ավարտել է գերազանցությամբ։

-«Պատիվ ունեմ» ծրագիրը միանգամայն շահավետ պայմաններ է առաջարկում, և ես սիրով եմ ներգրավվել,- ասում է երիտասարդը: -Շահավետ է նախ այն, որ ուսումս համալսարանում իրականացրի առանց դադարների, լիարժեք ավարտեցի բակալավրիատը։ Ոչ թե ծառայությունից հետո տիրապետեցի մասնագիտությանս, այլ՝ զուգահեռաբար։ Մյուս կարևոր առավելությունն այն է, որ պետությունը փոխհատուցում է մեր ուսման վարձը՝ բավականին զգալի գումար։

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐՆ ԵՆՀավաքների մասին կարող եմ ասել, որ մեզ լայն գիտելիքներ են փոխանցում՝ գործնական հմտությունները կատարելագործելու հնարավորություն տալով։ Դառնում ենք է՛լ ավելի ուժեղ, է՛լ ավելի դիմացկուն, հաղթահարում ենք տարբեր փորձություններ: Երեք ամիս անց՝ քննությունները բարեհաջող հանձնելուց հետո, կստանանք սպայական կոչում և այդ կարգավիճակում արդեն զորքերում կստանձնենք մեր պաշտոնները։ Ծառայության անցնելուց երեք ամիս հետո ատեստավորվելու հնարավորություն ենք ունենալու: Քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում մեր աշխատավարձը կտրուկ կբարձրանա։

Դանակի նետման ուսումնական կետում ունկնդիրներն իրականացնում են կարճ տարածության վրա հակառակորդի հետ դիմահար մարտի ընթացքում սվին-դանակով պայմանական թիրախի խոցման վարժությունը: Առաջին փուլը հաղթահարելուց հետո թիրախի հեռավորությունը մեծացվում է: Վարժությունը կատարողների շարքում է Էդուարդ Ավետիսյանը: Ծնվել է ՌԴ Սամարա քաղաքում։ Երբ լրացել է 17 տարին, որոշել է վերադառնալ Հայրենիք և ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում։

-11-12 տարեկան էի, երբ սկսեցի հայկական հեռուստաալիքներով դիտել ՀՀ բանակի մասին տեսանյութերը: Ամեն անգամ շատ էի ոգևորվում, հպարտանում։ 17 տարեկան դառնալուն պես եկա Հայաստան, ստացա ՀՀ անձնագիր։ Սկզբում մտածում էի ժամկետային զինծառայություն անցնել, բայց «Պատիվ ունեմ» ծրագրի մասին իմանալով, հասկացա, որ ուզում եմ և կարող եմ որպես սպա ծառայել: Կարծում եմ՝ այս կերպ ավելի օգտակար կլինեմ Հայրենիքիս։

Զինվորական գործն իր դժվարություններն ունի, որոնք հաղթահարելով՝ սկսում ես ավելի ու ավելի տարվել դրանով: Սպան պետք է տեղյակ լինի և գերազանց տիրապետի զինվորական գործի բոլոր մանրամասներին: Այս հավաքները շատ հետաքրքիր են անցնում, գործնականում կատարելագործում ենք այն հմտությունները, որ մեզ ապագայում անհրաժեշտ են լինելու որպես սպա մեր խնդիրները կատարելիս:

Երկու ամիս անց Էդուարդն արդեն որպես սպա ոտք կդնի ծառայավայր։

-Տրամադրվածությունս մարտական է ու միշտ էլ այդպես է լինելու։ Ես հասկանում եմ՝ ինչի համար եմ այստեղ, ինչի համար եմ ծառայում և դա անում եմ հաճույքով ու պատասխանատվության բարձր զգացումով։ Ծառայությունից հետո էլ ապրելու եմ Հայաստանում, և մեծ ցանկությունս է, որ իմ երեխաները նույնպես իրենց Հայրենիքում ապրեն։

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՀԱՅԿ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1541) 15.08.2024 - 22.08.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/08/2024