Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ, ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ



ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ, ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ-Ինչքան ինձ հիշում եմ, երազել եմ թռչել,-ասում է ուղղաթիռային էսկադրիլիայի ղեկապետ, մայոր Գոռ Ղարիբյանը: -Երբ իմ ծննդավայր Հրազդանի երկնքում ինքնաթիռ էր հայտնվում, հայացքս չէի կտրում երկնքից, մինչև ինքնաթիռի սպիտակ հետագիծը ձուլվում էր ամպերին:

Սերը երկնքի հանդեպ երբեք չմարեց: Տարբեր հրապուրանքներ եկան ու անցան` ֆուտբոլ, ձյուդո, տնտեսագիտություն… բայց թռչելու երազանքը մնաց: Ամեն տարիքում երկինքն իր ուրույն խորհուրդն ուներ: Երբ փոքր էր, այն նույնանում էր համարձակության հետ: Պատանեկան տարիքում երկինքն ազատություն էր: Հետո ուզում էր զգալ ճախրելու բավականությունն ու վերևից նայել կյանքին:

…Երբ լսեց մարշալ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի մասին, միանգամից որոշեց, որ ռազմական օդաչու է դառնալու:

-Իմ բնավորությունը շատ հարմար է զինվորականի կերպարին,- ասում է Գոռ Ղարիբյանը: -Ես կարգուկանոն եմ սիրում: Ինքնահոսի թողնված ամեն բան, ի վերջո, սպառում է իրեն, որովհետև արդյունավետ չի օգտագործում սեփական ուժերը, չի խնայում, վատնում է: Իսկ կանոնակարգված գործունեությունը, որտեղ ամեն ինչ իր տեղում է, ճիշտ է, ժամանակին ու հավաք, հաջողության է հասնում: Ես կարգապահ եմ: Որքան էլ տաղանդավոր ու բանիմաց լինես, ցաքուցիր, թափթփված վարքը քեզ կհեռացնի առավելագույն արդյունքից: Ես նպատակասլաց եմ: Եթե որոշել եմ հասնել մի կետի, որքան էլ դժվար լինի, չեմ նահանջում, այլընտրանք չեմ փնտրում, հաղթահարելով շարժվում եմ առաջ: Ես սևեռուն եմ ու կենտրոնացած: Արագ եմ կողմնորոշվում, արագ եմ արձագանքում: Ռեժիմով ապրելն ու ամեն ինչ նախապես պլանավորելն իմ տարերքն են: …Ռազմական օդաչուի մասնագիտությունը համատեղեց բոլոր երազանքներս ու նախասիրություններս:

Առաջին թռիչքը ռազմական ավիացիոն ինստիտուտի երկրորդ կուրսում էր: Ես սպասում եմ, որ մայորը պատմի առաջին թռիչքի հետ կապված իր սուր զգացողությունների մասին, բայց նա ասում է.

-Այնքան լարված էի, որ ոչինչ չեմ զգացել, կենտրոնացել էի չսխալվելու ու տեսական գիտելիքներս ճիշտ կիրառելու վրա:

Ժամանակի հետ լարվածությունն անցավ: Ուղղաթիռը դարձավ իր մարտական ընկերը, թռչելու հաճույքը մղվեց հետին պլան՝ իր տեղը զիջելով Հայրենիքը պատշպանելու պարտքին ու պատասխանատվությանը: Ու երազանքի երանելի ճանապարհը դարձավ մասնագիտական աճի ու կատարելագորման դժվարին ուղի:

-Ճշգրտություն, անվտանգություն, հուսալիություն՝ սրանք են թռիչքի գնահատման հիմնական չափորոշիչները,-ասում է մայոր Գոռ Ղարիբյանը ենթակա աձնակազմին ուսուցանելիս: Նա մի ժամանակ մտածում էր, որ լավ ռազմական օդաչու դառնալու համար պիտի սիրես երկինքը: Հիմա, երբ տարիների ծառայողական կենսագրություն ունի, կարծիքը փոխել է:

-Լավ ռազմական օդաչու դառնալու համար պիտի հայրենիքդ սիրես:

Այս միտքը ավելի ամրապնդվեց 44-օրյա պատերազմի օրերին, երբ երկրի օդային սահմանները վտանգված էին, ու յուրաքանչյուր թռիչք կարող էր հենց երկնքում էլ ավարտվել: Բայց ոչ ոք չէր վարանում օդ բարձրանալ, նույնիսկ այն բանից հետո, երբ հրամանատարն ու զինակից ընկերները զոհվեցին մարտական առաջադրանք կատարելիս:

-Հիմա ավելի մեծ հպարտությամբ եմ կրում ռազմական օդաչուի զինվորական համազգեստս,-ասում է մայոր Գոռ Ղարիբյանը,- այն համազգեստը, որ հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրո, խիզախության ու նվիրումի պատմություն գրեց:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (1546) 04.10.2024 - 11.10.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/10/2024