Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՐԵԼՈՒ ՆՈՐ ԻՄԱՍՏ



ԱՊՐԵԼՈՒ ՆՈՐ ԻՄԱՍՏԵվս մեկ ընտանիք ապրեց երջանկության սպասված ու բերկրալի պահեր: Այս անգամ միանգամից երկու մանկան ճիչ է լսվել Սաղումյանների ընտանիքում: Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը՝ Աննան ու Մարիան: Երկու աղջիկները նոր հույս են բերել ընտանիք, որտեղ ավագ եղբոր զոհվելուց հետո տևական ժամանակ վիշտ ու տխրություն էր տիրում: Վարուժանը Տավուշի մարզի Բերդ համայնքից էր, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսանող էր: Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է ռազմական գործողությունների տարբեր ճակատներում:

 

Տավուշի մարզի համանուն գյուղում ենք, մերօրյա հերոս Վարուժան Սաղումյանի ընտանիքում։ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ծնողների կյանքը վերաիմաստավորվել է մանկան ճիչով։ Ընդ որում, մեկի փոխարեն միանգամից երկուսն են որդեկորույս ընտանիքի ապրելու նոր հույսն ու լույսը դարձել: Երեխաների մայրը՝ Անահիտ Մեջլումյանն է պատմում իրենց ապրումների, զգացողությունների մասին:

-Լուսավոր ու սպասված ծնունդը բոլորին է ուրախացրել։ Ով տեսնում, բարեմաղթանք է ասում: Մեր տունն էլ լցվել է մանկան ճիչով: Նրանք հիմա մեզ համար ամեն ինչ են՝ մեր հույսը, ուժը, ապրելու իմաստը: Վարուժանը աշխույժ, կյանքով լի տղա էր, մեր տանը լռություն չկար: Հիմա էլ մեր աղջիկները չեն թողնում, որ տանը լռություն տիրի, շարունակում են աղմուկ-աղաղակը: Մենք անչափ ուրախ ենք դրանով: Նրանք նորից մեզ ապրեցնում են: Ուրեմն՝ պարտավոր ենք ոտքի կանգնել, պինդ լինել, որ կարողանանք պահել, մեծացնել, դաստիարակել աղջիկներին այնպես, ինչպես Վարուժանին ու մեր մեծ տղային՝ Հայկին:

Սաղումյանները ևս մեկ որդի ունեն՝ քսանչորսամյա Հայկը։ Ու թեև որդու և նորածինների միջև տարիքային տարբերությունը մեծ է, համոզված են՝ ճիշտ որոշում են կայացրել։

-Դժվարությամբ եկանք էլի երեխա ունենալու մտքին, չէի կարողանում համակերպվել, որ Վարուժանից հետո կարող ենք փոքրիկի գրկել: Այնուամենայնիվ, որոշեցինք դիմել բժիշկների օգնությանը ու արդեն հունվարին իմացանք՝ զույգ է ծնվելու:

Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց, առողջական և հոգեբանական մի շարք բարդ խնդիրներ հաղթահարելուց հետո, ի վերջո, Սաղումյանները հասան իրենց նպատակին: Ոչ մի փուլում չհանձնվեցին ու պատերազմից չորս տարի անց, թեև որդու կորստի ցավը սրտում, բայց նորից ժպտում են, ապրում ու նաև ապրեցնում հերոս որդուն։

Աննան և Մարիան՝ աշխույժ ու առողջ այս փոքրիկները, կմեծանան ու դեռ կհասցնեն ծանոթանալ եղբոր գործած սխրանքներին։ Մինչ այդ ծնողներն են փաստում՝ իրենց աղջիկները որդու պես պետք է հայրենասեր մեծանան, սիրեն հայրենիքն այնպես, ինչպես Վարուժանն էր սիրում ու դեռ պատանեկան տարիքից երազում զինվոր դառնալու, զինվորական համազգեստ կրելու մասին։

-Փոքրուց սիրում էր համազգեստը: Հունվարի սկզբին ասում էր՝ մա՛մ, շուտ արա, համազգեստ գտիր, որ բանակի տոնին հագնեմ: Շատ էր սիրում իր հայրենիքը: Իր էջում քառօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակին գրառում էր արել՝ մենք բոլորս ձեզ պարտք ենք, մենք ձեր պարտքը վերադարձնելու ենք: Ու ինքն իր պարտքը վերադարձրեց իր կյանքով:

Պատերազմի առաջին օրվանից Վարուժանը ռազմաճակատում էր։ Իր բաժին կռիվը մղեց ամենաթեժ ուղղություններում՝ մինչև հոկտեմբերի 9-ը։ Կյանքը հանուն հայրենիքի չխնայած Վարուժան Սաղումյանի բազմաթիվ երազանքներ անկատար մնացին, որոնց կրողն ու ի կատար ածողը նրա նորածին քույրերն են լինելու: Այս համոզմունքով ապրող ծնողները իրենց օրինակով նաև մյուս որդեկորույս ծնողներին են հորդորում՝ չերկնչել ոչ մի դժվարությունից ու առաջ շարժվել, իսկ շարժիչ ուժը նոր ծնունդն է ընտանիքում։

-Ամենաճիշտ որոշումը երեխա ունենալն է, և ինչքան շուտ, այնքան լավ: Մենք մեր երեխաներին չենք մոռանալու, այդ ցավն ամբողջ կյանքում մեզ հետ տանելու ենք, բայց պետք է ապրենք, որ ցավին կարողանանք դիմանալ: Երբ գրկում ես փոքրիկիդ, բոլոր դժվարությունները անցյալում են մնում, մոռացվում են:

Վերջում ընտանիքի հայրը՝ Արմանն է արտահայտվում.

-Անբացատրելի է, ինչքան էլ սիրուն բառեր գտնենք, մեկ է, հնարավոր չէ լիարժեք արտահայտել մեր զգացածը: Ամեն մեկը պիտի ինքը զգա: Իմ հորդորն է որդեկորույս մյուս ծնողներին՝ նորից երեխա ունեցեք, տան մեջ երեխայի ձայն պետք է լսվի:

Ու այժմ Սաղումյանները ևս մեկ երազանք ունեն՝ Աստծո կամքով ուզում են մոտ ապագայում մեկ որդի էլ ունենալ՝ Վրեժ պետք է անվանակոչեն։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #34 (1547) 14.10.2024 - 21.10.2024, Ճակատագրեր


25/10/2024