Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՆՈՐ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈւսումնական զորամասում կանանց գումարտակի ժամկետային զինծառայողներն են։ Նրանց հետ անցկացվում են մարտավարամասնագիտական պարապմունքներ լսարաններում, վարժադաշտում։ Կին զինծառայողները ամեն օր նոր գիտելիք են ձեռք բերում, նոր փորձառություն, նոր հմտություններ: Նրանց գործողություններից էլ պարզ է՝ արդեն ավելի վարժ են ու ինքնավստահ:

-Այս ամենին զուգահեռ՝ աղջիկների խումբն առաջին անգամ նաեւ հրահանգչական դասընթացների է մասնակցում։ Նրանց կուսուցանեն որպես ապագա հրահանգիչների, ապա նրանք սովորածը կփոխանցեն համապատասխան ստորաբաժանումներում ենթակա անձնակազմին,- նշում է ավագ լեյտենանտ Ամալյա Գեւորգյանը։ -Սա մեծ հնարավորություն է հավելյալ գիտելիքներ ստանալու: Օրեր առաջ են մեկնարկել պարապմունքները, բավականին հագեցած գրաֆիկով ենք շարժվում՝ մարտավարություն, կրակային, ինժեներական, ԱԹՍ պատրաստություն, հետախուզություն և այլն։ Դասաժամերը բավականին հետաքրքիր ու բովանդակալից են անցնում, հաճախ քննարկումների հենքով։ Ամեն մեկն իր անհատական կարծիքն է արտահայտում, այս կամ այն հարցի շուրջ թիմային լուծումներ ենք փնտրում, ինչը զգալիորեն հարստացնում է դասընթացն ու բարձրացնում արդյունավետությունը։

Տեսական պարապմունքներն ընթանում են լսարաններում, ապա գիտելիքներն ամրապնդվում են գործնական պարապմունքներով՝ հրաձգարանում եւ մարտավարական դաշտում:

Գումարտակի աղջիկները լարված պարապում են, ջանում ամեն րոպեն արդյունավետ օգտագործել, անընդմեջ կատարելագործվել. համառ ու քրտնաջան աշխատանքը վաղն իր պտուղները կտա:

ՆՈՐ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՇարքայիններ Աննա Մարությանն ու Լուիզա Զաքարյանը վերջերս են համալրել կանանց գումարտակի շարքերը: Մինչ զորակոչվելը Աննան Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում էր ուսանում, տարկետում է վերցրել, որ ծառայի Հայրենիքին:

-Մեր գերդաստանի առաջին զինվորականն եմ եւ անսահման հպարտությամբ եմ կրում համազգեստը։

Ծառայում եմ երկու ամսից ավելի։ Իհարկե, զորամասային կյանքն ունի իր դժվարությունները, բարդությունները։ Առավոտյան 6:30 վերկացն է, ապա ֆիզիկական պատրաստության ժամն է, հետո էլ մասնագիտական դասընթացներն են սկսվում։ Տնից հեռու ենք, ու ամենօրյա ծանրաբեռնված գրաֆիկին էլ գումարվում է կարոտը, բայց, դե, ամեն դժվարություն էլ հաղթահարելի է, քանզի գիտակցում ենք՝ ինչ նպատակով ենք այստեղ,- ասում է Աննան։ -Սպաներն էլ միշտ մեր կողքին են ավագ ընկերոջ պես, ծնողի սրտացավությամբ։ Ուսումնական նյութը շատ մատչելի, պարզ բացատրում են: Ես էլ աշխատում եմ ավելի ու ավելի զարգացնել գիտելիքներիս պաշարը, հմտություններս: Այստեղ ոչ միայն մեր մասնագիտական դասերն ենք սերտում, այլ նաեւ ընկերասիրության, հավատարմության, նվիրումի, իրար թեւութիկունք լինելու օրինակներով սովորում… Ու էսպես ամեն օր ավելի ու ավելի եմ համոզվում՝ ճիշտ որոշում եմ կայացրել, դժվարին, բայց պատվաբեր մասնագիտություն եմ ընտրել: Կամավոր ձեւաչափով ժամկետային ծառայությունս ավարտելուց հետո շարունակելու եմ պայմանագրային հիմունքներով ծառայել։ Մեր զինվորների կողքին եմ լինելու։ Տեսնելով իր կողքին նվիրումով ծառայող աղջկան՝ զինծառայողը ավելի խիզախ ու մարտական է դառնում: Խորհուրդ կտամ աղջիկներին գան, համալրեն մեր շարքերը։

ՆՈՐ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈւ թե Աննա Մարությանն իրենց գերդաստանի առաջին զինվորականն է, շարքային Լուիզա Զաքարյանը դեռ մանկուց երազել է համազգեստ կրել. Լուիզայի հայրը զինվորական է եղել, ու աղջնակը տեսել է ծառայության փայլն ու միևնույն ժամանակ բազմաթիվ դժվարությունները։ Նպատակասլաց Լուիզան իրագործել է իր երազանքն ու այժմ համազգեստ է կրում։

-Իհարկե, մտավախություն ունեի, որ գուցե չստացվի, ձախողվեմ, բայց նաեւ որոշել էի՝ ռիսկով առաջ գնալ, նպատակներս կյանքի կոչել: Անկեղծ ասած՝ ծնողներս սկզբնական շրջանում դեմ էին որոշմանս, պատճառաբանում էին, որ զինվորական գործը տղամարդկանց տիրույթն է։ Հիմա արդեն հպարտանում են ինձնով, ամեն կերպ աջակցում:

Ավելին՝ Լուիզան տանն այնքան է ոգեւորված խոսել, պատմել ծառայությունից, զորամասում տիրող ջերմ ՆՈՐ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐու անմիջական մթնոլորտից, որ քույրը՝ Գայանեն էլ է որոշել զինվորականի ճանապարհն ընտրել:

Լուիզան կանանց գումարտակում ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո մտադիր է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնել պայմանագրային ծառայության:

-Բոլոր այն աղջիկներին, որ ծառայելու ցանկություն ունեն, բայց դեռ երկմտում են, պարզապես խորհուրդ կտամ չհապաղել։ Եթե ունեք նպատակ, ուրեմն հաստատակամ եղեք, համալրեք մեր շարքերը։ Հայրենիքը բոլորինս է ու բոլորիս կարիքն ունի, եկեք մի մասնիկը լինենք բանակի ուժի:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (1544) 13.09.2024 - 20.09.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/09/2024