Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԵՐՆ ՈՒ ԲՈՒՅՐԵՐԸ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԵՐՆ ՈՒ ԲՈՒՅՐԵՐԸԱնդրանիկ Սարգսյանի հայրը ջոկատի հրամանատար էր: Մայրն ասում էր, որ հայրը խաղաղության հետ տուն կգա: Բայց խաղաղությունը մենակ եկավ. հայրն անհետ կորել էր: …Երբեմն նախանձում էր այն տղաներին, որոնց հայրերը զոհվեցին հայրենիքը պաշտպանելիս: Նրանք հնարավորություն ունեն նստել իրենց հայրերի շիրիմների մոտ, դատարկել սիրտը կամ պարզապես լռել: Մայրն ասում էր, որ հայրը մի օր գալու է անպայման: Ու ընտանիքը ամեն օր սպասում էր, բայց այդ բաղձալի օրն ուշանում էր: Չգիտես ինչու, Անդրանիկը մտածում էր, որ հայրը գալու է երեկոյան: Երբ ընտանիքը հավաքվի թեյի սեղանի շուրջ, մայրը իր ձեռքով անտառներից հավաքած խոտաբույսերի ու ծաղիկների թուրմը լցնի բաժակների մեջ, ու բարձրացող գոլորշին անուշ բույրով լցնի տունը, հայրը ներս է մտնելու…

Դրանք այն տարիներին էին, երբ պատանիների հոգում զինվորական դառնալու որոշումը ծնվում էր ինքնաբերաբար, առանց քննարկելու, առանց երկընտրանքի: Իսկ Անդրանիկի համար զինվորական համազգեստ կրելը հոր գործը շարունակելու, նրա տեղը շարքում լրացնելու նպատակով էր իմաստավորվում:

Ժամկետային ծառայության տարիները զինվորական կյանքի նախերգանքն էին: Անդրանիկը զորացրվեց բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով ու «սերժանտի» կոչումով: Ու զարմանալի չէր, որ կարճ ժամանակ անց վերադարձավ բանակ: Առաջին զինվորական պաշտոնը վաշտի ավագն էր՝ «ենթասպայի» կոչումով: Հետո օրինակելի ծառայության համար սպայի կոչում ստացավ: Հասավ ստորաբաժանման շտաբի պետի պաշտոնին:

Կյանքը շարունակվում էր իր հունով: Անդրանիկն արդեն 15 տարի բանակում էր ու կասկած չուներ, որ զինծառայությունն իր կյանքի միակ գործն է, որ զինվորական համազգեստը պիտի հանի տարիքն առնելու և աշխատանքային կենսագրությունն ավարտելու ժամանակ: Բայց շրջադարձը եղավ անակնկալ ու անկասելի:

….Երբ կնոջ ու երկու մանկահասակ դուստրերի հետ հեռանում էր իր ծննդավայր Ստեփանակերտից, չգիտեր, թե իրենց ինչ ճակատագիր է սպասում Հայաստանում: Եկան Արմավիր, վարձով տուն գտան, տեղավորվեցին: Բայց ամենադժվարը առջևում էր: Ամեն ինչ պիտի սկսեր զրոյից: Պիտի ոտքի կանգնելու ուժ գտներ: Ինքը տան տղամարդն էր, ընտանիքի միակ կերակրողը, պաշտպանը… Պիտի նախկին խինդն ու ընտանեկան ջերմությունը վերադարձներ փոքրիկ դուստրերին, պիտի հույս ու հավատ ներարկեր կնոջը:

…Երբ մի օր ծանր խոհերից հոգնած փակեց աչքերը, հանկարծ մի թանկ ու հարազատ պատկեր հայտնվեց խավարում՝ մայրը ոսկեգույն թեյ էր բաժանում սեղանի շուրջ խմբված ընտանիքի անդամներին: Ասես՝ զգաց անուշ բույրը, ինչ-որ անբացատրելի ջերմություն անցավ մարմնով: Որտեղից որտեղ հիշեց խոտաբույսերի անունները, տեսքը, ծաղիկների գույներն ու բույրերը: Մանկության ամենապայծառ հուշը հանկարծ ինչ-որ անբացատրելի զորությամբ ջնջեց բոլոր մտահոգությունները, վախերն ու ցավերը: Որոշումը ծնվեց միանգամից ու աներկբա: Մի քանի օր անց Անդրանիկը Ապարանի սարերում էր, խոտաբույսեր էր հավաքում, դաշտային ծաղիկներ: Հետո գնաց Սիսիան, հետո՝ Տավուշ…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԵՐՆ ՈՒ ԲՈՒՅՐԵՐԸԱնդրանիկ Սարգսյանը այնպիսի ներշնչանքով, այնպիսի ոգևորությամբ է պատմում իր պատրաստած թուրմերի մասին, որ ուզում ես տեղում փորձել:

-Թեյն անբացատրելի մոգություն ունի, ծաղիկների ու խոտաբույսերի բույրերը տարբեր տրամադրություններ են արթնացնում, տարբեր հոգեվիճակներ: Ես 15-17 անուն խոտաբույս ու ծաղիկ եմ հավաքում Հայաստանի սարերից, հետո դրանք խառնում եմ իրար ու տարբեր համեր եմ ստանում, մի քանի տասնյակ համադրություններ: Առաջին համտեսողը ընտանիքս է՝ կինս ու աղջիկներս: Դա յուրատեսակ ընտանեկան ծես է, երբ երեկոյան հավաքվում ենք ու համտեսում իմ ստեղծած նոր համը: Հետո ես դրանք փոխանցում եմ մարդկանց՝ գեղեցիկ տուփերի մեջ: Մինչև հիմա չի եղել մեկը, որ փորձի իմ պատրաստած թեյը ու չցանկանա երկրորդ անգամ համտեսել այն: Մեր ապրանքանիշի մշտական գնորդների թիվն աստիճանաբար ավելանում է:

Թեյախմությունը երկխոսություն է, մտերմություն, սեր, այն կապում է մարդկանց սրտերը: Ոչ ոք չի կարող իմ պատրաստած թեյերը մենակ խմել, դրանք անպայման ինչ-որ մեկի հետ զգացողությունները կիսելու ցանկություն են արթնացնում: Երազանքներ են ծնում, հոգիդ լցնում են լավատեսությամբ:

Անդրանիկ Սարգսյանն էլ է երազում: Նա ցանկանում է Հայրենիքում կառուցել իր սեփական տունը, ունենալ թեյի արտադրության իր ձեռնարկությունը, որտեղ կաշխատեն բազմաթիվ մարդիկ, ծաղիկներ ու խոտաբույսեր կհավաքեն, կստանան նոր համեր ու բույրեր: Ու մի օր հայկական բնության համերն ու բույրերը կհասնեն նաև արտերկիր…

-Մարդուն երազանքներն են ապրեցնում, մանավանդ՝ եթե կարողանում ես երազանքը վերածել նպատակի ու գործել,- ասում է Անդրանիկ Սարգսյանը: -Անցյալի հիշողությունները անասելի ցավ են պատճառում, բայց ես չեմ կոտրվում, քայլում եմ առաջ՝ աչքս չկտրելով իմ նոր ճանապարհի վրա հեռվում վառվող լույսից:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1545) 26.09.2024 - 02.10.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


07/10/2024