ՀՄՏԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Ուսումնական զորամասերում շարունակվում են մասնագիտական դասերը։ Ամառային զորակոչին զինված ուժերը համալրած տղաները պատրաստություն են անցնում ծառայության հիմնական վայր մեկնելուց առաջ: Հրաձիգների, գնդացրորդների, ականանետորդների և մյուս մասնագետների առօրյայի անբաժան մասն են մարտավարամասնագիտական պարապմունքները։ Մարտավարական տարբեր դրվագների խաղարկմամբ՝ տղաները կատարելագործում են հմտությունները, յուրաքանչյուրն իր զորատեսակի մասնագետն է դառնում։ Ուսումնական տարաբնույթ խնդիրների կատարմամբ բարձրանում է նորակոչիկների պատրաստվածությունն ու դիմացկունության աստիճանը։ Նրանք ավելի լավ են պատկերացնում գործառութային պարտականությունները կատարելու առանձնահատկությունները։
Ստորաբաժանման հրամանատար Արմեն Քոչարյանի գնահատմամբ՝ նման պարապմունքները նպաստում են նաև տղաների մարտունակության ամրապնդմանը:
-Ուսումնական գումարտակները մեծ դեր են խաղում նորակոչիկների համար: Տղաները նախորոշված զորամասեր գնում են որպես պատրաստված զինծառայողներ՝ տիրապետելով զենքին, մարտավարության հիմունքներին։ Զորակոչից շուրջ երեք ամիս անց մեր զինծառայողները բոլոր առաջադրանքները կատարում են ճիշտ և ժամանակին, գերազանց առաջադիմությամբ: Լավագույններին, որպես խրախուսում, տրվում է «ազատ արձակում», ինչը ոգևորում է նաև մյուս զինծառայողներին։
Մարտավարական ուսումնավարժանքի ընթացքում ստուգվեց նաև նորակոչիկների կրակային պատրաստության մակարդակը։ Հրամանատարական անձնակազմը այստեղ ևս հետևեց, որ թերացումներ չլինեն, տղաները կարողանան լավագույնս կատարել իրենց առջև դրված խնդիրը։ Գերազանց ցուցանիշներով աչքի ընկավ շարքային Արսեն Երիցյանը: Նա Ռուսաստանից հայրենիք է վերադարձել զինվորական ծառայության անցնելու նպատակով։ Արդեն հարմարվել է բանակային կյանքին ու զինվորական երդմանը հավատարիմ՝ ցանկացած իրավիճակում պատրաստ է պաշտպանել հայրենիքի սահմանները։
-Զինվորական գործում բարդ բան չկա։ Կարևորն այն է, որ մեծ ցանկությամբ, նվիրվածությամբ կատարես քո պարտականությունները։ Միշտ գերազանց գնահատականներ եմ ստանում, բայց ամենալավը նռնականետից կրակելն է։ Այս պարապմունքները ծառայության ընթացքում կօգնեն արագ կողմնորոշվել դժվարին իրավիճակներում և ճիշտ մարտավարություն ընտրել։
Մարտավարական պարապմունքների անբաժան մասն է առաջին բուժօգնությունը։ Ինչպե՞ս մարտադաշտից դուրս բերել զինակից վիրավոր ընկերոջը, լարան տեղադրել, վիրակապել վերքը, անհրաժեշտության դեպքում՝ ներարկել։ Այս ամենը զինծառայողներին ուսուցանում է ժամկետային Գարեգին Աբրահամյանը։ Երկու ամսվա ծառայող էր, երբ հրամանատարի ուղղորդմամբ գնաց Ռազմաբժշկական կրտսեր մասնագետների պատրաստության դպրոց։ Համապատասխան դասեր անցնելուց հետո, արդեն որպես կրտսեր սերժանտ ու վաշտի սանհրահանգիչ, վերադարձավ զորամաս։
-Ես Վանաձորից եմ։ Ավարտել եմ Վանաձորի պետական բժշկական քոլեջը։ Վաշտի հրամանատարը, հաշվի առնելով իմ հմտություններն ու գիտելիքները, ինձ ուղարկեց վերապատրաստվելու։ Հիմա զորքին սովորեցնում եմ, թե ինչպես պետք է հատուկ հմտություններով տարհանել վիրավորներին՝ հաշվի առնելով վնասվածքների աստիճանը, բնույթը։
Ուսումնական փուլի ավարտին տղաները կհանձնեն ավարտական քննություններն ու հայրենիքի պաշտպանի առաքելությունն ստանձնած՝ կմեկնեն նախանշված զորամասեր։ Նրանց մի մասը հստակ որոշել է՝ ժամկետային ծառայությունը կփոխարինի պայմանագրայինով՝ դառնալով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու։
ՏԱԹԵՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարները՝ ՀԱՅԿ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ
Խորագիր՝ #35 (1548) 23.10.2024 - 30.10.2024, Ազգային բանակ