Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ



ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱՏաթևիկ Հակոբյանը մասնագիտությամբ իրավագետ-մանկավարժ է: 2017 թվականից ծառայում է ՀՀ զինված ուժերում:

Տաթևիկը շատ համեստ, բայց միևնույն ժամանակ շատ համարձակ զինծառայող է: Նպատակասլաց և գրագետ սպան կարողացել է հաղթահարել նույնիսկ, ինչպես ինքն է ասում՝ անհնարին թվացող դժվարությունները: Հաջողությամբ հանձնելով ատեստավորման քննությունները՝ նա իր հետագա ծառայությունն է՛լ ավելի գրավիչ ու հետաքրքիր է դարձրել:

ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ-Երբ տեսնում էի, թե ինչպես են զորամասում շատերը պատրաստվում ատեստավորման գործընթացին, մտածում էի՝ ես չեմ կարողանա, ավելի լավ է՝ իզուր չփորձեմ, կարծես՝ վստահ չէի ուժերիս,- պատմում է լեյտենանտ Հակոբյանը: -Հետո ծառայակից ընկերներս ընդգրկվեցին քննություններին ու գրանցեցին բարձր արդյունքներ: Նրանց օրինակն ինձ ոգեշնչեց: Սպա լինելը մեծ պատասխանատվություն է, ու հասկացա, որ ես էլ պիտի փորձեմ ուժերս, ինչու չէ, լավ արդյունքներով օրինակ դառնում: Ամեն օր մարզվում էի ինքնապատրաստման ժամերին, մասնակցում մարզական միջոցառումներին: Ընկերներս օգնեցին պատրաստվել ֆիզիկական վարժությունների կատարման չափորոշիչներին համապատասխան: Շարային և կրակային պատրաստություն առարկաներին պատրաստվելը նույնքան հեշտ չէր, սակայն ամեն ինչ հաղթահարեցի, իսկ մասնագիտական գիտելիքներիս վստահ էի: Ատեստավորման քննություններին ներկայացա հնարավորինս պատրաստված: Մտածում էի անգամ «բավարար» գնահատական ստանալու մասին, բայց ես ոչ միայն հաղթահարեցի սկզբնապես անհնարին թվացող շեմը, այլև գրանցեցի լավ արդյունքներ: Արդյունքները հայտարարելիս ոգևորությունս հազիվ էի պահում: Ուզում եմ իմ օրինակով կոչ անել մյուս զինծառայողներին, հատկապես՝ կանանց, պարտադիր մասնակցել ատեստավորման գործընթացին՝ առաջնորդվելով իմ կարգախոսով՝ «Անհնարին ոչինչ չկա»:

 

ՀԱՅԿ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1546) 04.10.2024 - 11.10.2024, Ազգային բանակ


16/10/2024