ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ՊԱՏՎՈՎ ԿԿՐԵՆՔ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ռազմաօդային ուժերի ինստիտուտում ենք: Ուսումնական եռուն գործընթաց է՝ կուրսանտները զինվորական տարբեր մասնագիտություններ են յուրացնում։ Զրուցակիցներս առաջին կուրսեցիներն են, որոնք մինչ այստեղ ընդունվելը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում են ուսանել և ծանոթ են զինվորական գործի «այբուբենին»: Ռազմաօդային ուժերի ինստիտուտում նրանք սովորելու են իրենց նախընտրած զինվորական մասնագիտության նրբություններն ու հմտությունները՝ պարզորոշ գիտակցելով՝ հատկապես ռազմական ոլորտում գիտելիքը վստահ գործելու երաշխիքն է:
Կուրսանտ Հակոբ Գասպարյանը զինվորականների գերդաստանում է մեծացել, աչք է բացել ու համազգեստ տեսել՝ պապը, հորեղբայրը, հայրը զինվորական են:
-Հայրս շուրջ 27 տարի զինված ուժերում է: Նրա ծառայության բերումով տարբեր վայրերում ենք ապրել, տարբեր դպրոցներ եմ հաճախել,- պատմում է Հակոբն ու կատակով լրացնում,- մանկան առաջին քայլս զորամասում է եղել։
Բազմազան է Հակոբի հետաքրքրությունների շրջանակը՝ նկարչություն, քանդակագործություն, լուրջ հաջողություններ ունի նաեւ մարզական ասպարեզում: Ցանկացած ուղղությամբ էլ երիտասարդը կարող էր զգալի հաջողությունների հասնել, բայց իր համար ամենից հոգեհարազատը զինվորականի գործն է: Բացի այդ, ուզում է ավագների գործի արժանի շարունակողը լինել։
Հակոբը սկզբում նպատակադրվել էր հրետանավոր դառնալ, բայց հայրիկի հերթական զորամաս տեղափոխվելը շրջադարձային եղավ նրա համար:
-Հայրիկիս նոր ծառայավայրում հիացած հետեւում էի ինքնաթիռների թռիչքներին: Ինձ գրավեց ավիացիան, բայց «երկրային» ուղղվածությամբ՝ ընտրեցի «թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ» մասնագիտացումը: Այն նույնպես չափազանց կարևոր է: Եթե չլինեն ռադիոէլեկտրոնային սարքավորումների մասնագետները, շարժիչներ նորոգողներն ու կարգավորողները, «երկաթե թռչունները» չեն թռչի: Մենք ենք ապահովում թռչելու հնարավորությունը:
Ուսումնառության այս կարճ ժամանակահատվածում արդեն բավականին հիմնավոր գիտելիքներ է ձեռք բերել, ֆիզիկապես, հոգեպես ավելի կոփվել, ամրացել:
-Ուսումնական ամեն օրը հագեցած է՝ գնում ենք լողի, ձիավարման, սուսերամարտի, դասաժամերն էլ չափազանց հետաքրքիր են անցնում: Դասախոսները առարկան հնարավորինս պարզ ու մատչելի են բացատրում, թեմաները զուգակցում են մասնագիտական ֆիլմերով, ինչն ավելի պատկերավոր է դարձնում մատուցվող նյութը: Մենք էլ ջանք ու եռանդ չենք խնայում, որ լավ սովորենք. զինվորական բնագավառում ամեն բացթողումը կարող է վաղը ճակատագրական լինել:
-Մեր դասախոսներն ասում են՝ երկրի վրա քո գերազանց իմացությունը երկնքում հավասարազոր է բավարարի,- կրտսեր սերժանտ Արեն Պետրոսյանն է միանում զրույցին:
Բազմաշնորհ երիտասարդը եւս տարբեր նախասիրություններ ունի՝ ջութակ է նվագում, դաշնամուր, ստեղծագործում է, ժամանակին Հայաստանի պատանիների առաջնությունում 3-րդ տեղն է գրավել սամբո մարզաձեւից: Ռազմամարզական վարժարանում սովորելու տարիներին արդեն որոշել էր ռազմական օդաչու դառնալ:
-Հեշտ չէ օդաչուի մասնագիտությունը, շատ դժվարություններ կան ե՛ւ սովորելու առումով, ե՛ւ ֆիզիկական ու հոգեբանական տեսանկյունից: Բայց երբ գիտակցում ես, թե ինչ նպատակի է ծառայելու սովորածդ, այդ գաղափարը ոգեշնչում, թեւ է տալիս: Առաջին անգամ ռազմական ակադեմիա դիմելիս չընդունվեցի: Շատ տխրեցի, բայց չընկճվեցի, նպատակ էի դրել, ուրեմն՝ պիտի իրագործեի։ Զորակոչվեցի բանակ, ութ ամիս ծառայեցի ուսումնական զորամասում՝ որպես հրետանավոր, ականանետային հաշվարկի հրամանատար: Ծառայությանը զուգահեռ պարապում էի: Հրամանատարական կազմը միշտ կողքիս էր, օգնում էր, աջակցում, խորհուրդ տալիս: Այս տարի քննությունները հաջողությամբ հանձնեցի և վերջապես երազանքս իրագործեցի՝ ինքնաթիռի օդաչու եմ լինելու ու մի օր «նվաճելու» եմ երկինքը… Շատերի համար օդաչուի մասնագիտությունը ռոմանտիկ, հրապուրիչ գործ է, մինչդեռ բազում դժվարություններ կան… Ասում են՝ երկրի վրա սխալները ներվում են, երկնքում՝ ոչ: Վերևում ամեն սխալը ճակատագրական է: Ուրեմն՝ պետք է զարգանալ ու սխալներ թույլ չտալ: Ամեն օրս արդյունավետ ու նպատակային եմ օգտագործում՝ լիարժեք գիտելիք ստանալու համար: Ազատ ժամանակ ապագա օդաչուներով քննարկում ենք ինքնաթիռի հնարավորությունները, կառուցվածքը: Բարձր կուրսի տղաները առաջին թռիչքի մասին են պատմում: Ասում են՝ ամեն թռիչք յուրահատուկ է, չկրկնվող, ու ամեն թռիչքից հետո ավելի ես տարվում երկնքով: Երբ ընդունվեցի ռազմական բուհ, աշխարհն, ասես, իմն էր: Շուտով երկինքն էլ է իմը լինելու:
Կուրսանտ Վարդան Սաֆարյանն էլ ապագա ԱԹՍ մասնագետ է:
-Հիմա տեխնիկայի դար է,- շեշտում է Վարդանը,- հատկապես ռազմական տեխնիկան շատ արագ է զարգանում: Ժամանակի պահանջները թելադրում են նոր մասնագիտություն, նոր մասնագիտացում:
Վարդանն էլ «Մոնթեի» սաներից է, արդի այս ճյուղի մասին պատկերացումները, նախնական գիտելիքները վարժարանում է ձեռք բերել: Կուրսանտ Սաֆարյանը բազմազավակ ընտանիքից է:
-Մեր տնից երկու զինվորական ենք: Ավագ եղբայրս՝ Արթուրը, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով է ծառայում, ես էլ ավիացիան եմ ընտրել,- հպարտությամբ նշում է Վարդանն ու շարունակում: -Կարևորում ու սիրում ենք զինվորականի մասնագիտությունը, ուզում ենք պիտանի լինել հայրենիքին: Զինվորականի ուղին լի է բազմաթիվ դժվարություններով, բայց դա մեր ընտրությունն է: Որքան էլ դժվար լինի, պատվով կկրենք համազգեստը: Փոքր եղբայրս՝ յոթ տարեկան Նարեկն էլ է արդեն ուզում մեր շարքերը համալրել: Ասում է՝ սպասե՛ք, ես էլ եմ գալու ձեզ միանամ: Այնպես որ, մեր ընտանիքում զինվորական նոր գերդաստանի հիմքերն են դրվում:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #32 (1545) 26.09.2024 - 02.10.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում